03/07/2025

Թուրքական անվտանգային բլոկի «դեսանտը» Բաքու է ժամանել

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին: Հատկանշական է, որ այդ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը շատ համառոտ է:

Գյուլերից բացի, գրեթե համաժամանակ Բաքու է այցելել նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշը: Նրա այցի մասին հաղորդագրություններն էլ առանձնապես տարողունակ չեն:

Հատկանշական է, որ թուրքական այսպես ասած անվտանգային բլոկի «դեսանտը» Բաքու է ժամանում այն շրջափուլում, երբ Թուրքիան կարող է առանցքային դեր ստանձնել ԱՄՆ ու Ռուսաստանի միջև գործընթացում, մասնավորապես դրա ուկրաինական դրվագում՝ դառնալով ռուս-ուկրաինական ուղիղ բանակցության վայր:

Նախօրեին Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի գործերը լավ են և իրենք «իրենց նավը հասցնելու են բարեհաջող հանգրվան»: Սա թերևս վկայում է, որ մինչ այդ գործերը այնքան էլ լավ չէին:

Իհարկե, թերևս մեծ հարց է, թե արդյո՞ք հիմա լավ են Թուրքիայի գործերը: Բայց այն, որ առաջացել է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև տեղավորվելու հնարավորություն, թերևս որոշակի ինքնավստահություն է հաղորդել Թուրքիայի նախագահին:

Չի բացառվում, որ Անկարան փորձում է այդ ինքնավստահությունը հնարավորինս օպերատիվ «կապիտալիզացնել» Բաքվում: Իհարկե, Յաշար Գյուլերն ու Օքայ Մեմիշը այսպես ասած «առաջապահ աղվեսներն» են, որոնք Բաքու են ժամանել թերևս Էրդողանի առաջիկա սպասվող այցը կազմակերպելու համար:

Ինչպես հայտնի է, մայիսին ծրագրված է նրա այցը Բաքու: Ըստ երևույթին՝ Էրդողանի այդ այցի ընթացքում օրակարգի առանցքային հարցերը վերաբերելու են պաշտպանական-անվտանգային ոլորտին:

Խոշոր հաշվով, Թուրքիան Ադրբեջանում այլ «հենման կետ» թերևս չունի էլ, որը նրան թույլ կտա լինել կենսունակ և ուժեղ գործոն: Անկարան այդ բաղադրիչով է հատկապես էրդողանյան կառավարման շրջանում այսպես ասած ամուր հաստատվել Բաքվում:

Էրդողանը, ըստ երևույթին, պատրաստվում է այդ իմաստով ռեվիզիայի ենթարկել Ադրբեջանին: Ի դեպ, հատկանշական է, որ Ալիևը նախօրեին շտապել էր Էրդողանին շնորհավորել Քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարման առնչությամբ: Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, ունի «ռևիզորին» օպերատիվորեն սիրաշահելու պատճառներ: