«Կոմերսանտի» թղթակիցը ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Սամարղանդ այցի ընթացքում դիվանագիտական «կուրյոզի» ականատես է դարձել:
Ըստ նրա նկարագրածի՝ երբ Լավրովն այցելել է «Սգացող մայրը» հուշարձանի տարածք, որպեսզի ծաղկեպսակ տեղադրի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների մորը խորհրդանշող կոթողի պատվանդանին, նկատել է, որ «Դուք հավերժ իմ սրտում եք, իմ սիրելիներ» գրությունը երկլեզվյա է՝ ուզբեկերեն և անգլերեն:
Թեև փորձառու դիվանագետ Լավրովը, այնուամենայնիվ, թույլ է տվել խախտել պատշաճության սահմանը և հարցրել. «Որտեղի՞ց են ձեզ մոտ անգլիացիներ հայտնվել», ինչին էքսկուրսավարը պատասխանել է, որ «քաղաքը զբոսաշրջային է»:
Լավրովը հակադարձել է. «Ռուսերենը չեմ տեսնում»: «Կոմերսանտի» թղթակիցը հատուկ ընդգծել է, որ միջադեպին ներկա՝ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սայիդովը «չի միջամտել»:
Լավրովը Ուզբեկստանում ռուսերենի մասին խոսել է արդեն համատեղ մամուլի ասուլիսին, որին ներկա է գտնվել նաև նախագահ Միրզիեևը:
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ուզբեկստանում մեկ միլիոն ռուսախոս բնակչության կա, որ առօրյայում գործածում է մայրենի լեզուն: Նա դրվատել է նախագահ Միրզիեևին, որ հոգ է տանում, որպեսզի երկրում ազգամիջյան համերաշխությունը չխախտվի, նպաստում է ռուսաց լեզվի պահպանմանը:
«Կոմերսանտը», մինչդեռ արձանագրել է, որ պաշտոնական Տաշքենդը Լավրովին պատասխանել է խորհրդարանի պատգամավոր Ադիլժոն Թոջիևի մակարդակով. «Օտար լեզվի արհեստական ներմուծումը ոչ թե սեր է ծնում, այլ հակառակ զգացմունք: Հարգանքը չեն պահանջում, այն գալիս է ինքնին, բնականաբար: Եթե Մոսկվայի կենտրոնական հրապարակում ուզբեկերեն գրություն հայտնվի, մենք, երևի, կմտածենք»:
Ակնհայտ է, որ Լավրովի հարցը՝ «որտեղի՞ց են ձեզ մոտ անգլիացիներ հայտնվել» և ուզբեկ պատգամավորի պատասխանը, որ հարգանքը չեն պահանջում, այն գալիս է ինքնին, բացարձակապես քաղաքական բանավեճի դրսևորումներ են:
Լավրովը Սամարղանդ է այցելել նույն քաղաքում Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովից քսան օր անց: Փաստացի նա հարցրել է․ «Սամարղանդում ի՞նչ գործ ունեն եվրոպացիները», իսկ նրան պատասխանել են, որ համագործակցություն չեն պահանջում, այն պետք է բնական լինի:
Հատկանշական է, որ Լավրովի Սամարղանդ այցը պաշտոնապես նվիրված է Հաղթանակի օրվա տոնակատարությունների նախապատրաստմանը: Այսինքն՝ Մոսկվան Ուզբեկստանի նախագահ Միրզիեևի հետ «ժամացույց ճշտելու» անհրաժեշտություն է ունեցել՝ մայիսի 9-ին նա մասնակցելո՞ւ է Վլադիմիր Պուտինի հաղթահանդեսին:
Ուզբեկստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, կմեկնի Մոսկվա, բայց կմասնակցի՞ «Մեծ Եվրասիա» նախագծի ոչ պաշտոնական «շնորհանդեսին», որ, ինչպես հասկացվում է այդ օրը նախատեսված հանդիպումների անոնսից, Ռուսաստանի նախագահը, երևի, մտադիր է ներկայացնել ԱՊՀ անդամ պետությունների առաջնորդներին:
Մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Դրան հետևել է Սամարղանդ Լավրովի այցը, որի ընթացքում, ինչպես «Կոմերսանտն» է ներկայացրել, բացահայտվել են ռուս-ուզբեկական լուրջ տարաձայնություններ:
Կենտրոնական Ասիայի առաջատար երկրները Ղազախստանը և Ուզբեկստանն են: Եթե Մոսկվային չհաջողվի «կոտրել» Տոկաևին և Միրզիեևին, ապա «Մեծ Եվրասիա» նախագիծն աշխարհաքաղաքական ակտուալությունը կկորցնի: Վլադիմիր Պուտինը Կենտրոնական Ասիայի նկատմամբ ի՞նչ գործիքակազմ կկիրառի:
Բաց մի թողեք
ՍԱՍ-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանին․ Լուսանկար
ԱՄՆ – ՌԴ – Ուկրաինա բանակցությունները փակուղի են մտնում, միջուկային պատերազմի վտանգը մեծանում է
Մոսկվան Եվրամիության հետ դիմակայությունը «տրանզիտով» տեղափոխում է Կենտրոնական Ասիա