Մինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր զեկույցում նշում է, որ Հայաստանում մինչեւ 5 տարեկան ավելի քան 171 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ մաս կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաներին, պարզվում է՝ Հայաստանում փոքր չէ նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը․ խոսքն այն երեխաների մասին է, որոնց դպրոց գնալու տարիքը լրանում է, բայց ինչ-ինչ պատճառներով ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում, եւ երեխաներն այդպես էլ կրթություն չեն ստանում:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ որոշ երեխաների անգամ շահագործում են` ուղարկում մուրացկանություն անելու կամ որպես աշխատուժ են օգտագործում` ծանր ֆիզիկական կամ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար:
Ուշագրավ է, որ Հայաստանում չկա որեւէ կառույց, գերատեսչություն կամ նախարարություն, որը զբաղվում է դպրոց չհաճախող երեխաների հաշվառմամբ: Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ հատկապես խիստ անապահով ընտանիքների երեխաները դպրոց չեն հաճախում, ծնողները նրանց ստիպում են աշխատել` դպրոց հաճախելու փոխարեն։ Կան նաեւ դեպքեր, երբ ծնողն ունի մտավոր, հոգեկան առողջության խնդիրներ, տառապում է ալկոհոլիզմով, թմրամոլ է եւ չի գիտակցում, որ երեխային պարտավոր է դպրոց ուղարկել: Որ դպրոց հաճախելը ծնողի հայեցողությամբ չէ, այլ պարտադիր է` օրենքով կարգավորվող, աներկբա է: Խիստ մտահոգիչ է, որ պետությունը որեւէ կերպ չի վերահսկում երեխաների՝ պարտադիր կրթություն ստանալու հարցը, եւ միայն Աստված գիտի, թե մեզանում քանի երեխա է զրկված պարտադիր կրթություն ստանալուց: Նախկինում այդ հարցերով զբաղվում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Միասնական սոցիալական ծառայությունը, սակայն նախարարությունից մեզ ասացին, որ 2021 թվականից ի վեր ՄՍԾ-ն չի զբաղվում այդ հարցերով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակը «Հրապարակին» հայտնեց, որ դպրոց չհաճախող երեխաների հաշվառմամբ ԿԳՄՍ նախարարությունը պետք է զբաղվի, իսկ իրենք պետք է գնան բացառապես այն երեխաների հետքերով, որոնց դպրոց չհաճախելու պատճառը սոցիալական է. «Այս հարցը մեզ առնչվում է այնքանով` եթե հայտնաբերում են կրթությունից դուրս մնացած երեխաների, որոնց ընտանիքում կան սոցիալական խնդիրներ: Նման դեպքերում միջգերատեսչական համագործակցության շրջանակներում տվյալները փոխանցվում են Միասնական սոցիալական ծառայությանը, որպեսզի ՄՍԾ-ն զբաղվի այդ հարցով»: Իսկ ինչպե՞ս են զբաղվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում։ «Խնդիրն այն է, թե ինչ խնդիրներ են հայտնաբերում եւ մեզ փոխանցում, պիտի սոցիալապես անապահով ընտանիք լինի, որ ՄՍԾ-ն կարողանա աշխատանք տանել: Աշխատանքն էլ տնայցն ու ընտանիքի կարիքների գնահատումն է եւ այլն»:
ԿԳՄՍ նախարարությունից էլ մեզ ասացին, որ չի կարող երեխաների հաշվառման գործառույցը ԿԳՄՍՆ-ի վրա լինել, քանի որ նախարարությունը չի կարող իմանալ, թե որ համայնքում քանի երեխա է հաշվառված, եւ նրանցից քանիսն են դպրոց հաճախում։ «Դպրոցը չի կարող իմանալ, թե որտեղ քանի երեխա է ապրում, ուստի նախարարությունն այս առումով ոչինչ չի կարող անել, այլ հարց է, եթե երեխան դպրոց է գնում, հետո ինչ-ինչ պատճառներով սկսում է չհաճախել, օրինակ` բնակավայր են փոխում եւ երեխային դպրոց չեն տանում, դա մեզ մոտ՝ համակարգում երեւում է, բայց եթե երեխան ընդհանրապես դպրոց չի հաճախել, չի մտել կրթական համակարգ, որտեղի՞ց ԿԳՄՍ նախարարությունը կարող է իմանալ այդ երեխայի տեղը: Այստեղ անելիք ունեն սոցապը, համայնքներն ու ՏԻՄ-երը»,- ասաց ԿԳՄՍՆ խոսնակը:
Մենք Արարատի մարզի Արգավանդ համայնքում 12 երեխայից բաղկացած մի ընտանիք գիտենք, որոնցից միայն երեքն են դպրոց հաճախում, մյուս 9-ը երբեք դպրոց չեն հաճախել եւ ունեն տառաճանաչության խնդիր: Արգավանդի վարչական ղեկավարից հարցրինք` հաշվառում անո՞ւմ են, տեղյա՞կ են, որ իրենց կողքին ապրում է ընտանիք, որի երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից: Վարչական ղեկավարն ասաց, որ հաշվառում անում են, սակայն չգիտեին, որ նման ընտանիք կա: Ավելին` մեր զրուցակիցը մեզ փորձում էր համոզել, որ նման բան չկա: Տավուշի մարզի Կողբ վարչական շրջանի ղեկավարին նույնպես հարցրինք` հաշվառում անո՞ւմ են գյուղում, տեղյա՞կ են` կա՞ն երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում: Կողբի վարչական ղեկավարը մեզ վստահեցրեց, որ պարբերաբար հաշվառում են անում` նման խնդիր չկա: Արմավիրի Մեծամոր համայնքի Արգավանդ վարչական շրջանի ղեկավարին նույնպես հարց ուղղեցինք` գոնե տարին մեկ անգամ անո՞ւմ են հաշվառում, տեղյա՞կ են, թե իրենց համայնքում քանի երեխա կա, որ կրթություն չի ստանում։ Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում զարմացած հարցրեց. «Բայց ինչի՞ համար պետք է մենք նման հաշվառում անենք, մենք ի՞նչ գործ ունենք դրա հետ, դպրոցը պիտի անի»:
Բաց մի թողեք
Ինչ է ասում Գլխավոր դատախազը՝ դատավորներին է վախեցնում
Վանաձորում թեժ է լինելու՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ
Ինչ նպատակ է հետապնդում արծրունյան պրոպագանդան․ Դանիելյան