Այս երկարուձիգ տասնամյակների ընթացքում մարդիկ ինձ հաճախ են հարցում՝ «հույս կա՞»: Չգիտեմ, թե նրանք կոնկրետ ինչ նկատի ունեն, բայց ենթադրում եմ, որ խոսքը հույսի սոցիալ-քաղաքական-պատմական ընկալման մասին է:
Օրինակ, «նախորդ դարերի ընթացքում մեր ժողովրդի հետ տեղի է ունեցել այսինչ բանը, բայց հետո…»: Կամ ավելի ընդհանրական՝ «երբ բոլոր դռները փակվում են, վերջը մի դուռ բացվում է»: Այդպիսի հույսը մարդկանց վախերի եւ տագնապների շարունակությունն է: Ավելին՝ դա թշնամիների կամ ընդդիմախոսների հույսերի հայելանման արտացոլումն է:
Ենթադրենք, մենք հույս ունենք, որ ինչ-որ ձեւով պաշտպանելու ենք մեր ազգային արժանապատվությունը եւ կկարողանանք պահպանել հայկական պետականությունը: Մինչդեռ թուրքերն ու ադրբեջանցիները հույս ունեն, որ կշարունակեն ոտնահարել մեր արժանապատվությունն ու կոչնչացնեն հայկական պետականությունը:
Կամ, եթե նույն օրինաչափությունը տեղափոխենք Հայաստանի ներքին կյանք, հասարակության մի մասը հույս ունի, որ Փաշինյանը ցմահ չի թագավորելու, որովհետեւ վախենում է, որ հակառակ դեպքում նրա իշխելու ամեն մի տարին ու ամեն մի ամիսը մեզ նորանոր կորուստներ է բերելու:
Իսկ նիկոլականները, հակառակը, հույս ունեն, որ Փաշինյանի իշխանությունը շարունակվելու է տասնամյակներ, որպեսզի նա կարողանա մինչեւ վերջ պատժել բոլոր «նախկիններին» եւ «ղարաբաղցիներին», որոնցից մեծամասնությունն, իրենց կարծիքով, 100 հազար դոլարանոց սեւ ջիփեր ունի: Ինչի՞ վրա են հույս դրել ընդդիմադիրները:
Որ Պուտինը մի լավ կջղայնանա Փաշինյանի վրա իր «եվրոպական» խաղերի պատճառով եւ կորոշի ինչ-որ ձեւով իշխանություն փոխել: Հայելանման ձեւով իշխանության կողմնակիցները հույսը դրել են Մակրոնի եւ ինչ-որ պայմանական Շարլ Միշելի վրա, որոնք, ըստ այդ կողմնակիցների, ամեն օր բացականչում են՝ «Ախ, ինչ հրաշալի դեմոկրատ տղա է Փաշինյանը, երբեք պետք չէ թույլ տալ, որ նա զրկվի իշխանությունից»:
Կամ՝ նույն «հակամարտող կողմերը» հույսեր են փայփայում՝ «հեսա ժողովուրդը մեկ մարդու նման դուրս կգա փողոց եւ պաշտոնանկ կանի Փաշինյանին»: Եվ հակառակ կողմից՝ «հեսա ժողովուրդը մեկ մարդու նման դուրս կգա եւ կպաշտպանի մեր Նիկոլին»:
Ոչ, այդպիսի «հույսերին» ես հակված չեմ, որովհետեւ դրանց իրականացումն ինձնից կախված չէ: Կարեւոր չէ, թե ինչից է կախված՝ պատմության ընթացքից, «ժողովրդի կամքից», սրա կամ նրա աջակցությունից: Իմ իսկական հույսը կախված չէ որեւէ մեկից, կախված չէ հանգամանքների բարեհաջող կամ անբարենպաստ դասավորումից:
Այդ հույսը պայմանավորված է բացառապես իմ գործողություններով եւ իմ ընտրությամբ: «Մարդն ազատ չէ պայմաններից: Բայց նա ազատ է որոշակի դիրք ընդունել դրանց հանդեպ: Պայմաններն ամեն ինչ չէ, որ որոշում են: Մարդուց է կախված՝ սահմանափակումներով հանդերձ, արդյոք նա կհանձնվի՞, արդյոք կենթարկվի՞ պայմաններին»: Այս բառերի հեղինակ ավստրիացի հոգեբան Վիկտոր Ֆրանկլը հույսը չէր կորցրել անգամ համակենտրոնացման ճամբարում: Որովհետեւ ամենակարեւոր լծակները նրա ձեռքում էին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Ինչ փուլում է Մարտի 1-ի գործը
Կրակոցները նպատակ ունեն խաթարելու երկրի ներքին կայունությունն ու հանրային անդորրը․ Եղոյան
Տգիտության հերթական դրսեւորումն է՝ այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում