Փաշինյանը, կարծես թե, դեռ լավ չի գիտակցում այն իրողությունների ահավորությունը, որ 7 տարվա մեջ հայության գլխին բերեց փողոցից իշխանության եկած իր «ուսապարկերի» հետ միասին՝ մահ, արյուն, տառապանք, թշվառություն, ունեզրկություն եւ գոյութենական վտանգներ, որոնք գնալով՝ ահագնանում են:
Անմիտ, անկար ու անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով, որ վարում է գործող ՔՊ-ական իշխանությունը, երկիրը չի կարողանում շտկել մեջքը, թոթափել թուրք-ադրբեջանական պատանդի լուծը: «Թավշյա» իշխանակարգը ոչ միայն ի զորու չեղավ դիմակայել աճող մարտահրավերներին, այլեւ փոշիացրեց քառորդդարյա ձեռքբերումներն ու Արցախը տարավ կործանման:
Սակայն՝ դատելով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի սառնասիրտ պահվածքից, անհոգ, անհամ կատակներից, որ փորձում է Կառավարության նիստերում զվարճացնել գործադիրի անդամներին եւ հանրությանը, անկողմնակալ դիտորդը կարող է մտածել, թե Հայաստանում ամեն ինչ օքեյ է:
Տպավորությունն ավելի է խորանում, երբ ժամանակ առ ժամանակ «Հ1»-ով տիրաժավորվում են Փաշինյանի՝ ինչպես առտնին ժամանցները, այնպես էլ այցերը գյուղական համայնքներ՝ դիմավորող մարդկանց գոհունակ դեմքերով, եւ երբ «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության շրջանակում հանրության միամիտ հատվածը եթերում հետեւում է Նիկոլի ու նրա ընկերուհու գյուղեգյուղ շրջագայություններին:
Երկրում փաստացի իրականությունն այնքան էլ հանդարտ ու անվտանգ չէ, ինչպես փորձում են նենգափոխված ներկայացնել իշխանական լրատվամիջոցները: Եվ դա վերաբերում է թե՛ արտաքին եւ թե՛ ներհայաստանյան օրակարգերին:
Բաքվի սուլթանը դարձյալ տարածք է պահանջում՝ Տավուշից 4 գյուղ: Փաշինյանն ու Միրզոյանը իրարով են անցել՝ մտածում են, թե ա՛յս անգամ ինչ «սոուսով» են հանրությանը մատուցելու միակողմանի ու ցավալի գործարքը, որպեսզի հերթական ուրացումը հնարավորինս անաղմուկ անցնի:
«Եթե հակառակվենք՝ Ադրբեջանը կպատերազմի» կռվանն այլեւս հնացել է, չի աշխատում, եւ իշխանությունը ճշմարտանման մեկ այլ հիմնավորում կամ արդարացում գտնելու փնտրտուքի մեջ է:
Ներքաղաքական դաշտում եւս իրավիճակը մխիթարական չէ: Սոցիոլոգիական բոլոր հարցումների տվյալներով՝ ՔՊ-ի եւ Փաշինյանի վարկանիշները հատել են պատմական նվազագույնի սահմանագիծը: Քաղաքացիների մեծամասնությունը համոզված է, որ «Քաղպայմանագիր» կուսակցությունն ու նրա առաջնորդը պետք է հեռանան, ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ:
Չհեռանալը հղի է նոր աղետալի հետեւանքներով, ուստիեւ այլընտրանք չունի: Հանուն պետականության, հանուն Հայաստանի ապագայի՝ Նիկոլն ուղղակի պարտավոր է մարդավայել թողնել ասպարեզը, կապել ճամպրուկը եւ մոռանալ իշխանության հետդարձի ճանապարհը՝ երկիր կառավարելն իր խելքի բանը չէ:
Նա, միգուցեեւ, ենթագիտակցորեն զգում է, որ մի բան այն չէ, ներքին կռիվս է տալիս, նույնիսկ մտովին ինքնիրեն դատափետում է, բայց ոչինչ չի ստացվում, չհեռանալու կամքն ավելի զորեղ է գտնվում: Ավելի կամակոր: Ի՞նչ է լինելու վերջը:
Չարագործությունների ցանկը մեծ է ու խայտաբղետ, վկաների թիվը՝ չափից ավելի, ներում-բեկում ակնկալելը միամտություն է: Բոլորը հասկանում են, որ ելքը մեկն է՝ վարչապետական աթոռն անառիկ պահելը:
Բայց ինչպե՞ս: Անխուսափելին շրջանցելու մի աղոտ լույս է առկայծում ՔՊ խմբակի տեսադաշտում՝ թիմովի ձեռնամուխ լինել ապօրինությունների հետքերի «սվաղման» գործընթացին, չթողնել ոչ մի հետք: Չկան ապացույցներ՝ չկա մեղադրանք:
Նման գործընթաց տարերայնորեն միշտ եղել է, բայց այժմ՝ հումորով այսպես ասենք, այն դրվում է «գիտելիքահենք» ռելսերի վրա: Եթե այս եզրույթը ՔՊ-երենից թարգմանենք միջին վիճակագրական հայաստանցու լեզվի՝ կունենանք «մանիպուլյատիվ» եզրը:
Ուրեմն՝ այդ եզրի ոգով էլ Փաշինյանի վրայից հակապետական գործողությունների հետքերն առաջինը մաքրելու, շեֆի դեմքը փրկելու գործին «կպնում» են ՔՊ վերնախավի փոքրիշատե ազդեցիկ գործիչները՝ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը, ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը, ՔՊ վարչության փոխնախագահներ Վ. Ալեքսանյանը, Գ. Պապոյանը, վարչության անդամ Ա. Թորոսյանը եւ էլի ուրիշներ՝ փորձելով տարբեր հնարքներով հավատացնել, որ Արցախի հանձնման հետ Նիկոլը կապ չունի:
Ուրացման եւ ազգադավության «չափման միավորը» տվյալ պարագայում կորուսյալ Արցախն է, քանի որ առնվազն երեք հազարամյակի ընթացքում հայկական այդ չքնաղ լեռնաշխարհը երբեք թշնամու ձեռք չէր ընկել, չէր նվաճվել, Արցախի ոչ մի տիրակալ, ոչ մի առաջնորդ այն օտարին չէր զիջել:
Հայոց պատմության մեջ Փաշինյանն առաջին եւ միակ նզովյալ ղեկավարն է, որ Արցախը դավաճանաբար տվեց հազիվ 110-120 տարվա պատմություն ունեցող վայրագ խաշնարածին: Այս հանգամանքով պայմանավորված՝ արժե մի փոքր ավելի մանրամասն կանգ առնել Արցախի հանձնումը ծածկադմբոց անելու եւ հողատուի խարանը Նիկոլի վրայից մաքրելու՝ ԱԳՆ-ի ձեռնարկած փորձերի վրա:
Ապրիլի սկզբներին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից եւ ԼՂՀ-ի լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
Փոքրիկ մի հայտարարության մեջ միանգամից երկու մեծ մանիպուլացում ենք տեսնում. ա/ Արցախի լուծարման մասին իրավական ուժ ունեցող հրամանագիր գոյություն չունի եւ բ/ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, ոչ ոք, առավել եւս՝ Ղարաբաղյան շարժման հետ ոչ մի կապ չունեցող Փաշինյանը, չի կարող օրակարգից հանել:
Տվյալ խնդրի թիվ մեկ շահառուն Արցախի՝ օրինական հիմունքներով ինքնորոշված ժողովուրդն է, եւ սա է իրականությունը: ՀՀ իշխանությունները ճիգեր են գործադրում Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման մեղքը գցել ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության, արցախցիների, թե իբր չեն կռվել, բոլոր-բոլորի վրա, եւ իրենցից հեռացնել պատասխանատվությունը, որի հանձնառությունն ունեն սահմանադրորեն:
«Հնարավորինս լայն համախմբում պետք է լինի Արցախյան օրակարգի շուրջ եւ իշխանությունների վրա մեծ ճնշում պիտի լինի, որ հարցը փակելու հանցավոր քայլեր չանեն»,- Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանն ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Ի դեպ, ԼՂՀ-ի լուծարման մասին ակնարկվող «հրամանագրին», որը տեղ է գտել ՀՀ ԱԳՆ-ի հակահայ հայտարարության մեջ, Ալիեւն անգամ երբեք հղում չի անում Արցախի հարցը վերջնական փակելու համատեքստում:
Փաստորեն՝ նույնիսկ Իլհամը հասկացել է, որ այդ փաստաթուղթն առոչինչ է: Փաշինյանական վարչակարգի ներկայացուցիչները, սակայն, շարունակում են անընդհատ վկայաբերել ստորագրման պահից իրավական ուժը կորցրած այդ «որոշումը», որովհետեւ իրենց ստերն ու ձեռնածությունները հիմնավորելու համար «խելքը գլխին» այլ փաստարկներ չունեն:
Իրականությունը, ինչպես բազմիցս փաստվել է «Հայացքի» էջերում, մեկն է, բայց շատ դառը՝ Արցախի խնդիրը, որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում՝ քառակողմ հայտարարության շրջանակում, ԼՂՀ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս:
Հենց այդ պահից է արցախյան հարցը դուրս եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից: Ցավալի է, բայց փաստ է, իսկ փաստի դեմ խոսքերն անզոր են:
Գեւորգ Բրուտենց
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները