Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատիժները կխստացվեն: Նման որոշում է ընդունվել ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստում։
Հրապարակ թերթը գրել է․ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով:
Մարդու իրավունքների մասին կենացներ ասող իշխանությունների համար փաստացի մարդու կյանքը զրո արժեք ունի, և փոխանակ իշխանությունը հասկանա, թե ինչն է թերի անում, որ մարդիկ վախենում են, խուսափում են վարժական հավաքներին մասնակցելուց, բանակում ծառայելուց, դեռ մի բան էլ պատիժներն է ավելի խստացնում:
Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Խոսքը վարժական հավաքներից խուսափելու մասին է: Այս տարվա պատկերը դեռևս ամփոփված չէ, սակայն այս չորս ամիսների ընթացքում հարուցված գործերի թիվը համեմատության մեջ չի նվազել:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ասել է, որ վարժական հավաքներից խուսախելու և քրեական վարույթ նախաձեռնելու հարցը ՊՆ-ի տիրույթում չէ: Թորոսյանից հետաքրքրվեցինք` որքա՞ն գումար են տրամադրում քաղաքացուն` 25-օրյա վարժական հավաքի համար, գուցե փոքր գումար է եւ մարդիկ չեն ուզում իրենց հիմնական աշխատանքից կտրվել եւ ավելի պակաս վաստակել, քան իրենց աշխատատեղում են վաստակում: Ասաց, որ գումարի չափը կախված է, թե տվյալ անձն ինչ զինվորական հաստիքի է նշանակվում: Բայց սովորաբար ստանում են իրենց դրույքաչափին համարժեք գումար:
Մեզ նաև պարբերաբար քաղաքացիներ են դիմում, իրենց դժգոհությունը հայտնելով, որ դեպքեր են լինում, որ նույն անձին ամեն տարի պարտադիր վարժական հավաքի են կանչում, սակայն կան քաղաքացիներ, որոնք երկու-երեք տարվա մեջ այդպես էլ ծանուցում չեն ստացել զինկոմիսարիատներից` հավաքներին ներկայանալու պահանջով:
ՊՆ խոսնակն անդրադառնալով այդ խնդրին նշեց. «Եթե կան կոնկրետ դեպքեր, որ նույն անձին տարվա մեջ մի քանի անգամ, կամ երկրորդ տարին անընդմեջ ընդգրկում են վարժական հավաքների, խնդրում եմ փոխանցեք մեզ տվյալները»:
Հարցին` իսկ ի՞նչ պարբերականությամբ պետք է քաղաքացիները ընդգրկվեն վարժական հավաքների, Թորոսյանն ընդգծեց. «Ինչ-որ պարբերականություն հստակ նշված չէ, կախված, թե ինչ մասնագիտությամբ են ընդգրկվում վարժական հավաքին»:
Բաց մի թողեք
Դատավորը վատացել է, նիստը հետաձգվել
«Հիշողություններ մանկությունից եւ որբությունից». գիրք`ցեղասպանությունից հետո որբացած հայ մանուկների մասին. Լուսանկար
3 տարի, 3 դատավոր. ՊՆ նախարարի խորհրդականի որդու հանգամանքը խառնաշփոթ է առաջացրել