24/04/2025

Կապանի քաղաքապետին տուգանել են

Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն` 300 հազար դրամ:

«Հրապարակը» գրում է․ Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը եւ բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա «Գրիգ Բիզնես» ՍՊԸ-ի հետ տեխսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է` Գրիգոր Փարսյանը:

Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման: Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է:

Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում: Նկատենք, որ իշխանությունը նրա դեմ տրամադրվել է այն բանից հետո, երբ Կապանի քաղաքապետը ջերմ ընդունելության էր արժանացրել Սյունիք ժամանած Բագրատ սրբազանին։

Մե՛կ նրա սուբվենցիաների փաստաթղթերն էին քրքրում, մե՛կ նրա հոր, եղբոր ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը: Հիմա էլ, ահա՝ տուգանք: