Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա: Այդ այցը կայանում է իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկից երկու օր առաջ և այն տեղեկության ֆոնին, ըստ որի՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին հորդորել է «ուրանի բոլոր պաշարները փոխանցել Ռուսաստանին»:
Ըստ աղբյուրների՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու «գրեթե լիովին համաձայնեցված ծրագիրը չեղարկելու կամ առնվազն առկախելու որոշումը Սպիտակ տունը կայացրել է մեծ դժվարությամբ»: Ու թեև ամերիկյան կողմն այդ մասին ոչինչ չի ասում, նման քայլի Վաշինգտոնը, հավանաբար, գնացել է Ռուսաստանի հետ բանակցություններն ավելի չբարդացնելու նկատառումներով:
Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Մոսկվայում վավերացում է անցել: Դաշնային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարասինը հուսով է, որ Իրանի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կվավերացնի այն, և պայմանագիրը կմտնի ուժի մեջ: Սա ակնարկ է, որ իրանական կողմն առայժմ «վերապահումներ ունի»:
Ըստ երևույթին՝ Իրանի արտգործնախարարը Մոսկվային դրանք կներկայացնի «բացված տեսքով»: ԱՄՆ-ն «կարմիր գիծ» է սահմանել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա: Նախագահ Թրամփն սպառնացել է, որ բանակցությունների ձախողման դեպքում «կարվի այն, ինչ անհրաժեշտ է»:
Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, նույնպես շահագրգռված չէ, որ Իրանը միջուկային տերություն լինի, բայց դրանում ինչպե՞ս համոզել Թեհրանին՝ չափազանց բարդ է: Այս համատեքստում ուշագրավ է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Սալման ալ-Սաուդի Թեհրան այցը, որ մեկնարկել է նույն օրը, երբ Իրանի արտգործնախարար Արաղչին ուղևորվել է Մոսկվա:
Սաուդյան Արաբիան և Իրանը հարաբերությունների կարգավորման համաձայնության են եկել մեկ տարի առաջ և Սալման ալ-Սաուդը հազիվ թե Թեհրան է գործուղվել, որպեսզի ռազմական համագործակցության հարցեր քննարկի:
Ըստ արևմտյան աղբյուրների, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը մայիսի կեսերին ուղևորվելու է Մերձավոր Արևելք, նրա առաջին կանգառը նախատեսված է Էր-Ռիյադում: Սաուդցիները խոստանում են ԱՄՆ-ում բազմամիլիարդ ներդրումներ կատարել, եթե Վաշինգոտնը դադարեցնի Գազայում Իսրայելի հարձակումները և երաշխավորի պաղեստինցիների անվտանգությունը:
Ըստ երևույթին՝ Էր-Ռիյադում մտահոգված են, որ իրանա-ամերիկյան բանակցությունների ձախողումը կվտանի Թրամփի մերձավորարևելյան շրջայցը: Բայց իրավիճակի հանդեպ Թեհրանի ընկալունակության դիմաց ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Սաուդյան Արաբիան, որ տարածաշրջանում ԱՄՆ ազդեցիկ դաշնակիցներից մեկն է:
Այս համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ այսպես կոչված «նոր աշխարհակարգի ճարտարապետությունն» այլևս դուրս է գալիս Ռուսաստան-եվրաատլանտյան դաշինք համաձայնության տիրույթից: «Աշխարհն ավելին է, քան հինգը»- օրերս կրկնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին:
Իրական քաղաքական ռեժիմում, երևում է, Թուրքիայի նախագահն ընդամենը փաստում է իրողությունը: Խդիրն այն է, թե «ո՞վ է վեցերորդը»: Եվ այստեղ, որքանով հասկացվում է, Մերձավոր Արևելքի ապագա ստատուս-քվոն սկզբունքային նշանակություն է ունենալու:
Ընդ որում, տարածաշրջանի նկատմամբ ազդեցություն ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Չինաստանը և Հնդկաստանը: Ի՞նչ կարգավորումներ են ուրվագծվում՝ անգամ ենթադրության տեղ, կարծես, չկա:
Ինտրիգային է մի հարց, Հարավային Կովկասը ռուս-ամերիկյան բանակցություններում դիտարկվում է որպես առանձին սուբռեգիո՞ն, թե՞՝ Մերձավոր Արևելքի կամ Արևելյան Եվրոպայի «օրգանական շարունակություն» կամ՝ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի, կամ Գլոբալ հարավի և Ռուսաստանի միջև «կամուրջ»:
Եթե Մերձավոր Արևելքն է որոշում նոր աշխարհակարգի ճարտարապետությունը, ապա ո՞ւմ ռեսուրսն է Հարավային Կովկասը: Թբիլիսիում առաջին անգամ հայ-վրաց-ադրբեջանական խորհրդատվություններ են մեկնարկել: Տարածաշրջանն «ինտերգրվո՞ւմ է»: Բայց ո՞ւմ «ճամբարին միանալու համար»:
Բաց մի թողեք
Փաստորեն առաջին հանդիպումից հետո բարձրաձայնված է ավելի բարձր մակարդակի նշաձողը
Ի՞նչ հիմքի վրա կարող են զարգանալ հայ-վրացա-ադրբեջանական հարաբերությունները
Հայաստանը համաձա՞յն է Ֆրանսիայի գաղափարին