Ապրիլի 26-ին Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Չինաստանը մի քանի ամիս Հայաստանում ներկայացված էր գործերի ժամանակավոր հավատարմատարով:
Սա, ըստ էության, առանձնահատուկ կամ արտառոց իրավիճակ չէր: Հատկանշական է, որ գրեթե համաժամանակ ռեգիոն են ժամանում Չինաստանի նորանշանակ դեսպանները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Մի քանի օր առաջ էր Բաքու ժամանել Չինաստանի նորանշանակ դեսպանը:
Այս հանգամանքը խոսում է թերևս այն մասին, որ Չինաստանը, ըստ էության, «նոր մեկնարկ» է տալիս իր ռեգիոնալ քաղաքականությանը, որի առնչությամբ կան ուշագրավ երանգներ: Դրանց ընդհանուր «գունապնակը» հնարավոր է նշմարել օրերս չին-ադրբեջանական համատեղ հայտարարության տեքստում, որ ընդունեցին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու Իլհամ Ալիևը՝ վերջինիս Չինաստան կատարած այցի ընթացքում:
Չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին համատեղ այդ հայտարարության մեջ, ըստ էության, արտացոլվում էր Պեկինի հավակնությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ ընդհանուր ռեգիոնալ լանդշաֆտի հանդեպ:
Իսկ այստեղ, բնականաբար, անմասն չի լինելու Հայաստանը՝ հաշվի առնելով այն, որ Պեկին-Բաքու համատեղ հայտարարության մեջ առանցքային արձանագրում ուներ Չինաստան-Եվրոպա-Չինաստան տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի հանգամանքը:
Իհարկե, այստեղ Չինաստանի համար կա վրացական ուղղությունը, հաշվի առնելով այն, որ Պեկինը բավականաչափ գումարներ է ծախսում Վրաստանում ենթակառուցվածքների ձևավորման համար, թե՛ երկաթուղու, թե՛ ավտոճանապարհների և թե՛ նավահանգիստների առումով:
Մասնավորապես, Չինաստանը կառուցում է Սև ծովում խորը նավահանգիստ՝ Վրաստանի Անակլիա քաղաքում: Չինաստանը Եվրոպայի հետ տրանսպորտային միջանցք ասելով պատկերացնում է ամբո՞ղջ Կովկասը, թե՞ Կովկասում ադրբեջանա-վրացական երթուղթին:
Որովհետև, այդ ֆոնին օրինակ, Եվրոպական Միությունը՝ Միջին միջանցքի մյուս խոշոր շահառուն, կարծես թե կենտրոնացած է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու վրա, հաշվի առնելով Վրաստանի հետ հարաբերության բարդությունները:
Եվ այստեղ հարց է ծագում՝ Չինաստանը կբաժանի՞ երթուղիները ԵՄ հետ, թե՞ կփորձի հավակնել բոլոր երթուղիներով դոմինանտության, այդպիսով թե՛ Եվրամիության հանդեպ առավելության համար, թե՛ ընդհանրապես գլոբալ վերափոխումների գործընթացում դիրքերի ամրացման և խաղային կշռի առավել բարձրացման:
Այդ համատեքստում, օրինակ, մի քանի օր առաջ Աֆղանստանի թեմայով Բաքվում կայացած համաժողովին մասնակցող ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինն արդյո՞ք Ադրբեջանի հետ խոսել է չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության թեմայով, հատկապես, որ նրա այցը Բաքու նախորդել էր Ալիևի Պեկին կատարելիք այցին: Ռուսաստանը օրեր առաջ Աֆղանստանի հետ քննարկել էր տրանսպորտային ուղիների շինարարության հարց:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում