Երբեմն հետաքրքիր է հարց տալ՝ ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունն այս աշխարհի համար։
Հայ քաղաքական գործիչների «ապրիլյան թեզերը» գնալով ավելի ու ավելի են հավակնում լինել պետության ճակատագրի որոշիչ։ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների թեման դառնում է համընդհանուր սանդղակ՝ բնութագրելու այն ամենը, ինչ կատարվում է երկրի ներսում եւ դրսում։
Անգամ հայրենիքից բռնի կերպով վտարված արցախցիների հանրահավաքը սկսում է ընկալվել որպես երկրի քաղաքական ճակատագրի վրա ազդող ռազմավարական կարեւոր գործոն։
Հայաստանի «պատուհանից» դուրս անհետանում է մեզ ծանոթ քաղաքական աշխարհը, եւ հայտնվում են կործանարար հրեշները։ Դժվար է իմանալ՝ փոքրիկ Հայաստանը տեսանելի՞ է արդյոք այնտեղ։ Սա մի բան է, որն արժե համառոտ քննարկել՝ ավելի լավ հասկանալու համար մեր քննարկումների լրջությունը կամ, ընդհակառակը, անիմաստությունը երկրի ներսում։
ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անվիճելի արժեքի մասին երկարատեւ խոսակցությունները ստվերել են ոչ պակաս կարեւոր այդ թեմայի շուրջ խոսակցությունները. ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունն արագորեն քայքայվող քաղաքական աշխարհում:
Մինչ օրս մեզանում միայն մի բան է հաճախ կրկնվում՝ պատերազմում մեր պարտությունը մեզ պետություն ունենալու շանս տվեց: Շատ մարդիկ կան, ովքեր հավատում են դրան: Ըստ երեւույթին, նկատի է առնվում այն հանգամանքը, որ ոչ ոք իր ներկայիս տեսքով որեւէ պատճառ չունի ՀՀ-ին զրկել անվտանգ զարգանալուց եւ գոյատեւելուց։ Ճիշտ է, սա ասողները դեռ չեն խոսում դրա երաշխիքների մասին, միայն լավագույնի հույսեր են հայտնում։
Իմ ասածը դատարկ խոսք չէ. զարգացման եւ անվտանգության հնարավորություն ունենալու համար ցանկացած պետություն պետք է միջազգային հարաբերություններում ինչ-որ արժեք ներկայացնի։ Իսկ աջակցություն ստանալը կապված է այն բանի հետ, թե ինչպես է պետությունը լուծում իր խնդիրները՝ արտաքին հետաքրքրություն առաջացնելու համար։
Այստեղ շատ հարցեր են ծագում։ Մի դարաշրջանում, երբ գոյություն ունեցող միջազգային ինստիտուտները եւ հավաքական անվտանգության համակարգը փլուզվում են, իմ փաստարկներն ավելի շատ իմաստ են ստանում, քան ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին խոսակցությունները:
Նմանապես անհիմն է հույսը, որ իրավաքաղաքական լեգիտիմությունը կկարողանա ապահովել անվտանգության որեւէ երաշխիք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս կամ այն պետությունները «պայթում» մեկը մյուսի հետեւից, եւ դա արդարացնելու համար միշտ պատճառներ են գտնվում։
Ըստ այդմ՝ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մտածելու այն մասին, թե վաղը «ինչ որ մի տեղից» իրեն ինչ կներկայացնեն։
Մինչեւ 2020-ը ՀՀ-ն միջազգային հանրության կողմից ճանաչված էր իբրեւ հետխորհրդային անկախ պետություն՝ հետխորհրդային մեկ այլ պետության՝ Ադրբեջանի հետ հակամարտ հարաբերություններով։ Այս հակամարտությունը եւ դրա հիմնախնդիրը՝ ԼՂ-ի ապագա կարգավիճակի որոշումը, օրինակարգ ճանաչվեցին, եւ ստեղծվեց հատուկ միջազգային ինստիտուտ՝ այն խաղաղ ճանապարհով կարգավորելու եւ, այդպիսով, հակամարտող պետությունների տեղը նոր աշխարհում հաստատելու համար։
Այսինքն՝ ՀՀ-ն բոլորին հասկանալի պետություն էր, որի շահերը հաշվի էր առնում ողջ աշխարհը։ Նա կառուցեց նոր իրողություններ, որոնք մի կողմ դրեցին գոյություն ունեցող կարգը:
Ոչ մի պետություն չի հերքել կարգավորման համար Հայաստանին առնչվող միջազգային դիվանագիտության սկզբունքները։ Անվտանգությունն ապահովվում էր այս պայմաններով եւ այս վերաբերմունքով։ ՀՀ-ի զարգացման ու անվտանգության պայմաններն այդ ժամանակահատվածում լա՞վ են եղել, թե՞ վատ՝ յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել, դա յուրաքանչյուր քաղաքական գործչի ճաշակի հարց է։
Առավել կարեւորն այն է, որ պետությանը վերաբերվում են եւ հետը վարվում` կախված այն բանից, թե նա ինչ դեր ունի միջազգային հարաբերություններում: Մինչդեռ քաղաքական փոփոխությունների համատեքստում առաջին հերթին գրավիչ է պետության ցանկությունը՝ կառուցելու նոր իրողություններ։ Ուրեմն՝ ի՞նչ կարող է Հայաստանը տալ աշխարհին ներկայիս տեսքով։
Այլեւս չկան այն միջազգային հարաբերությունները, որոնք կային մինչեւ 2020 թվականը: Նմանապես չկար 1990-ականների սկզբի հակամարտային հարաբերությունների աճի ժամանակաշրջանում «սառը պատերազմի» կայուն շրջանը։ Բայց հաճախ քաղաքական գործիչները գնահատում էին պահի իրողությունները՝ օգտագործելով արդեն պատմության մեջ անցած դարաշրջանների մտածողության տրամաբանությունը եւ սխալ որոշումներ կայացնում։
Այլեւս չկա ՀՀ-ն իր նախկին քաղաքական պարամետրերով. կա մի «կոճղ», որի դերն աշխարհում ոչ մեկի համար հասկանալի չէ։ Եվ ինչպես նախկինում, այնպես էլ օրվա պահի մասին դատողություններն արվում են անցյալի տրամաբանությամբ։
Փաստորեն՝ բոլորս տեսանք դա, թե որքան արժեւորվեց Հայաստանի Հանրապետությունը նախորդ տարվա ապրիլին, երբ ԱՄՆ պետքարտուղարը եւ ԵՄ նախագահը Բրյուսելում հանդիպեցին վարչապետ Փաշինյանի հետ եւ քննարկեցին Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության գաղափարը։
Հիշում եմ՝ առաջարկեցին ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլար գալիք տարիների համար։ Հասկացողները հասկացան, որ միջազգային «շուկայում» Հայաստանը հենց այդքան է գնահատվում։ Եվ Բրյուսելում դա է տեղի ունենում:
Հետեւաբար՝ ամենահրատապ հարցն այսօր հետեւյալն է. ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետությունն իր ներկայիս տեսքով եւ ինչո՞ւ այն դեռ պետք է անկախ գոյության իր իրավունքի համընդհանուր ճանաչման ու միջազգային մակարդակում բավարար աջակցության արժանանա:
Այս ամենը վերստին ձեռք բերելու հույսը, որ կա հայ քաղաքական դասի մեջ, թե արդեն գոյություն չունեցող ժողովրդավարական ուժերի ճամբարում կարելի է իր համար տեղ ապահովել ժողովրդավարացման եւ մեկուսացման քաղաքականություն վարելով՝ միամտություն է։
Իհարկե, քննարկելու դեռ շատ բան կա:
Մանվել Սարգսյան
Բաց մի թողեք
Ուժեղ հայկական պետականությունն է, որը կլինի նաև հայերի պաշտպանության գրավականը
Իրադարձությունների հետագա ընթացքից և ընդհանրապես իրականությունից կտրված չմնալու համար
Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է մոդուլային ատոմակայանների կառուցում …