Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը ուժգնանում է: Պակիստանը հայտարարել է ռազմական գործողություն սկսելու մասին՝ հարվածներ հասցնելով Հնդկաստանի ռազմակայաններին, հրթիռային պահեստներին:
Հնդկաստանը ձեռնարկել է պատասխան գործողություններ՝ թիրախավորելով Պակիստանի ռազմակայանները: Երկու երկրների միջև ռազմական բախումը հերթականն է անցնող տասնամյակներին, սակայն ամենամասշտաբայինը, ու դա այն պայմաններում, երբ խոսքը երկու միջուկային տերության մասին է:
Պակիստանի ու Հնդկաստանի միջուկային զինանոցը հաշվվում է մոտ 200 մարտագլխիկով՝ յուրաքանչյուր կողմում: Այդ հանգամանքը, բնականաբար, առաջացնում է ամենից էական հարցը, թե արդյո՞ք բախումը կարող է հասնել ընդհուպ միջուկային սպառազինության, այլ կերպ ասած՝ միջուկային պատերազմի:
Սա, իհարկե, ծայրահեղ տարբերակն է, որին հասնելու հավանականությունը, թերևս, այնքան է, որքան որ է՝ Պակիստանի ու Հնդկաստանի ռազմա-քաղաքական ղեկավարների անմտության կամ խելագարության հավանականությունը:
Մյուս կողմից, սակայն, իրավիճակը կարող է հասնել մի կետի, որից այն կողմ արդեն պարզապես չգործի և ոչ մի բանական արգելակ: Այդուհանդերձ, չնայած մասշտաբայնությանը, կոնֆլիկտը թերևս կունենա իր «սահմանափակող շրջանակը»:
Ոչ միայն Հնդկաստանն ու Պակիստանը հիանալի կգիտակցեն ինքնաոչնչացնող վտանգը, այլ նաև միջուկային գերտերությունները, որոնք կազմում եմ ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը:
Այդ իմաստով, սակայն հարկ է թերևս ուշադրության արժանացնել մի հանգամանք, որ կոնֆլիկտը, ըստ էության ավել մոտ է դրանցից երկուսին՝ Չինաստանին ու Ռուսաստանին:
Հատկանշական է, որ մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Պուտին-Ցզինպին շատ հանգամանալից հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունների շարքում էր նաև աշխարհում ստրատեգիական անվտանգության եւ միջուկային զսպման հարցը, և Պեկինն ու Մոսկվան դրանում հարկ են համարել վերահաստատել 2022 թվականի հունվարի 3-ին միջուկային հնգյակի հայտարարությունը՝ միջուկային պատերազմի ռիսկեր թույլ չտալու հաստատակամության վերաբերյալ:
Չի բացառվում, որ Մոսկվան ու Պեկինը Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտի առումով տեսնում են այդպիսի ռիսկեր: Բայց այստեղ նաև կա մեկ այլ նրբություն: Այդ կոնֆլիկտում, ոչ ուղիղ իմաստով, իհարկե, բայց Ռուսաստանը բնականաբար ավելի սերտ և ռազմավարական կապեր ունի Հնդկաստանի հետ, իսկ Չինաստանը՝ Պակիստանի: Պակիստանը, օրինակ, նաև չինական զենքով է հարվածում Հնդկաստանին, իսկ Հնդկաստանի բանակում բավականին մեծ է ռուսական սպառազինության ծավալը, այդ թվում համատեղ արտադրանքի տեսքով:
Այդպիսով, արդյո՞ք Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը նաև Ռուսաստան-Չինաստան հարաբերության մասին է, ինչն էլ բուն պատճառն էր, որ մայիսի 8-ին Մոսկվայում Պուտինն ու Սի Ցզինպինը ունեցան ավելի քան 7 ժամ տեւած հանգամանալից զրույց, որի արդյունքում եղան նաև շատ տարողունակ և մանրակրկիտ՝ բազմամակարդակ հայտարարություններ:
Դա նշանակում է, որ Մոսկվան ու Պեկինը պայմանավորվել են Դելի-Իսլամաբադ կոնֆլիկտի կառավարմա՞ն հարցում: Հատկանշական է, որ օրերս իր հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը հայտարարել էր, որ Հնդկաստանի ու Պակիստանի կոնֆլիկտը չի վերաբերում ԱՄՆ-ին և Վաշինգտոնը չի միջամտի դրան:
Բաց մի թողեք
Ադրբեջանը կարող է, թե՝ արդեն հրահրում է պատերազմ Հնդկաստանի ու Պակիստանի միջև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Գործող իշխանությունը «մեզնից խլել է տոները»՝ մայիսյան եռատոնի կորստի մասին և ոչ միայն