26/04/2025

Ի՞նչ բարդությունների կբախվի Միացյալ Թագավորությունը կամ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան

Ամերիկյան Bombardier Global 7500 օդանավը, Ֆլորիդայից օդ բարձրանալով, Մոսկվայի ժամանակով 09:40-ին հատել է Ռուսաստանի սահմանը:

Որոշ ժամանակ անց ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը տեղեկացրել է, որ այն վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում: Ամենայն հավանականությամբ, Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ապրիլի 25-ին նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը:

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրոն ամերիկյան CBS հեռուստաընկերության թղթակցին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երևի աշխարհի միակ առաջնորդն է, որ ընդունում է ուկրաինական հակամարտության արմատական պատճառները։

Խոսքը, անկասկած, այն մասին է, որ, ըստ ամերիկյան աղբյուրների՝ Վաշինգտոնը պատրաստ է ճանաչել Ռուսաստանին Ղրիմի պատկանելիությունը, բայց այդ մասին ԱՄՆ նախագահի տեսակետն ավելի շատ այն մասին է, որ Ուկրաինան այլևս չի կարող ռազմական ճանապարհով Ղրիմը վերադարձնել:

Ավելին՝ Թրամփը բացահայտ հասկացրել է, որ Զելենսկին կարող է «կորցնել ամբողջ երկիրը», եթե պատերազմը շարունակվի ևս երեք տարի: Եթե դա նշանակում է, որ ԱՄՆ նախագահը ճանաչում է ուկրաինական հակամարտության արմատական պատճառները, ապա Մոսկվան, կարծես, աշխատում է, որպեսզի Թրամփն «ավելի ընկալունակ գտնվի»:

Ուիթկոֆի մոսկովյան ուղևորությանն ընդառաջ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կայուն հրադադարի նախապայմանը չորս տարածքներից ուկրաինական զորքերի հեռացումն է:

Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մասին է, որ Ռուսաստանը համարում է իր «սահմանադրական տարածք»: Մեկ շաբաթ առաջ «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը մեկնաբանել էր, որ այդ մարզերի միավորման մասին 2022 թվականի հոկտեմբերի 4-ի սահմանադրական օրենքով դրանք Ռուսաստանի կազմի մեջ են մտել այդ պահին ռուսական վերահսկողության տակ գտնված տարածքով: Երևում է, այդ մոտեցումը Կրեմլի հետ համաձայնեցված չէր կամ անցած օրերին «ինչ-որ բան է փոխվել»:

Ըստ երևույթին՝ դրանով է պայմանավորված, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն վերստին հիշեցրել է միջուկային զենք կիրառելու իրավունքի մասին, եթե Ռուսաստանը կամ Բելառուսը ենթարկվեն անգամ սովորական սպառազինություններով հարձակման:

Այդ սպառնալիքը, ամենայն հավանականությամբ, եվրոպական «եռյակի» նկատմամբ աշխատել է: Լոնդոնից տեսակետ է հնչել, որ Ուկրաինայում բրիտանական զորախմբի տեղաբաշխումը կարող է «ռիսկային լինել»:

Կարելի է կանխորոշված համարել, որ կարգավորման ցանկացած տարբերակ բացառում է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների վերականգնումը: Խնդիրն այն է, թե տարածքային ի՞նչ կորուստներ կարող են իրավաբանորեն ամրագրվել:

Ռուսաստանը մերժում է հակամարտությունը դե ֆակտո սառեցնելու տարբերակը: Արտգործնախարար Լավրովը, ոչ առանց թափանցիկ սարկազմի, Վաշինգտոնին, Բրյուսելին և Կիևին խորհուրդ է տվել «այդ հարցում կողմնորոշվել»:

Խնդիրն ակնհայտորեն դուրս է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման ֆորմալ հայտարարությունների տիրույթից: Եվրոպական մի քանի երկրներ ունեն «սեփական Ղրիմը և Դոնբասը», և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «ինքնորոշման շքերթ» չի սկսվի, եթե ուկրաինական հակամարտությունը կարգավորվի Ռուսաստանի տարածքային նվաճումների իրավական ճանաչման հիմքով:

Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, համարում է, որ ԱՄՆ-ն նման սցենարներից ապահովագրված է: Կարելի է համարել, որ դա հիմնավոր համոզմունք է: Բայց աշխարհը Ռուսաստանով և ԱՄՆ-ով չի ավարտվում:

Ի՞նչ կարող է տեղի ունենալ հենց նույն Ուկրաինայում, որտեղ այլ փոքրամասնություններ են ապրում և նույնպես կարող են «ինքնորոշվել»:

Ի՞նչ բարդությունների կբախվի Միացյալ Թագավորությունը կամ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվում են Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն «լուծարելո՞ւ» մասին: