Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշանավորվում է պետական մակարդակով անտարբերությամբ ու փաստացի ուրացման քաղաքականությամբ, որը որդեգրել ու հետեւողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ հաճոյանալով իր թուրք «եղբայրներին», փորձելով արժանանալ Էրդողանի բարեգթությանը, որը, նրա պատկերացմամբ, կարող է զսպել Ալիեւի ախորժակն ու մոտեցնել այդքան չարչրկված խաղաղությանը:
Հրապարակ թերթը գրել է․ Այս ֆոնին զարմանալի չէ, որ ցեղասպանության տարելիցին ընդառաջ պետական մակարդակով ո՛չ միջոցառումներ, ո՛չ տեղեկատվական արշավ նախատեսված չէ, ինչն արվում էր նախկինում՝ մինչեւ 2018, անգամ՝ մինչեւ 2021 թվականը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում՝ նորությունների բաժնում վերջինը ապրիլի 12-ի մի լուր էր՝ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները. նոր ժամանակավոր ցուցադրություն ՀՑԹԻ-ում» վերնագրով, իսկ վարչապետի ու նախագահի պաշտոնական կայքերում ընդհանրապես այս թեմայով որեւէ ինֆորմացիա չկար: Տեղեկացանք միայն, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախատեսում է պետական արարողակարգը, ապրիլի 24-ի առավոտյան կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թե ինչ շեշտադրումներով կլինի ապրիլքսանչորսյան ուղերձը, սարսափով կարելի է ենթադրել՝ դատելով վարվող քաղաքականությունից ու իշխանության գալուց ի վեր՝ հռետորաբանության տրանսֆորմացիայից:
Չնայած ՀՀ կառավարության 2021-26 թթ․ ծրագրում խոսվում է «44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության» մասին, նշվում, որ Հայաստանը շարունակելու է «ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական եւ ռասայական հողի վրա խտրականության եւ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ պայքարին», որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»:
Այս ձեւակերպումների հեղինակ իշխանությունն այսօր հայտարարում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը «թիվ մեկ առաջնահերթություն չէ»: Նման հայտարարություն 24-ի հոկտեմբերին ԱԺ-ում արել էր ԱԳ նախարար Միրզոյանը: Փաշինյանն ավելի հեռուն էր գնացել` 2025 թ. հունվարին շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարելով, թե «դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու եւ ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը»։
Իշխանության գալուց հետո իր առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում՝ 2019-ին, ազգայնական դիրքերից հանդես եկող ու Մոնթեին նմանակող Փաշինյանն անգամ պայքարից էր խոսում, հայտարարում, որ «ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաեւ զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից»: «Պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի, մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,- ասում էր նա:
Մեկ տարի անց՝ 2020-ին, ցեղասպանության 105-րդ տարելիցի տեսաուղերձում` Ծիծեռնակաբերդի բարձունքից, նա ցեղասպանության ճանաչումը համարում էր «ոչ միայն մեր ազգային, այլեւ համամարդկային օրակարգի հարց», խոսում էր Օսմանյան Թուրքիայի հայատյաց քաղաքականության մասին. «Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետեւանքները: Առայսօր Թուրքիան կատարվածի համար որեւէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք եւ պահանջում»: Եվ պաշտոնապես արձանագրում էր ժամանակակից Թուրքիայի ժխտողականությունը, մինչդեռ այդ ելույթից 5 տարի անց ժխտողականության հեղինակն ու թուրքական թեզի կրկնողն ինքն է: Նույն ուղերձի վերջում գոռում էր․ «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե հայկական սփյուռքը»:
2021-ին էլ Նիկոլ Փաշինյանը դեռ միանշանակ պատասխան ուներ ու գիտեր 1915-ի մեղավորներին. «Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ եւ ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության եւ ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը»: Ավելին` նա համարում էր, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են»:
Արդեն 2022-ի ապրիլի 24-ին նա հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը», եւ խոսեց «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ» վարելու եւ «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու» մասին։
Հաջորդ` 2023-ի ուղերձում արդեն նա խոսում էր «ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությունից» եւ «տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու կամքից»:
Փաշինյանի` 2024-ի ապրիլքսանչորսյան ուղերձն այնքան խայտառակ էր, որ դրան արձագանքեց անգամ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը: «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»,- ահազանգում էր ինստիտուտը՝ շեշտելով «Փաշինյանի խոսքի ակնհայտ համընկնումները Թուրքիայի եւ Ադրբեջանի ժխտողական քաղաքականության առանցքային կետերի հետ»: Լեմկինի ինստիտուտն անհանգստացնող էր համարել արդեն նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի հայտարարությունը եւս, որով նա կասկածի տակ էր դրել Թուրքիայից պահանջատիրության իրավական հիմքերը, եւ կարկառուն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի ամոթալի առաջարկը՝ ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու վերաբերյալ: Իր թրքահաճ ուղերձում Փաշինյանը որեւէ բառ չէր ասել ագրեսորի՝ Թուրքիայի մասին, անգամ Օսմանյան կայսրության հիշատակումը չկար: Փոխարենը ցեղասպանվելու մեղքը փորձել էր դնել զոհերի վրա՝ հայտարարելով, թե «այլեւս երբեք»-ը պետք է ոչ թե ուրիշներին, այլ «ինքներս մեզ ասենք», պետք է «դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը» եւ աշխարհն ու մեզ չընկալենք «Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո»։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր