22/05/2025

Հայաստանի կառավարության որոշումը Հնդկաստան – Պակիստան կոնֆլիկտի ֆոնին

Հայաստանի կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալուն: Խոսքն այսպես ասած Աշգաբադի համաձայնության մասին է, որը ստորագրվել է 2011 թվականի ապրիլի 25-ին՝ Թուրքմենիայի մայրաքաղաքում:

Համաձայնությունն այդ ժամանակ ստորագրել են Իրանը, Օմանը, Կատարը, Թուրքմենիան ու Ուզբեկստանը: 2013 թվականին, սակայն, Կատարը դուրս է եկել համաձայնագրից, փոխարենը դրան միանալու հայտ է ներկայացրել Ղազախստանը, որը համաձայնագրի անդամության կարգավիճակ է ստացել 2015 թվականին: 2016-ի նոյեմբերին համաձայնագրին միացել է նաև Պակիստանը, իսկ 2018-ին՝ Հնդկաստանը:

Համաձայնագրի նպատակը Եվրասիական ռեգիոնում տրանսպորտային կապերի ամրապնդումն ու ընդլայնումն է, ներառյալ Հյուսիս-հարավը: Հայաստանի համար, անշուշտ, կարևոր է տրանսպորտային նախագծերից դուրս չմնալը: Այսօր, սակայն, հասկանալի է, որ այդ նախագծերը առավել, քան երբևէ ստացել են քաղաքական, աշխարհաքաղաքական, ընդհուպ ռազմաքաղաքական բնույթ:

Օրինակ, ինչպե՞ս է աշխատելու Աշգաբաթի համաձայնագիրը, երբ այսօր Հնդկաստանն ու Պակիստանը՝ այդ համաձայնագրի անդամները, գործնականում ռազմական հակամարտության մեջ են: Իհարկե, խոշոր հաշվով լոգիստիկ իմաստով դա թերևս որոշակիորեն հեռու է Հայաստանից, բայց մյուս կողմից խնդիրն այն է, որ տրանսպորտային նախագծերն այսօր չեն բնորոշվում իրենց աշխարհագրությամբ:

Մասնավորապես, Հայաստանով անցնող ճանապարհները ոչ պակաս հետաքրքիր են Հնդկաստանին, որի հետ Հայաստանը վերջին տարիներին բավականին սերտ երկխոսության մեջ է: Նախօրեին Հայաստանի արտգործնախարարը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը դատապարտում է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկությունը, «Մենք և որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, այլ միայն դատապարտել: Մենք պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը՝ պաշտպանվելու ահաբեկչությունից:

Մենք այդ հարցին այդ պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում, և այդպիսին է մեր դիրքորոշումը»,- խորհրդարանում հայտարարել է Միրզոյանը՝ անդրադառնալով Հնդկաստան-Պակիստան լարվածությանը: Այդ լարվածության հարցում չպետք է մոռանալ, որ «սեղանին» Չինաստանից-Եվրոպա մեծ երթուղին է, առնվազն որպես հիմնարար նշանակության հարցերից մեկը, որին «ծառայեցվում» են տարբեր կոնֆլիկտներ:

Իսկ շղթան գործնականում ամբողջապես կոնֆլիկտային է, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանականն է: Ադրբեջանը բացահայտ աջակցություն է հայտնում Պակիստանին, ինչը բոլորովին զարմանալի չէ:

Զգալիորեն նաև այդ իմաստով է, որ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը գործնականում իր անխուսափելի արտահայտությունն է ունենալու նաև Կովկասում, որովհետև այդ հակամարտության բռնկման համատեքստը, անկասկած, գլոբալ է:

Այդ ֆոնին Հայաստանի կառավարության օրակարգում Աշգաբադի համաձայնագրին միանալու հարցի հայտնվելը իսկապես ուշադրության արժանի է, որովհետև այն Հայաստանին կարող է ընձեռել գլոբալ օրակարգում մանևրի լրացուցիչ հնարավորություններ՝ իհարկե իր հետ բերելով նաև հարցեր՝ կապված Հայաստանի տարածքում համաձայնագրի տրամաբանությունից բխող տրանսպորտային ուղիների թե՛ զուտ լոգիստիկ, թե՛ քաղաքական հեռանկարների վերաբերյալ: