10/07/2025

Ռուսաստանն առանց Չինաստանի չի կարող իրականացնել ոչինչ, Սի Ծինփինի մկան խաղը Պուտինի հետ

Վաշինգտոնը դուրս կգա բանակցությունից, եթե պարզվի, որ Մոսկվան անբարեխիղճ բանակցություն է վարում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը:

Վաշինգտոնը պարբերաբար հայտարարում է այդ մասին, չնայած մյուս կողմից նաև հնչում են հայտարարություններ Ուկրաինայում հրադադարի հարցում մոտալուտ համաձայնության մասին:

Այս իրարամերժ հայտարարությունները վկայում են, իհարկե, բավականին բարդ դիվանագիտական գործընթացի մասին, որտեղ յուրաքանչյուր կողմ կոշտ պայքար է մղում իր շահերի յուրաքանչյուր միլիմետրի համար:

Այդ պայքարի մաս էր նաև նախօրեին Մոսկվայում ՌԴ և Չինաստանի նախագահների հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ և որի արդյունքում եղել են շատ ծավալուն ու մանրամասն համատեղ հայտարարություններ:

Առանցքային ուշադրության է արժանի այն, որ Մոսկվան ու Պեկինը կոնկրետ թիրախային քննադատության են ենթարկում երկու ուղղություն՝ ԱՄՆ հակաօդային պաշտպանության «Ոսկե գմբեթ» կառուցելու Թրամփի մտադրությունը, և ԱՄՆ-Բրիտանիա-Ավստրալիա ռազմա-քաղաքական դաշինքն ու Ավստրալիայում միջուկային զինանոց ծավալելու հնարավորությունը:

Եռյակ դաշինքը՝ ԱՄՆ, Բրիտանիան ու Ավստրալիան, կնքեցին դեռևս ԱՄՆ նախորդ վարչակազմի պաշտոնավարման շրջանում:

Այժմ այդ հարցը, ըստ ամենայնի, Մոսկվայի, Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցության մաս է: Նույնը հնարավոր է ասել թերևս «Ոսկե գմբեթի» մասին, որ Թրամփը մտադիր է կառուցել բազմաշերտ ՀՕՊ համակարգի տեսքով:

Պեկինն ու Մոսկվան համարում են, որ այդպիսի համակարգի կառուցումը կխախտի ռազմավարական հարձակողականության ու պաշտպանողականության հարաբերակցությունը, համարելով, որ դա միջազգային քննարկման առարկա է:

Ըստ էության, Մոսկվայում ռուս-չինական բանակցությունը թերևս համապարփակ փաթեթ է, որ կներկայացվի Վաշինգտոնին՝ հնարավոր է ռուս-ամերիկյան առաջիկա շփման ընթացքում, ընդհուպ Թրամփ-Պուտին հանդիպման, որի նախապատրաստական աշխատանքի մասին հայտարարում են թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը:

Մեծ հավանականությամբ, այդ առաջարկի «հակընդդեմ» բովանդակությունը ԱՄՆ նախագահը կփորձի ձևավորել Մերձավոր Արևելք՝ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Կատար այցելության ընթացքում, որ ծրագրվում է մայիսի 13-16-ը:

Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են շուրջ յոթ ժամ: Կրեմլի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Ռուսաստանի նախագահն անձամբ թեյ հյուրասիրում Չինաստանի առաջնորդին: Ըստ երևույթին՝ դա արվել է, որպեսզի ընդգծվի երկու առաջնորդների անձնական մտերմությունը:

Պուտին-Սի Ծինփին բանակցությունները կայացել են մի փուլում, երբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ մոտակա օրերին կհրապարակի ուկրաինական կարգավորման հարցում իր որոշումը: Այդ հայտարարությունը, ի դեպ, Թրամփն արել է Չինաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի երդման արարողությունից հետո: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում փոխնախագահ Վենսի հայտարարությունը, որ Ռուսաստանի նախագահը չափից դուրս բան է պահանջում, Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է»: Ընդ որում` մինչ այդ նա ասել է, որ Ուկրաինայի հարցում որոշում ընդունելու անհրաժեշտությունն իրեն չի ուրախացնում:

ԱՄՆ նախագահը եկող շաբաթ ուղևորվում է Մերձավոր Արևելք, որտեղ նրան, երևում է, բավական բարդ բանակցություններ են սպասում: Համենայն դեպս, իսրայելական մամուլը տպավորություն ունի, որ Թրամփը Սաուդյան Արաբիայի նախապայմանն ընդունել է և Իսրայելի հետ այդ երկրի հարաբերությունների կարգավորման հարց չի քննարկի: Վաշինգտոնը, կարծես, տեղի է տվել նաև Իրանի միջուկային ծրագրի բանակցություններից իսրայելական կողմի պահանջները «չեղարկելու» հարցում:

Այս համատեքստում Պուտին-Սի Ծինփին բանակցությունների ավարտին Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է կողմերի «Համատեղ հայտարարություն» անվանված բավական ծավալուն մի փաստաթուղթ, որտեղ ամփոփված են ինչպես երկկողմ և տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների կարևորագույն խնդիրների վերաբերյալ Մոսկվայի և Պեկինի միջև համաձայնեցված հարցերը:

Այդ փաստաթուղթը կարելի է համարել ռուս-չինական համագործակցության ճանապարհային քարտեզ, որ մանրակրկիտ և ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծության կարիք ունի: Ինչ վերաբերում է ընթացիկ խնդիրներին, ապա ուշադրության արժանի է ուկրաինական կարգավորմանը վերաբերող պարբերությունը:

Այն ունի հետևյալ ձևակերպումը. «Կողմերը համոզված են, որ ուկրաինական ճգնաժամի կայուն և երկարատև կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել նրա նախապատճառները՝ հարգելով ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները՝ դրանց ամբողջականությամբ, համակցվածությամբ և փոխկապակցվածությամբ և անվտանգության անբաժանելիության սկզբունքը՝ հաշվի առնելով այդ բնագավառում բոլոր երկրների հիմնավոր շահերն ու մտահոգությունները»:

Դիվանագիտական լեզվով շարադրանքն, իհարկե, չափազանց խրթին է և տարընթերցումների ու մեկնաբանությունների ընդարձակ տեղ է թողնում: Այդուհանդերձ, պետք է, երևի, ընդունել, որ «բանալի արձանագրումը» ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների հանդեպ հարգանքն է: Ուկրաինական ճգնաժամի նախապատճառների մեկնաբանութուն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը: Նրա ներկայացմամբ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելի չէ, քանի որ Կիևը չի հարգել ինքնորոշման իրավունքը:

Բայց ինչո՞ւմ և ինչպե՞ս է դա արտահայտվել, եթե Ղրիմն Ուկրաինայի կազմում ունի ազգային ինքնավարության կարգավիճակ, իսկ Դոնբասի հարցում Կիև գոնե առերևույթ ընդունել է այդ մարզերում կառավարման հատուկ ձև սահմանելու մասին օրենքի անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքը վերաբերում է վիճելի հարցերի խաղաղ կարգավորմանը, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառմանը:

Դժվար է պատկերացնել, որ եթե ուկրաինական կարգավորման միջնորդությունը Միացյալ Նահանգներից անցնի Չինաստանին կամ Չինաստանին և Թուրքիային, ինչպես որոշ լրատվամիջոցներ են ենթադրում, ապա Վլադիմիր Պուտինը հավատարիմ կմնա Սի Ծինփինի հետ ստորագրած «Համատեղ հայտարարության» տառին, բայց փաստաթուղթն ինքնին քաղաքական կարևորություն ունի: Գոնե այնքանով, որ նույն տեղում նախանշված են ինտեգրացիոն այնպիսի նպատակներ, որ Ռուսաստանն առանց Չինաստանի չի կարող իրականացնել: