Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆին: Բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Ռուսաստանյան կողմից մասնակցել են նաև արտաքին քաղաքականության հարցերով Պուտինի օգնական Ուշակովը և տնտեսական կապերի վերահաստատման ռուս-ամերիկյան քննարկումներում նրա հատուկ ներկայացուցիչ Դմիտրևը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն այդ առթիվ ասել է, որ իրենք «շատ բարեկիրթ են և, ի տարբերություն ոմանց, երբեք հրապարակային չեն քննարկում այն, ինչի մասին բանակցում են, այլապես դրանք լուրջ չեն լինի:
Ո՞ւմ է փաստացի «անլուրջ» անվանել Լավրովը, պարզ չէ: Կարելի՞ է, մասնավորապես, անլրջություն համարել ԱՄՆ նախագահ Թրամփի սոցցանցային գրառումը, որտեղ նա Ուիթկոֆ-Պուտին բանակցությունների մասին ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են գործարքին, և կարիք կա, որ երկու կողմերը հանդիպեն ամենաբարձր մակարդակով, որպեսզի վերջ տան այդ ամենին:
Կամ ո՞վ է Reuters-ին տրամադրել ռուս-ուկրաինական «գործարքի» ամերիկյան նախագիծը, որ դիվանագիտական նոնսենս է այն առումով, որ Միացյալ Նահանգներն իրավաբանորեն ճանաչում է Ղրիմի Ռուսաստանին պատկանելիությունը, իսկ ուկրաինական մյուս գրավյալ տարածքների նկատմամբ Ռուսաստանը հաստատում է դե ֆակտո հսկողություն:
Որքանով հասկացվում է ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումից, նա Ռուսաստանի հետ իրոք գնում է գործարքի, որ, սակայն, իրավաբանորեն պետք է ձևակերպվի ռուս-ուկրաինական համաձայնագրով:
Եթե Reuters-ի տրամադրության տակ հայտնված «Թրամփի պլանը» մոտ է իրականությանը, ապա ստացվում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրամիության անունից:
«Թրամփի ծրագիրը» նախատեսում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, բայց կարող է Եվրամիության անդամ լինել, իսկ նրան անվտանգության երաշխիքներ կտան եվրոպական երկրները:
Այն դեպքում, երբ Ռուսաստանի զորքերը կմնան այնտեղ, որտեղ նրանց կանգ առնելու հրաման կտա Վլադիմիր Պուտինը, և կողմերի միջև կհաստատվի ոչ թե սահման, այլ շփման կամ բաժանարար գիծ, եվրոպական երկրների անվտանգային ոչ մի երաշխիք Մոսկվայի համար նշանակություն չի ունենա:
Ինչո՞ւ: Որովհետև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության նպատակն ամրագրված է այդ երկրի սահմանադրությամբ: Եվ եթե Վլադիմիր Զելենսկին ստորագրի Թրամփ-Պուտինի «գործարքը», ապա պետք է անցկացվի սահմանադրական հանրաքվե:
«Պանդորայի արկղը» բացվելուն պես Մոսկվան մեծացնելու է ճնշումները, պահանջելու է սկզբունքորեն նոր սահմանադրություն ընդունել՝ ավելի քան 300 հազարանոց բանակի ներկայությամբ և տակտիկական միջուկային զենքի կիրառման սպառնալիքով:
Այն, ինչ առաջարկում է Դոնալդ Թրամփը և ինչին, կարծես, սկզբունքային համաձայնություն է տվել Վլադիմիր Պուտինը, խաղաղություն չէ ոչ միայն գլոբալ նշանակությամբ, ինչպես հպարտացել է ամերիկյան բանագնաց Ուիթկոֆը, այլև արևելաեվրոպական ռեգիոնալ իմաստով:
Այն ավելի շուտ նոր պատերազմի նախապատրաստության բոնուս է Ռուսաստանին, իսկ Եվրոպայի համար՝ էքզիստենցիալ մարտահրավեր, թե ապագայում ո՞ր սահմանի վրա է ընդունելու Մոսկվայի աշխարհաքաղաքական ագրեսիան:
Ղրիմի ռուսաստանապատկանության իրավական ճանաչումը, ըստ էության, ազդակ է Եվրոպային, որպեսզի ոչ միայն միանա ԱՄՆ «պացիֆիզմին», այլև իր հերթին նախապատրաստվի ուկրաինական մյուս տարածքների Ռուսաստանին բռնակցումն օրինականացնելուն:
Ենթատեքստով հասկացվում է, որ այլընտրանքը համաեվրոպական պատերազմն է, ինչին Մոսկվան լիովին պատրաստ է, իսկ Եվրոպան՝ ոչ, իսկ Հին աշխարհի մի շարք երկրներ պարզապես «անձնատուր են եղել»:
Սկզբունքորեն ճիշտ էին այն վերլուծաբանները, ովքեր Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիայի առաջին շրջանում տեսակետ են հայտնել, որ նրա նպատակը «Յալթա-2»-ն էր, բայց քանի որ դա չի ստացվել, ապա կկրկնվի «Մյունխենյան գործարքի» նախադեպը, երբ Չեխոսլովակիայի տարածքների հաշվին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան համաձայնագիր են կնքել Հիտլերի հետ:
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը Մոսկվա է ժամանել Էլբա գետի վրա ամերիկյան և խորհրդային զորքերի «գրկախառնության» 80-րդ տարեդարձի օրը: Քաղաքականության մեջ նման սիմվոլիկան պատահականություն չէ:
Բաց մի թողեք
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Շտայնմայերը Երևանից էր մեկնել Բաքու: Կալասը Երևան կայցելի Բաքվից հետո
Ի՞նչ բարդությունների կբախվի Միացյալ Թագավորությունը կամ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան