24/04/2025

Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»

Մարտին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել էր ռուս-ուկրաինական հակամարտության 30-օրյա համապարփակ զինադադար հաստատել։

Ուկրաինան համաձայնել էր, Ռուսաստանը՝ չէր համաձայնել, ավելի ճիշտ՝ նա առաջ էր քաշել պայմանների երկար ցուցակ։

30 օրվա փոխարեն Կրեմլը կանգ է առել 30-ժամյա հրադադարի գաղափարի վրա:

Սուրբ հարության տոնից մեկ օր առաջ՝ ապրիլի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միակողմանի զինադադար է հայտարարել Ուկրաինայում Զատկի տոնին՝ նշելով, որ այն կտևի մինչև կիրակի՝ ապրիլի 20-ի կեսգիշեր՝ ասելով, որ ինքը գործում է «մարդասիրական» նկատառումներով։

Ավելի քան երեք տարվա պատերազմից հետո Ուկրաինայում նման հայտարարությունը թերահավատորեն է ընդունվել։

Ապրիլի 20-ի Զատկի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին սոցցանցերում գրել է, որ «ռուսական բանակը փորձում է հրադադարի ընդհանուր տպավորություն ստեղծել, սակայն որոշ տեղերում չի հրաժարվում առաջխաղացման և Ուկրաինային կորուստներ պատճառելու անհատական փորձերից»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այլ տեսակետ ունի. ռուսական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ «հատուկ ռազմական գործողության տարածքում գտնվող ռուսական բոլոր զորքերը ապրիլի 19-ից՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից (ՀՀ ժամանակով՝ 19:00-ից) խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և պահել իրենց դիրքերը»։

Ռուս զինվորականները նաև փոխադարձորեն մեղադրել են Ուկրաինային հրադադարը խախտելու մեջ։

Ռուսաստանի նախաձեռնած Զատկի զինադադարը կարո՞ղ է լինել Վլադիմիր Պուտինի PR հնարքը, թե՞ սա մարդասիրություն է և իրական քայլ պատերազմն ավարտելու ուղղությամբ:

Ինչ ակնկալիքներ ունի ՌԴ նախագահը և ինչ տողատակ կա առաջարկի տակ

ՌԴ նախագահը հրադադարի մասին հայտարարել է Կրեմլում ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։

Աշխարհի տարբեր ծայրերում փորձագետներն ու քաղաքական գործիչները թերահավատորեն են ընդունել հրադադարի հայտարարությունը: Եվ սա հիմնավորված է:

Դժվար չէ ենթադրել, որ 30-ժամյա հրադադարը ոչ այնքան խաղաղության հասնելու, այլ ավելի շատ Սպիտակ տան հետ լավ հարաբերությունները պահպանելու համար է: Օվալաձև աշխատասենյակ Դոնալդ Թրամփի վերադարձից ի վեր Պուտինը զբաղված է Վաշինգտոնի հետ հարաբերությունները շտկելու և համագործակցության նոր դարաշրջանի ճանապարհ հարթելու փորձերով:

Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնյաների (ներառյալ անձամբ Թրամփի) վերջին հրապարակային հայտարարությունները հուշում են, որ ԱՄՆ վարչակազմն անհամբեր է դառնում Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայության պատճառով: Թրամփը նույնիսկ ուղիղ սպառնացել է հրաժարվել խաղաղ համաձայնագրի միջնորդությանն ուղղված ջանքերից, եթե դա, իր կարծիքով, դժվար իրագործելի կամ անհավանական թվա:

Միակողմանի զինադադար հայտարարելով, թեկուզ՝ կարճատև, Կրեմլը կարող է պնդել, որ Ռուսաստանն է և ոչ թե Ուկրաինան, որ հավատարիմ է խաղաղությանը:

Մոսկվան առաջինն է մեղադրել Կիևին հրադադարի ռեժիմը խախտելու և ռազմական գործողությունները շարունակելու մեջ։

Չմոռանանք, որ այս կարճատև հրադադարը հայտարարվել է գործնականում առանց նախապատրաստության։ Պուտինի՝ ապրիլի 19-ին արած հայտարարությունը կողմերից ոչ մեկին՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ուկրաինային, ժամանակ չի տվել դրան լիարժեք պատրաստվելու համար:

Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»

Գաղտնիք չէ, որ վերջին շաբաթներին միջազգային դիվանագիտությունը ակտիվորեն փորձում է դադարեցնել ռուս-ուկրաինական մարտերը։

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆը երկու ամսվա ընթացքում երեք անգամ հանդիպել է Պուտինի հետ։ Վերջերս էլ Կրեմլի առաջնորդի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը թռել էր Վաշինգտոն։

Զելենսկին փորձում է ստեղծել հակառակ պատկերը կամ ներկայացնում է իրականությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ թե միայն ռուսական կողմից զատկային հրադադարը խախտելու հայտարարություններ է հնչեցրել, այլ նշել, թե հրադադարի պայմաններում ռուսների կողմից ծանր զինատեսակներ են կիրառվել:

«Օրվա սկզբից մինչև ժամը 16։00-ն իրականացվել է ընդհանուր առմամբ 46 ռուսական գրոհային գործողություն տարբեր ուղղություններով և 901 գնդակոծություն, որից 448-ը՝ ծանր զինատեսակներից», – ապրիլի 20-ի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վկայակոչելով Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարի զեկույցը։

Նա նաև նշել է, թե հրադադարն էլ, կրակոցներն էլ կրելու են հայելային բնույթ՝ «լռություն՝ ի պատասխան լռության, հարվածներ՝ ի պատասխան հարվածների»։

«Ուկրաինական բանակը գործում է և կշարունակի գործել ամբողջովին հայելային տարբերակով: Այս Զատիկը հստակ ապացուցեց, որ պատերազմի միակ աղբյուրը և դրա երկարաձգման պատճառը Ռուսաստանն է:

Մենք պատրաստ ենք շարժվել դեպի խաղաղություն և ամբողջական, անվերապահ և ազնիվ զինադադար, որը կարող է տևել առնվազն 30 օր, սակայն Ռուսաստանը դեռևս չի արձագանքել դրան»,- ասել է Զելենսկին։

Զատկային հրադադարն ընթացել է մեծաթիվ գերիների փոխանակմանը զուգահեռ

Բացի զատկային հրադադարից, ապրիլի 19-ին, երկու կողմերը հայտարարել են ռազմագերիների մեծ խմբի փոխանակման մասին։

«Լավագույն նորություններից են, որոնք կարող էին լինել: Եվս 277 զինվոր վերադարռնում է տուն ռուսական գերությունից»,- գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Արաբական Միացյալ Էմիրություններին միջնորդության համար:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր «246-ը 246-ի դիմաց» բանաձևով փոխանակման մասին՝ հավելելով, որ «որպես բարի կամքի ժեստ», բացի նախապես սահմանված թվից, ևս 31 վիրավոր ռազմագերի ՌԴ-ից կտեղափոխվի Կիև՝ 15 վիրավոր ռուս ռազմագերիների դիմաց։