06/05/2025

Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են փոխադարձ այցելությունների և համագործակցության շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ունեցել է «շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։

Truth Social հարթակում Թրամփը նշել է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմի դադարեցման ուղիները, Սիրիայի կայունության հարցերը և Գազայի հումանիտար ճգնաժամը։

Նա հայտնել է նաև, որ Էրդողանը պատրաստվում է այցելել Վաշինգտոն, իսկ ինքը հրավիրված է Թուրքիա։

Թուրքիայի նախագահի կապի վարչության հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը ամրապնդելու համագործակցությունը Վաշինգտոնի հետ, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա ողջունել է Թրամփի մոտեցումը՝ ուղղված Իրանի, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև շեշտել է, որ անհրաժեշտ է մարդասիրական օգնության անխափան մատակարարում Գազա։

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել հրադադարի հաստատմանը Ուկրաինայում և միջազգային ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության ապահովմանը։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և կայունության պահպանման կարևորությունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի՝ Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թեթևացումը կարող է նպաստել ընդհանուր խաղաղությանը։

Ավելի վաղ, ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, Ամերիկայի հայ համայնքի կազմակերպությունները բարձրաձայնել էին իրենց մտահոգությունները Անկարայի քաղաքականության և ԱՄՆ-ի լռության վերաբերյալ։ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Թրամփի՝ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից հրաժարվելը անվանել էր «ամոթալի նահանջ ճշմարտությունից»։

Նրա խոսքով, այդ դիրքորոշումը ուղերձ է՝ հանդուրժելու Թուրքիայի ժխտողականությունը, Հայաստանի շրջափակումը և Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող աջակցությունը։ Հայկական համայնքը ակնկալում է, որ Վաշինգտոնը չի խորշի բարձրաձայնել մարդու իրավունքների և պատմական արդարության հարցերը՝ թուրք-ամերիկյան համագործակցության խորացման համատեքստում։