Թուրքիայի իշխանություններն ու Փաշինյանը նույն լեզվով են խոսում ու նույն բանն են ասում․ առաջինը՝ թուրքերեն, երկրորդը՝ հայերեն: Ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման ամենամեծ ու այս իշխանության անգործության պայմաններում փաստացի միակ զանգվածային համահայկական միջոցառման՝ Ջահերով երթի ընթացքում թուրք-ադրբեջանական դրոշներն այրելն այնքան էր խոցել Նիկոլ Փաշինյանին, որ նա ապրիլի 24-ի վաղ առավոտյան հրահանգել էր իր խոսնակին` դատապարտել այդ ավանդական արարողությունը՝ համարելով «անպատասխանատու եւ անընդունելի, սադրիչ եւ հրահրող»:
Հրապարակ թերթը գրել է․ Իր ապրիլքսանչորսյան ուղերձում Էրդողանը հայտարարել է գրեթե նույնը, ինչը Փաշինյանն է ասում վերջին տարիներին: «Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան», իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն պակաս դիվանագետ է գտնվել ու ուղիղ հայտարարել է. «Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են՝ խախտելով պատմական փաստերը եւ միջազգային իրավունքը»: Ավելին, հանդգնել է ցուցում տալ. «Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը»:
Թե այդ որ շրջանակներին են թուրք իշխանություններն «արմատական», իսկ Փաշինյանը՝ «սադրիչ» համարում, պարզից էլ պարզ է. քաղաքական իմաստով՝ ազգային ուժերին, իսկ ավելի լայն իմաստով՝ ամբողջ հայ ժողովրդին ու սփյուռքին, բացառությամբ նրա այն փոքր հատվածի, որը «կերել» է նիկոլական «կուտը» կամ պարզապես համակարծիք է նրա թրքահաճ մոտեցումներին:
«Մեր իշխանությունն արդեն որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որն ամբողջությամբ բավարարում է Թուրքիային ու Ադրբեջանին: Նրան թվում էր, որ այդ ճանապարհով կարող են առաջնորդվել, բայց տեսան, որ ազգի պուլսը դեռ աշխատում է: Իշխանությանը թվում էր, թե ապրիլի 23-ի երթին քիչ մարդ կմասնակցի, որ անձրեւ է, երթը բազմամարդ չի լինի, բայց նրանք տեսան, որ այդ հարցի շուրջ հանրային կոնսոլիդացիա կա, եւ ազգի մոտեցումն այլ է, քան իրենց քաղաքականությունը: Այս իշխանությունը՝ որպես քաղաքական «կենդանի», շատ լավ է զգում իրավիճակը եւ հասկանում է, թե ինչ կլինի, եթե այդ հարցում ուղիղ հակադրվեն ժողովրդին: Դրա համար ապրիլի 24-ին բոլորը՝ վարչապետից մինչեւ պաշտոնյաներ, խելոք գնացին Ծիծեռնակաբերդ»,- «Հրապարակ»-ին ասում է բանակցային հարցերով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ դա ամենեւին չի նշանակում, թե իշխանությունն իր մոտեցումներից նահանջում է, պարզապես այդ հենասյունը փորձում են քանդել ավելի նուրբ ձեւով:
«Փաշինյանը հասկանում է, որ դեռ ժամանակը չէ, նա փորձում է «կրթել» նոր սերնդին, որը կհամապատասխանի թուրքական պահանջներին: Ճիշտ է, նրանք ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ, բայց սկսել են կրկնել նույնը, ինչն ասում է Անկարան»,- ասում է մեր զրուցակիցը: Ազդա՞կ էր արդյոք այն փաստը, որ հայ համայնքին դիմող Էրդողանը ոչ մի խոսք չի ասում Երեւան-Անկարա հաշտեցման գործընթացի մասին: Բանակցային գործի մասնագետն ասում է՝ այո, Էրդողանը Փաշինյանին ասում է՝ եթե Հայաստանը շեղվում է, մենք նույնիսկ չենք խոսի այդ հարաբերությունների մասին:
«Դա ուղերձ է ՀՀ իշխանությանը, որ դու մեզ խոստումներ ես տվել, բայց թուրքական գծից շեղվողը ոչ թե Փաշինյանն է, այլ հայ ազգը: Թուրքիայի համար երկու խնդիր է կարեւոր՝ ցեղասպանության հարցը, որտեղ նաեւ սփյուռքն է, եւ այս առումով մենք հանդես ենք գալիս որպես քաղաքական ազգ, եւ Ադրբեջանի պահանջների ամբողջական կատարումը՝ եթե կատարեք, ձեզ թույլ կտանք շնչել: Դժբախտաբար, մեր իշխանություններն ամբողջությամբ ընդունել են այդ գիծը, նրանք ոչ թե բանակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այլ կատարում են նրանց ցանկություններրը: Ապրիլի 23-24-ը ցույց տվեցին, որ մեր ժողովրդի համար ցեղասպանության հարցն այնպիսի կարմիր գիծ է, որի վրա Փաշինյանը կարող է անգամ իշխանություն կորցնել: Իշխանությունը դա շատ լավ է գիտակցում»,- ընդգծում է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն այրելը համարում է թշնամանքի դրսեւորում եւ սադրանք, բայց լուռ էր, երբ «սուլթան» Ալիեւը տրորում էր Արցախի դրոշը:
Մեր կողմից հավելենք, որ ոչ միայն Արցախի դրոշն էին տրորում, այլեւ հայկական գերեզմաններն են պղծում, մեր եկեղեցիներն ու հայկական բնակավայրերն են քանդում եւ հողին հավասարեցնում, մեր մշակութային արժեքներն են ջնջում, որ արցախյան հետքը վերացնեն եւ մի օր հայտարարեն, թե դա հին ադրբեջանական հող է, եւ այնտեղ երբեք հայեր չեն ապրել:
Բաց մի թողեք
Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության
Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ
Իշխանությունն անհանգիստ է, Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ