26/04/2025

Ոչ թե պասիվություն ենք դրսևորել, այլ՝ ակադեմիական գրագիտություն․ Սուվարյան

Նախօրեին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ ներկայացվեցին ԳԱԱ 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները։

Հրապարակ թերթը գրել է․ Ժողովին եւ դրա մանրամասներին առանձին անդրադարձ եղավ «Հրապարակ»-ում, որտեղ, ի թիվս մի շարք հանգամանքների, նկատել էի, որ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ԳԱԱ տարեկան ժողովում մշտապես սուր ելույթներ ու քննադատություններ էին հնչում, բանավեճեր ծավալվում, այս տարվա ԳԱԱ ժողովն անցավ պասիվ մթնոլորտում: Գուցե նաեւ այն պատճառով, որ նոր օրենքով եւ ֆինանսավորման կրճատումներով պայմանավորված՝ ԳԱԱ համակարգն արդեն իսկ երերում է: Եվ գիտնականները որոշել են խախուտ նավն ավելի շատ չճոճել:

ԳԱԱ հայագիտության եւ հա­սա­­րակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-­քար­տու­ղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, սակայն, համաձայն չէ, որ գիտնականները զգուշավոր էին ու պասիվ։ «Մենք սկսել ենք քաղաքակիրթ ակադեմիական ոճով մեկնաբանել ամեն ինչը,- մեզ հետ զրույցում ասաց նա ու շարունակեց,- օրինակ՝ ես առաջարկեցի ամբողջությամբ փոխել ամբողջ կառավարման համակարգը, իսկ դա նշանակում է, որ այն, ինչ իրենք ծրագրում են՝ ակադեմիական քաղաք եւ այլն, ինստիտուտների միավորում բուհերին, այդ ամբողջի հիմքը համարվում է խախուտ։ Իշխանյանը եւս շատ քաղաքավարի ձեւով ներկայացրեց այն խնդիրները, որոնք վերաբերում են Ակադեմիային, եւ նշեց, որ Ակադեմիայի քաղաքականությունն այն է, որ ինստիտուտները չտարվեն բուհեր։ Այսինքն՝ եղան նման հարցադրումներ, բայց եղան քաղաքավարության, էթիկայի շրջանակներում, չեղան այնպիսի ելույթներ, որոնք կտրուկ էին, խիստ էին․․․»։

Իսկ ո՞րն է պատճառը, որ չեղան կտրուկ, խիստ ելույթներ։ «Այս տարվա ժողովի առանձնահատկությունն այն էր, որ ավելի ակադեմիական, բարձր մակարդակով էին արտահայտում գաղափարներն ու մտքերը»,- ասաց Սուվարյանն ու հորդորեց նայել իրենց՝ բաժանմունքի ժողովի որոշումը, որտեղ հստակ առաջարկել են, թե ինչ պիտի արվի Ակադեմիայի եւ հայաստանյան գիտության համար։

Այդուհանդերձ, գուցե պատճառն այն էր, որ ինստիտուտների ֆինանսավորման կրճատումներով պայմանավորված՝ գիտնականները չուզեցին առճակատման գնալ։ «Ոչ, ոչ, եթե պարոն Իշխանյանի ելույթի մեջ խորանաք, այնտեղ շատ խորը դիտարկումներ կային, որոնք առնչվում էին հենց Ակադեմիայի ապագային։ Նա շատ հմտորեն ցույց տվեց, որ պետության տված գումարը գիտությանը ընդամենը 0.4 տոկոս է կազմում, իսկ երկրներ կան՝ 4.5-5.5 տոկոս հատկացումներ են անում իրենց երկրի գիտությանը, եւ հետո հարցադրում արեց, որ էլ ավելի պիտի ավելացնեք, քանի որ եղած ֆինանսավորումը գիտության համար բավարար չէ։ Ժողովի ժամանակ մակարդակն այնպիսին էր, որ մարդիկ ակադեմիական բարձր կուլտուրայով էին իրենց ասելիքն ասում, եւ անսովոր է դա թվացել, թե պասիվ են ու խաղաղ․․․

Չէ, հանգիստ չեն մարդիկ, մենք միշտ պաշտպանել ենք մեր շահերը, հիմա էլ պաշտպանում ենք, այնպես որ՝ մի կարծեք, թե պասիվ է, ընդհակառակը՝ ուղղակի մեր ակադեմիական բարձր մակարդակը պահպանելով՝ ցույց ենք տվել, որ Ակադեմիան պետք է պահպանվի որպես հայաստանյան գիտության ապագա։ Մենք ակադեմիական մակարդակ ենք դրսեւորել, ոչ թե պասիվություն։ Ի՞նչ կտար, եթե մենք էլ կանգնեինք ու սրան-նրան վատ խոսքեր ասեինք՝ ցույց տալու համար, որ մե՞նք էլ կարող ենք վատ խոսքեր ասել․ դա մեզ չի սազի»,- նկատում է զրուցակիցս։

Ակադեմիական մակարդակով հնչեցված դիտողությունները որքանո՞վ են տեղ հասնում, հատկապես որ ԳԱԱ-ի հիմնական առարկությունը՝ գիտական ինստիտուտները բուհեր չտանելու, չի ընդունվել ԿԳՄՍՆ-ի կողմից։ «Նման հարցադրման համար համապատասխան, հիմնավոր հիմքեր չկան, եթե ասում ենք՝ Ակադեմիա, հասկանում ենք գիտություն, եթե Ակադեմիայից տանում եք ինստիտուտները, էլ Ակադեմիան որպես ի՞նչ է մնում․․․»։

Ժողովին ներկա ՀՀ նախագահ Վ․ Խաչատուրյանը, օրինակ, ճի՞շտ հասցեատեր էր ընտրել, երբ ժողովի ժամանակ հանդիմանեց գիտնականներին, որ երկրում առկա է 25% աղքատություն եւ 12% գործազրկություն։ «Այսօր (երեկ՝ Ս․ Ա․) Ծիծեռնակաբերդում ինձ հարցրին՝ ինչպե՞ս է մեր այսօրվա վիճակը, եւ ես բացատրել եմ՝ մենք ամեն կերպ աշխատում ենք գիտական լեզվով խնդիրների վիճակը ներկայացնել, հիմա ամեն մեկը մի բան է ասում, բոլորին չենք կարող անդրադառնալ, բայց մենք մեր խոսքն ասում ենք եւ ձգտում ենք գիտության խոսքը մակարդակով ներկայացնել»։
Հիմա, օրինակ, կիրառական գիտության ոլորտում պետությունն իջեցնո՞ւմ է պետպատվերներ, երբ դժգոհում են, որ մեզ հարիր չէ 25 տոկոս աղքատությունը։ «Ես անցած ու նաեւ այս տարվա ժողովում էլ դա եմ ասել՝ պետական պատվերների համակարգը, որպես այդպիսին, մեր իրականության մեջ չի կիրառվում, եւ գիտության կառավարման բարեփոխման առաջնային խնդիրն այն է, որ սահմանվեն պատվերներ, դրանք կատարվեն, եւ դրանցով էլ իրենց աշխատանքը գնահատվի։ Ամենաառաջին թերությունը հենց դա է, որ չկա պատվեր, պետությունը մեզ պետք է տա որոշակի գումար ու նաեւ ասի՝ ինչի համար են տալիս այդ գումարը, մենք դա ենք պնդում, որ լինի, իմ ելույթում ես դրա մասին նշեցի»,- ասում է ակադեմիկոսն ու ընդգծում՝ հայաստանյան տնտեսության, պետականության ապագան կապված է գիտության հետ, իսկ գիտությունը պետք է լինի Ակադեմիայում․ «Այլ տարբերակ չունենք, սա է ճիշտը, ես դրա մասին բազմիցս եմ նշել։ Հիմա ելնել աշխարհի առանձին երկրների ոչ ճիշտ փորձից, ավանդույթը խախտել, տանել ինստիտուտները միացնել բուհերին, մենք այդպիսով հայաստանյան գիտությունը լավ վիճակի մեջ չենք դնի։ Մենք ամեն ձեւ ասում ենք դա, բայց ասողին նաեւ լսող է պետք։ Ես՝ իմ 60-ամյա գիտակրթական փորձով, վստահ եմ, որ բուհը պետք է լինի առանձին, Ակադեմիան՝ առանձին ու զբաղվի գիտությամբ, եւ դրանց մեջ ստեղծվեն համագործակցության կապեր ու մրցակցությոն։ Հիմա եթե բոլորը կենտրոնացնեք ԵՊՀ-ում, ո՞ւմ հետ պիտի մրցեն այդ հաստատությունները։ Չի կարելի այդպես, հետո՝ Ակադեմիան առանձին խնդիրներ պետք է լուծի՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման ու հազար ու մի խնդիրներ կան։ Ակադեմիան պետք է պահպանվի»։

Դեռ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով ԳԱԱ համակարգից ինստիտուտները դուրս բերելու հարցին՝ Ժ․ Անդրեասյանը նշել էր, որ չի հասկանում, թե այստեղ որն է խնդիրը։ «Կոնֆլիկտն այն է, թե ով պետք է կառավարի…»,- ասել էր նա: «Մենք շատ մեծ դժվարությամբ ենք տնօրեններ ընտրում, որովհետեւ դա բարդ խնդիր է, եւ այդտեղ որեւէ շահ չենք փնտրում եւ աշխատում ենք միայն մի սկզբունքի համար՝ փնտրում ենք համապատասխան մարդիկ, որոնք կկարողանան գիտությունը ղեկավարել եւ լինել լուրջ գիտնական։ Այդ իրենք են, որ շահերից ելնելով են մարդկանց ընտրում, մենք նման բան չենք անում։ Եվ երբ ասում ենք՝ Ակադեմիան պահպանվի, նկատի չունենք մեր անձնական շահերը, նկատի ունենք հայաստանյան գիտության, տնտեսության եւ անվտանգության ապագան, մենք երբեք մեր անձնական շահով չենք առաջնորդվում, մենք շատ բանի ենք հասել այս կյանքում եւ որեւէ սպասելիքներ չունենք այդ ջահելների նման»,- եզրափակում է ակադեմիկոսը։