Հրապարակվել է Հայաստանի տնտեսական ցուցանիշների եռամսյակային վիճակագրությունը՝ 2025 թվականի առաջին երեք ամիսների համար:
Տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-մարտի համեմատությամբ, աճել է 4 տոկոսով, սակայն այդ ֆոնին ավելի քան 18 տոկոսով նվազել է արդյունաբերական արտադրանքի, ավելի քան 60 տոկոսով՝ արտահանման ծավալը:
Այլ կերպ ասած, տնտեսական ակտիվության աճի ֆոնին, այդուհանդերձ, նվազել է Հայաստանի տնտեսության արտադրողականության և արտահանելի հատվածի ծավալը: Եռամսյակային տվյալները, իհարկե, հարաբերական են, բավարար չեն այսպես ասած հեռուն գնացող եզրակացություններ անելու համար, և, ըստ այդմ, անհրաժեշտ է առնվազն կիսամյակային նիշ:
Բայց եռամսյակային տվյալները արտացոլում են միտումներ, հատկապես նախորդ ժամանակահատվածի հետ համեմատությամբ:
Եվ այդ միտումների համատեքստում ակնառու է դառնում, որ պատկերը դրական չէ, և բավականին մտահոգիչ է: Առավել ևս, որ ընդհանուր առմամբ՝ եթե վիճակագրական առումով ուղիղ համեմատական է նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ, որտեղ պատկերը դարձյալ խնդրահարույց է, ապա հենց միտումների իմաստով արտացոլում է նախորդ ամբողջ տարվա պատկերը:
Այստեղ, իհարկե, պատճառների հարցում գործ ունենք բավականին մեծ համախմբի հետ, որի հիմքում, սակայն ընկած է տնտեսական քաղաքականությունը: Եթե «համառոտագրենք» այդ քաղաքականությունը, ապա հնարավոր է բնորոշել՝ «բյուջեի պաշտամունք» կամ ֆետիշացում:
Այն, որ պետական բյուջեն և դրա եկամուտների ավելացումը ունեն առանցքային նշանակություն ցանկացած պետության համար, իհարկե, վեր է կասկածից: Բայց պետական տնտեսական քաղաքականության նպատակը պետք է լինի ոչ թե բյուջեն, այլ տնտեսական աճը, տնտեսության զարգացումը, կառուցվածքային դիվերսիֆիկացիան, տնտեսության արտադրողական, արդյունաբերական, արտահանելի ներուժի աճը, հետևաբար արտաքին կոնյուկտուրայից հնարավորինս նվազ կախվածությունը: Բյուջեն կարող է լինել այդ ամենի արդյունքը:
Եթե այդ ամենի համապատկերում կա նվազման ակնառու միտում, ապա բյուջեի եկամուտների աճը կարող է լինել միանգամայն խաբուսիկ: Ընդ որում՝ վտանգավոր խաբկանք, որովհետև այդ դեպքում բյուջեի եկամուտների ֆետիշացումը կարող է ստեղծել իրավիճակ, երբ բյուջեն աճող տնտեսության, զարգացող, կենսունակ տնտեսության արդյունք լինելու փոխարեն, կարող է դառնալ «նվաղող» տնտեսությունն առանց այդ էլ քամող երևույթ:
Այդ ամենի հետևանք է, որ Հայաստանի համար ավելի է աճում պետական պարտքի, այդ թվում արտաքին պարտքի բեռը:
Բաց մի թողեք
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Անկում տարադրամի շուկայում․ ապրիլի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Վատ նորություն՝ Վայլդբերիզից օգտվող հայ հաճախորդների համար․ Լուսանկար