02/07/2025

Մի քանի տարի առաջ հավանակա՞ն էր թվում, որ Անկախության մասին հռչակագիրը անկախություն չունենալու մասին է

Հետաքրքրական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության շրջանակներում չի խոսել հայկական նոր թղթադրամներ թողարկելու անհրաժեշտության մասին։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ 2026 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի երկրորդ սերնդի թղթադրամները կհանվեն շրջանառությունից։ Այսինքն՝ մենք լիարժեք անցում կկատարենք 2018 թվականից շրջանառության մեջ դրված երրորդ սերնդի թղթադրամներին։

Բայց արդյո՞ք երրորդ սերնդի թղթադրամները համապատասխանում են պետական գաղափարախոսությանը՝ «Իրական Հայաստանին», որից դուրս որեւէ մեկս իրավունք չունենք գործել։ Հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա, օրինակ, բանաստեղծ Պարույր Սեւակն է։

«Մենք քիչ ենք,‚ սակայն մեզ հայ են ասում։ \ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: \ Պարզապես մենք էլ պիտի ընդունենք, \ Որ մե՛նք, միայն մե՜նք Արարատ ունենք», -գրել է Սեւակը իր «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ։ Կամ «Մենք քիչ ենք, այո՛, բայց կոչվում ենք հայ – \ Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ, \ Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել. \ Գիտենք թշնամու կողը մխրճվել»:

Ի՜նչ Արարատ, ի՜նչ վերքեր, ի՜նչ թշնամի։ Ինչպե՞ս կարելի է «Իրական Հայաստանին» չհամապատասխանող այս մտքերն արտահայտած բանաստեղծին թողնել իրական հայաստանյան թղթադրամի վրա։

Սա գովազդում է «Պատմական Հայաստանը»։ Գոնե եթե նա Արարատի փոխարեն Արագած գրեր, կարելի էր մտածել։ Ավելի անհասկանալի է հինգ հազար դրամ անվանական արժեքով թղթադրամը։ Վիլյամ Սարոյանն ընդհանրապես ի՞նչ կապ ունի «Իրական Հայաստանի» հետ։

Բացի այն, որ նրա աշխատանքներում կարելի է «Իրական Հայաստանին» հակասող թեզեր առանձնացնել, Վիլյամ Սարոյանը Հայաստանում չի ծնվել, Հայաստանում չի ապրել։ Նա ապրել, ստեղծագործել եւ վախճանվել է օվկիանոսից այն կողմ՝ Կալիֆոռնիայում։

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի դիմերեսին պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որի շնորհիվ Հայաստանը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը եւ հիմնադրվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին։ Սակայն նկարագրվածը 2018 թվականին «Իրական Հայաստանի» հիմնադրումից ավելի քան 1700 տարի առաջ է տեղի ունեցել։

Բացի այդ, պարզվում է, որ Եկեղեցին դարեր ի վեր ծավալել է հակապետական գործունեություն եւ այն անգամ այսօր է շարունակում։ Ըստ Կենտրոնական բանկի՝ թղթադրամի դարձերեսին, ի թիվս այլ պատկերների, ներառված է նաեւ Արարատ լեռը։

«Իրական Հայաստանի» ղեկավարը որքան պետք է ասի, որ հասկանանք՝ Արարատը մերը չէ։ Նախընտրելի չէ անգամ հայացք գցել լեռան ուղղությամբ։ Առկա է նաեւ Խոր Վիրապի վանքը, որը թեեւ մտնում է «Իրական Հայաստանի» 29 հազար 743 քկմ տարածքի մեջ, չափազանց մոտ է Թուրքիայի Հանրապետությանը եւ, հետեւաբար, կարող է գրգռել նրանց։

Ստացվում է, որ հիսուն հազարանոցի դարձերեսը՝ Արարատով եւ Խոր Վիրապով, կարող է կարմիր մորթու դեր ստանձնել՝ կատաղացնելով հայտնի ցլերին։ Երկու հազար դրամ անվանական արժեքով, տասը հազար դրամ անվանական արժեքով եւ քսան հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները՝ Տիգրան Պետրոսյանի, Կոմիտասի եւ Հովհաննես Այվազովսկու պատկերներով այդքան էլ չեն արտացոլում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

Հաշվի առնելով երրորդ սերնդի թղթադրամների անհամապատասխանությունը «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, վարչապետը պետք է Կենտրոնական բանկին SMS ուղարկի՝ թղթադրամների չորրորդ սերունդ թողարկելու պահանջ-հորդորով։ Նոր թղթադրամների վրա կարելի է զանազան գործիչների դիմանկարներ չտպել։

Նոր հազար դրամանոցը, օրինակ, կարելի է նվիրել հենց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. դիմերեսին՝ հեծանիվ, խաշլամա, հաց, դարձերեսին՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածի սյուն։ Մեկ այլ թղթադրամի դիմերեսին պատեհ կլինի ներառել «Կրթվելը նորաձեւ է» շարժման հավաքներից մեկը, դարձերեսին՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզը՝ ՀՀ-ն ընդգծված, իսկ Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի վրա կարմիր գույնով խաչ քաշած։

Վստահաբար, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է լսել եւ դիտարկել քաղաքացիների մնացյալ առաջարկները։ Բնականաբար, վերոգրյալը կատակ էր, բայց պետք չէ այն անհավանական համարել։

Ի վերջո, մի քանի տարի առաջ հավանակա՞ն էր թվում, որ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովրդի մի մասը կասեն՝ Արցախը Ադրբեջանինն է, կամ՝ Անկախության մասին հռչակագիրը անկախություն չունենալու մասին է։

Հոգնություն տանք մեզ մտածել, բազմաթիվ այլ օրինակներ եւս կմտաբերենք։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ