Դեռ 2019 թվականին ՔՊ-ական կառավարիչները խոստանում էին, որ Երեւանի ցայտաղբյուրների վրա փականներ են տեղադրելու: Այս մասին անգամ ամպագոռգոռ ստատուսներ էին գրում իրենց էջերում: Վստահեցնում էին, որ «Վեոլիա ջուր» կազմակերպության հետ պայմանավորվել են՝ փականային համակարգի ներդրման միջոցով նվազեցնել ջրի կորուստը։
Հրապարակ թերթը գրել է․ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվի Երեւանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր»,- այն ժամանակ գրել էր Էդուարդ Աղաջանյանը, իշխանական մամուլն էլ տիրաժավորում էր նրա գրառումը: Անցել է 6 տարի, բայց սայլը նույն տեղում է, իսկ Նիկոլ Փաշինյանը շվանիձորցիներին է մեղադրում, թե` պուլպուլակի վրա փական չունեք, դրա համար էլ ջուր չունեք եւ, առհասարակ` ատամ լվանալ էլ չգիտեք:
Ռեզերվուար չկա՝ էդ ջուրը հավաքելու, փականն ի՞նչ է անելու
Սյունիքի Շվանիձոր համայնքում գյուղացիները վարչապետին հարցնում էին, թե ինչու իրենց գյուղում ջրի հարցը ոչ մի կերպ չի լուծվում: Էդ պահին վարչապետի ականջն ինչ-որ չռռոց ընկավ՝ ասաց. «Էս ի՞նչ ջրի ձեն ա, խի՞ չեք մի բան դնում, փակում, չի կարելի, ես էն օրը կառավարության նիստում ասում եմ հետեւյալը…», ու գնաց՝ ատամ լվանալու պատմությունը, թե` եթե ամեն մեկն ատամ լվանալիս 5 վայրկյան քիչ ջուր օգտագործի, Շվանիձորի նման 62 բնակավայր ջուր կունենա: Գյուղացիները բացատրում են, որ ռեզերվուար չկա՝ էդ ջուրը հավաքելու, փականն ի՞նչ է անելու, եթե ջուրը հավաքեին, դա ուրիշ, բայց մի երկու ամսից էս ջուրն էլ չի «չռռա», որովհետեւ գարնանային ձնհալի ջուրն է: Այսինքն՝ լավ կլիներ, որ մինի ջրամբար կառուցվեր, ինչը նախկինում պլանավորված է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կառուցվել: Բայց Նիկոլն անդրդվելի է՝ փական, հա փական: Գյուղացին գյուղացի չի, որ ասի՝ բա էդ փականները Երեւանում 6 տարի ա՝ ինչո՞ւ չես կարողանում դնել: Գլուխ էիր գովում, թե հեսա բոլոր պուլպուլակների վրա փականներ եք դնելու` ո՞ւր է: 6 տարին բավարար չէ՞ր՝ էդ հարցը լուծելու համար: Երեւանը՝ քթիդ տակ, թողել, եկել ես Սյունիքի ստորգետնյա ջրերի վրա ես ուզում փականներ դնել:
«Վեոլիայի» տնօրենը ցայտաղբյուրների փականներից տեղյակ չէ
Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության տվյալների, Երեւանի շուրջ 3 հազար ցայտաղբյուրները միասին տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր ջուր են օգտագործում: Միջին ճնշմամբ, միջին թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Ընկերության մասնագետները հաշվարկել են, որ ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելով, ջրի ծախսը կնվազի գրեթե 10 անգամ: Ակնհայտ է, որ այդ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն ավելի քան շոշափելի էր լինելու, բայց ոչինչ չարվեց: Փականների ծրագիրը տապալվեց: Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որն այսօր ԱԺ պատգամավոր է, այս ծրագրի ճակատագրին այլեւս չի հետեւել: Նրան հարցրինք` իրեն չի՞ հետաքրքրում, թե իր իսկ սկսած պիլոտային ծրագիրն ինչ վախճան ունեցավ, ինչո՞ւ Երեւանի ցայտաղբյուրների վրա այդպես էլ փականներ չդրվեցին: «Տրամաբանական կլիներ՝ այսօրվա աշխատակազմի ղեկավարին հարցնեիք: Այն ժամանակ քովիդը եղավ, հետո՝ պատերազմ, դրանից հետո ես աշխատակազմի ղեկավար էլ չեմ եղել»,- պատասխանեց նա` որպես հարցի հասցեատեր մատնանշելով բացառապես իր փիառով զբաղված Արայիկ Հարությունյանին:
«Վեոլիա ջուր» ընկերությունից գրավոր հարցում ուզեցին, մենք համացանցից իրենց իսկ տրամադրած մեկ այլ գրավոր հարցման պատասխան գտանք` «Ալիք մեդիային» տրամադրված: Գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը գրում է, որ ցայտաղբյուրների փականներից ոչ մի տեղեկություն չունի: Անգամ տեղյակ չէ, թե քանիսի վրա փականներ կան, քանիսի վրա՝ ոչ: «Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների շահագործման եւ պահպանման համար»,- պատասխանել է տնօրենը եւ հայտնել, որ 2022-ի մայիս-հունիսին անցկացված գույքագրման համաձայն՝ Երեւանում կա 3 հազար 398 ցայտաղբյուր։ «Ինչ վերաբերում է հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների վրա ջուրը փակելու հարմարանքների տեղադրմանը, ապա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այժմ նման նախաձեռնություն չունի»,- նշել է Շահինյանը։
Ջուրը որ կանգնում է, տաքանում է
Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը մեզ պատմեց, որ Երեւանի ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու գործը տապալեցին հենց բնակիչները: «Մեր ցայտաղբյուրները քաղաքի ինքնության մասն են կազմում, դրանց առանձնահատկությունն այն է, որ ջուրը միշտ գալիս է: Շատ արհեստական եղավ փականներ տեղադրելը: Որոշ տեղերում հենց մարդիկ իրենք եկան, հանեցին, շպրտեցին, բակերում ընդհանրապես մեծ բողոք եղավ»,- ասաց նա: Մնացականյանը դեմ չէ փականներ տեղադրելու գաղափարին, բայց դա պետք է լինի միայն բակերում, ծայրամասերում, ոչ տուրիստական վայրերում: «Դա ծիծաղելի կորուստ է, իրականում: Այլ բան է, որ Երեւանի քաղաքապետարանը չի կարողանում «Վեոլիա ջրի» հետ գրագետ աշխատել: Ֆրանսիացիները հարյուրավոր միլիոններ ծախսում են գիտության, տեխնոլոգիաների վրա, բայց Երեւանը գործնականում չի օգտվում այդ ֆրանսիական կորպորացիայի հնարավորություններից»,- ասում է Վիկտոր Մնացականյանը:
«Վեոլիա ջուր» ընկերության «Արեւելք» տարածաշրջանի նախկին տնօրեն Կարապետ Օհանյանը եւս բնակչության բողոքով է բացատրում ծրագրի տապալումը: «Մենք հանդիպեցինք մարդկանց կոշտ պատասխանին: Դրած փականը կես ժամից ջարդում-գցում էին գետնին, որովհետեւ, նախ` ջուրը որ կանգնում է, տաքանում է, երկրորդ՝ մարդիկ այդ պուլպուլակի ջրով ջրում-ոռոգում էին իրենց բակերի բուսականությունը, որը չկար: Երրորդն էլ՝ ՏԻՄ մարմինները մեզ չաջակցեցին փականներ դնելու հարցում: Մի սարքն այն ժամանակ 7-8 հազար դրամ էր, մի 10-15 հատ դրեցինք Կենտրոնում, բայց ջարդում-գցում էին, ու ոչ ոք պատասխան չէր տալիս: Աշխարհում տարածված այդ պրակտիկան Հայաստանում չանցավ»,- բացատրում է Կ. Օհանյանը:
Հիմնական կորուստը գողությունն է
Հետաքրքրվեցինք, թե ցայտաղբյուրների կամ աղբյուրների պատճառով ջրի այդքան մեծ կորուստնե՞ր են լինում: «Իհարկե, ոչ: Այնքան չկա, ինչքան որ ուռճացնում են: Դա կորուստների իրական թվում չնչին տոկոս է: Հիմնական կորուստը գողությունն է, որի դեմ պայքարելը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ե՛վ մեծ օբյեկտներում, խոշոր սպառողների կողմից, ե՛ւ մասնավոր սեկտորում ահռելի ջրագողություն է տեղի ունենում»,- ասում է մասնագետը: Նա նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 2 տարիներին անում է ամեն ինչ, որ մարդկանց ուղեղի մեջ ամրապնդի գաղափարը, թե ջուրը քիչ է, ջուր չկա, պատրաստվեք, որ ջուր չի լինելու: «Մենք այնքան ջուր ունենք այսօր էլ, որ մի քանի Հայաստանի կբավարարի, բայց մենք ունենք շատ վատ կառավարման համակարգ: Չգիտեմ, թե ինչու է նա մշտապես, սազն առած՝ «Վեոլիային» պաշտպանում, եւ ինչ կապ կա իր եւ ֆրանսիական ընկերության միջեւ, բայց այսօր, տեսնելով, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, հասկանում եմ, որ մեր 12-13 տարվա աշխատանքը 2 տարում հավասարեցրին զրոյի: Ջուրն այսօր նավթին հավասար ռեսուրս է: Ինչո՞վ ենք մենք երաշխավորված, որ այդ ջուրը վաղը, մյուս օրը չեն արտահանի այլ երկրներ` ցիստեռններով, ժողովրդին էլ չեն ասի՝ ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ասում էինք` ջուր չկա, դե յոլա գնացեք: Փոթիից Վրաստանը, օրինակ, մի 2-3 տարի առաջ տանկերներով ջուր էր արտահանում Սաուդյան Արաբիա»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»