Նորություն չէ, որ ղարաբաղյան թեմատիկան, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին թիրախավորելու և նրանց նկատմամբ ատելության խոսք տարածելու հանգամանքը շահարկվում է շահագրգիռ հայտնի խմբերի, դրանց սպասարկող ԶԼՄ-ների կողմից և օգտագործվում ընդդեմ իշխանության։
Առնչվում ենք մի վտանգավոր իրողության՝ հայ ժողովրդի տարբեր խմբերի տարբերակմանը, այսպես ասած սորտավորմանը՝ «հայաստանցի» և «ղարաբաղցի»։ Այս տարբերակումը, նկատենք, նոր ֆենոմեն չէ, սակայն վերջին տարիներին, մասնավորապես ԼՂՀ-ի բռնի հայաթափումից հետո, գերզգայուն արձագանքների է արժանանում։
Անշուշտ, որևէ սուբյեկտի կամ սոցիալական խմբի՝ անկախ իր ծննդավայրից, ծագումից, սոցիալական կարգավիճակից, քաղաքական հայացքներից և այլ առանձնահատկություններից, թիրախավորելն ու այդ հիմքով վերջինիս հասցեին ատելության խոսք տարածելը դատապարտելի է, սակայն մասնավորապես արցախահայության պարագայում գործ ունենք ակնհայտորեն ուռճացվող և քաղաքական նպատակներով օգտագործվող քարոզչության հետ։
Երբ, օրինակ, որևէ արցախցի՝ շարքային քաղաքացի կամ հանրային, քաղաքական գործիչ, անողոք քննադատում է ՀՀ իշխանությանը, ընդհուպ՝ ոչ նորմատիվային բառապաշար կիրառում ՀՀ կառավարության, վարչապետի հասցեին արտահայտվելիս, վերջինիս խոսքի որակին վերոհիշյալ շահագրգիռ խմբերը՝ ատելության խոսքի դեմ պսևդոպայքարիչներն ու նրանց սպասարկող ագիտպրոպը, որևէ առարկություն չեն ներկայացնում, ավելին՝ նմանատիպ խոսքի «ամենահյութեղ» հատվածը դարձնում են հրապարակման վերնագիր և տիրաժավորում։
Բայց բավական է, որ որևէ հայաստանցի քննադատի «իքս» արցախցու և հիշեցնի «աչքի վերևի ունքի» մասին, միանգամից, անվարան մեղադրվում է «արցախցիներին թիրախավորելու» մեջ։ Մեկ այլ ունիկալ երևույթի էլ այժմ ենք ականատես՝ երբ ԼՂՀ փաստացի իշխանությունների նկատմամբ ոչ բարեհաճ, ընդդիմադիր հայացքներ ունեցող արցախցիները հանրային ելույթներ են ունենում և քննադատում իրենց իշխանությանը, նույն այդ ագիտպրոպը նրանց պիտակում է որպես «Նիկոլի, ՔՊ-ի համակիր» կամ «Սամվել Բաբայանի աջակից»՝ այսպիսով նեգատիվ լույսի ներքո մատուցելով վերջիններիս խոսքն ու գործողությունները։
Արձանագրենք՝ արցախցի Սամվել Բաբայանը, որպես գործիչ, ևս թիրախավորվում է ընդդիմադիր քարոզչամեքենայի կողմից, և այն նույն խմբակը, որը արցախցիների իրավապաշտպանության դիրքերից է հանդես գալիս, ծպտուն անգամ չի հանում մեկ առանձին վերցրած արցախցուն թիրախավորելու, նրա նկատմամբ ատելության խոսք գեներացնելու հետ կապված։ Սա, համաձայնեք, նոր, իրականում այլանդակ, խեղաթյուրված խոսք է իրավապաշտպանության, ատելության խոսքի դեմ պայքարի ասպարեզում։
Մի խումբ արցախցիների կողմից ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության առջև տեղի ունեցած ակցիան առիթ տվեց վերստին անդրադառնալու այս խնդրին։ Ակցիայի մասնակիցները, նշենք, Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Սամվել Շահրամանյանից պահանջում էին պատասխան տալ արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ։
Խոսքը «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի գումարների մասին է, որի միջոցները, ինչպես նշել է ակցիայի մասնակից, հասարակական գործիչ Արթուր Օսիպյանը՝ «գնացել են կոնկրետ ուժերի ներկայացուցիչների, ովքեր Շահրամանյանին բերել, դրել են այդ պաշտոնին»։ Օսիպյանը թեև անուններ չի հնչեցրել, սակայն նշել է, որ խոսքը 48 սուբյեկտի մասին է: «Դատախազությունը մեզնից լավ գիտի անուն-ազգանունները»,- նշել է նա։
Եվ ահա, այս միջոցառումից հետո, Օսիպյանն ու նրա հետ ակցիա կազմակերպած մյուս արցախցիները, քանի որ բողոքը հասցեագրել էին ոչ թե ՀՀ իշխանությանը, այլ որպես ԼՂՀ նախագահ հանդես եկող Սամվել Շահրամանյանին, պիտակվեցին որպես «նիկոլական» և «սամվելբաբայանական»։
Հարկ է նկատել, որ ապրիլի 11-ին «Արցախի տեղեկատվական շտաբ» կոչվող ֆեյսբուքյան էջը հայտարարություն էր տարածել, թե «տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով»։
«Այդ նպատակով օգտագործվում են նաև Արցախում իրենց քայքայիչ և պառակտիչ գործողություններով աչքի ընկած, այսպես կոչված, որոշ գործիչներ։ Նպատակը մեկն է՝ պառակտել և թույլ չտալ, որ հանուն սեփական իրավունքների պաշտպանության արցախցիները հանդես գան միասնական ճակատով»,- նշված էր հայտարարության մեջ, որի հեղինակները՝ ԼՂՀ կառավարության պատասխանատուները, փաստորեն, իրենց հերթին են թիրախավորում տարբերվող դիրքորոշում ունեցող, ԼՂՀ իշխանություններին պահանջներ առաջադրող արցախցի գործիչներին՝ նրանց անվանելով «քայքայիչ» և «պառակտիչ»։
Այ եթե Օսիպյանենք միանային Ազատության հրապարակի վրանում շաբաթներ շարունակ նստող ու ՀՀ կառավարությանը 11-կետանոց պահանջագիր ներկայացրած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին, նրանց գործողություններն ու պահանջները չէին մեկնաբանվի որպես «քայքայիչ», իրենք էլ չէին թիրախավորվի որպես «նիկոլական» կամ «Սյամոյի ուղարկած մարդիկ»։ Թե ովքեր են իրականում պառակտիչն ու ովքեր՝ ՀՀ-ում հակաիշխանական հուզումներ ու վտանգավոր գործընթացներ գեներացնող տարրերը, թող դատեն արցախցիները։
Հարկ է նկատել, որ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցների յուրացման մասին մեծ աղմուկ բարձրացավ 2023-ին՝ ԼՂՀ բռնի տեղահանումից հետո։ Արցախցի գործիչ, «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հիմնադրամի՝ 30 խոշոր փոխառությունների (շահառուների) ցանկը՝ կից գրելով. «Առաջին հորիզոնականը՝ Սերժի փեսու Մաղավուզի քարածխի հանքն է… Մնացածին ինքներդ ճանաչեք… Շնըճանճին պյունին նիեկածչի բիդեիք ա օղրաշներ…»։
Առաջին հորիզոնականում «Ար Փաուեր» ՍՊԸ-ն է, որն ունի 18,067,265, 723.80 պարտավորություն, ստացել է 13, 379,207, 288 դրամ նպատակային փոխառություն։ Պետրոսյանի այս հրապարակումից հետո Ս. Շահրամանյանը, 2023 թվականի նոյեմբերին 8-ին առերևույթ հանցագործությունների մասին տեղեկությունները հաշվի առնելով, դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով, որ «նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Շահրամանյանը նաև հորդորել էր քաղաքացիներին՝ ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին: Այս դիմումի հետքերով վարույթ է նախաձեռնվել ՔԿ-ում և Հակակոռուպցիոն կոմիտեում, Շահրամանյանն էլ 2024-ի փետրվարին հարցաքննվել է։
Նշենք, որ Արցախի ներդրումային հիմնադրամը ստեղծվել է 2007թ.՝ ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն է Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամը, որն այլևս չի գործում, հիմնականում իրականացրել է ԱՀ-ում մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը։ Արցախի ներդրումային հիմնադրամից շահառուներին գումարները տրամադրվել են տարեկան 0.1 % տոկոսադրույքով։
Հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել են միլիոնավոր դոլարներ և դրամներ Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Տվյալ գումարները հանդիսացել են ՀՀ հարկատուների կողմից մուծված հարկերի հանրագումարը։ Պնդումներ կան, որ այդ գումարներն իրականում չեն ծառայել հիմնադրամի նշված նպատակներին և նախապես ծրագրավորված սխեմաներով Արցախի և Հայաստանի նախկին իշխանությունների հովանու ներքո յուրացվել են մի խումբ անձանց կողմից։
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության կողմից գործարկվող «acblog.am» հակակոռուպցիոն հրապարակումներով հանդես եկող կայքը հետաքննություն էր իրականացրել և գրել, որ «Հիմնադրամին վերջին տարիների ընթացքում ՀՀ-ից փոխանցված 467 մլն դոլարը յուրացվել է Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական էլիտայի և կրիմինալի ներկայացուցիչ 48 ընտանիքի կողմից», որոնց թվում են ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմ՝ Արցախի ոստիկանության պետի նախկին տեղակալ Կոմիտաս Կարապետյանը, Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը և այլք։
Ի դեպ, վերջինիս կնոջ ղեկավարած ՀԿ-ից սնվող կայքը, ինչպես նաև փեսա Միշիկի հետ աֆիլացված մի շարք կայքեր ակտիվ լուսաբանում էին ԼՂՀ ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած ակցիան, և կարծես հասկանալի է, թե ինչու էին ակցիայի մասնակիցներին թիրախավորում որպես «Սամվել Բաբայանի աջակից»։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
ԱՄՆ – ՌԴ – Ուկրաինա բանակցությունները փակուղի են մտնում, միջուկային պատերազմի վտանգը մեծանում է
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն