Գյումրիում այսօր ակցիա է անցկացվել․ կարճատև ժամանակով փակվել է Սայաթ-Նովա փողոցի՝ դրամատիկական թատրոնի դիմացի հատվածը՝ ի նշան բողոքի և զգուշացման:
Խնդիրը կապված է այդ տարածքում առկա, հետիոտնի անցման համար նախատեսված գծանշման հետ, որը բազմաթիվ վթարների և վրաերթերի պատճառ է դառնում: 5 օրում վրաերթի 2 դեպք է գրանցվել այդ հետիոտնային անցման վրա:
Ակցիայի մասնակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին՝ ճանապարհը մի պահ փակում են, քանի որ տարիներ շարունակ բարձրացվող այս խնդրի լուծման այլ ելք արդեն չեն տեսնում:
«Դուք, օրինակ, կարո՞ղ եք վթարն ու վրաերթը միանգամից տարբերակել ձայնով: Ես կարողանում եմ, եթե վրաերթ է, հետիոտնի տարիքն եմ կարողանում արդեն ճիշտ գուշակել: Սա վատ իրականություն է, որում ամեն օր ես ապրում եմ: Ըստ մեր Սահմանադրության՝ մարդը բարձրագույն արժեք է, իսկ էդ բարձրագույն արժեքն էստեղ 5 րոպեն մեկ վրաերթի է ենթարկվում: Մի քանի անգամ ես, էս թաղամասի բնակիչները բարձրացրել ենք հարցը տարբեր ատյաններում, բայց ինչպես տեսնում ենք, լուծում չկա:
Մենք «մահվան զեբրա» ենք դրել էս անցման անունը․ երեկ ես էլ բարեհաջող անցնելուց հետո մտա մեր վաճառատուն, աշխատակիցներին ասեցի՝ մատուռ եմ սարքելու, մոմ վառենք, անցնենք, որովհետև հույս չկա անվտանգ անցնելու:
Հարցը ոչ թե զեբրայի հանելն է, որովհետև էս տարածքից անընդհատ անցուդարձը կա, դիմացն էլ դրամատիկականն է, ահավոր մեծ շարժ է մշտապես, այլ գոնե լուսացույց լինի, արգելագոտի լինի, կամ մի ինչ-որ լուծում»,- ասաց տարածքի վաճառակետերից մեկի սեփականատեր Արամ Գրիգորյանը:
Գյումրու դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ խնդիրը հրատապ կարգավորման կարիք ունի, վթարներն ու վրաերթերը հաճախակի են դարձել:
«Ես ինքս վարորդ եմ ու չեմ կարող ասել, որ վարորդներն են մեղավոր: Լինում է, որ հետիոտներն էլ որտեղից պատահի, անցնում են: Բայց կիսալուրջ, կեսկատակ ասեմ, որ էստեղից անցնելիս խաչակնքվում ենք: Պետք է իրավասու մարմինները լուծում գտնեն, պարտադիր չէ, որ դժբախտ դեպք լինի, նոր լուծում գտնվի: Եթե թատրոնից դուրս է գալիս հանդիսատեսը, առավել ևս՝ պատանի հանդիսատեսը, պետք է անվտանգություն ապահովվի»,- ասաց Հարությունյանը:
Թատրոնի աշխատակիցն ասաց՝ վտանգը կրկնապատկվում է հատկապես ներկայացումների օրերին: Ստիպված են լինում, եթե երեխաներ են հանդիսատեսները, իրենք էլ միանան ուսուցիչներին և ծնողներին, հերթապահություն անեն փողոցում, մինչև բոլորը անվտանգ հեռանան տարածքից:
«Դուք չեք պատկերացնե, գյուղերից գուկան ավտոբուսներով, երեխեք են, մեկը հետ կեղնի, մեկը՝ առաջ: Մեքենան մեկը կկանգնի, մյուսը չի զիջե: Էն օրը էլի մե երեխեմ ընկավ մեքենայի տակ: Ըդպես օր չկա, որ դեպք չեղնի, հնարավոր չէ՞ լուծում, գոնե սվետաֆոռ դնեն: Կխնդրենք, որ լուծում էնեն, անհնար է արդեն»,- ասաց նա:
Վերջին վրաերթը ապրիլի 24-ին է եղել: Մեքենան հարվածել է ծնողների հետ փողոցը հատած 2007 և 2020 թվականներին ծնված քույրիկների: Երեխաները տեղափոխվել են մանկական հիվանդանոց, սակայն չեն հոսպիտալացվել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն ասաց՝ փոքրի մոտ ախտորոշվել է ձախ անրակոսկրի կոտրվածք, մեծն ունեցել է ծնկի հատվածում քերծվածքներ: Երեխաները ստացել են բուժօգնություն, գնացել տուն:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2 անչափահասի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2-ը ճանաչվել են տուժող:
Բաց մի թողեք
Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը ․․․
Ոչ թե պասիվություն ենք դրսևորել, այլ՝ ակադեմիական գրագիտություն․ Սուվարյան
107 պատգամավորներին ուլտիմատում – նամակներ են ուղարկվելու