12/05/2025

Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է մոդուլային ատոմակայանների կառուցում …

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտնել է, որ Երևանում հանդիպում է ունեցել ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։

«Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,-հայտնել է դեսպան Քվինը:

Դեսպանն այլ մանրամասներ չի ներկայացրել, թե ինչ է քննարկել ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ: Ամերիկյան ընկերությունը ունի միջուկային էներգետիկայում աշխատանքի մեծ փորձ: Այն սկսում է 1930-ական թվականներից:

Վաղուց հայտնի է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է մոդուլային ատոմակայանների կառուցում, թեև ինքը Միացյալ Նահանգներն այդ հարցում գտնվում է դեռևս պիլոտային փուլում: Միջուկային էներգետիկայի ոլորտում գործակցության թեման հիշատակվում է նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունում, որը հունվարի 14-ին ստորագրվեց Վաշինգտոնում:

Այն, որ դեսպան Քվինը հանդիպում է միջուկային ոլորտի ընկերության հետ և քննարկում Հայաստանին վերաբերող հարցեր, կարո՞ղ է լինել վկայություն, որ չնայած ադմինիստրացիայի փոփոխությանը, այդ հարցում ԱՄՆ հետաքրքրությունը փոխված չէ: Չէ՞ որ դեսպանը շարունակում է իր աշխատանքը գոյություն ունեցող օրակարգերով, քանի դեռ չկան այսպես ասած նոր ցուցումներ կամ հանձնարարականներ:

Միջուկային էներգետիկայի հարցը Հայաստանի թե՛ էներգետիկ, թե՛ լայն իմաստով պետական անվտանգության համատեքստում, իհարկե, առանցքային, ռազմավարական նշանակության հարց է, հատկապես նկատի ունենալով, որ սահմանափակ է գոյություն ունեցող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը:

Սակայն այդ իմաստով կարևորագույն հարցերից մեկը այն է, թե ինչպես է լուծվելու Մեծամորի ատոմակայանի այլընտրանքի հարցը, կամ այլ կերպ ասած՝ նոր ատոմակայանի հարցը: Մոդուլային ատոմակայանները չեն կարող լինել լիարժեք փոխարինող, որովհետև դրանց տրամաբանությունը, և մասշտաբից բխող ռազմա-քաղաքական, ըստ այդմ՝ անվտանգային նշանակությունն է տարբեր:

Հետևաբար, մոդուլային ատոմակայանները լինելով, իհարկե, էներգետիկ ոլորտում տարբերակվածության և անվտանգության բարձրացման հետաքրքիր հնարավորություն, այդուամենայնիվ, չեն կարող դառնալ Մեծամորի ատոմակայանից հրաժարվելու, և, ըստ էության, ընդհանրապես՝ մեծ ատոմակայանից հրաժարվելու փաստարկ:

Հայաստանին անհրաժեշտ է մեծ ատոմակայան, որովհետև միջուկային էներգետիկան, ատոմակայանի առկայությունն ապահովում է թե՛ էներգետիկ կարողություն, թե՛ կարողություն քաղաքական սուբյեկտության ու անվտանգային համալիրի իմաստով:

Սա է նաև պատճառը, որ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն «ընկած» են Հայաստանն այդ ռեսուրից զրկելու գործին՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով:

Այդ տեսանկյունից Հայաստանի համար ռազմավարական խնդիր է մեծ ատոմակայանի կառուցման հարցով բանակցել թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ հնարավոր գործընկեր բոլոր երկրների հետ, որոնք ունեն տեխնոլոգիա, ֆինանսներ, Հայաստանի հետ այդ հարցում պայմանավորվելու հետաքրքրություն և ցանկություն: