Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու առաջարկով խորհրդարանի 107 պատգամավորներին նամակներ հասցեագրած Էդգար Ղազարյանը երեկ տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորներից միայն երկուսն են իր նամակին պատասխանել՝ Վահագն Ալեքսանյանն ու Թագուհի Ղազարյանը։
Հրապարակ թերթը գրել է․ Նշենք, որ որոշ պատգամավորներ պատռել են նամակը, օրինակ, Արսեն Թորոսյանը, ոտնահարելով ԱԺ կանոնակարգ-օրենքը, հրապարակայնորեն պատռել է քաղաքացու` իրեն ուղղված դիմումը, փորձելով այդկերպ հավատարմությունը ցուցադրել «շեֆին»:
Ոմանք էլ հարցազրույցներում են հայտնել, որ պատռել են, սակայն օրենքով սահմանված է, որ պատգամավորը պետք է իրեն ուղղված քաղաքացու նամակներին պատասխանի․ քննարկման չեն արժանանում միայն այն դիմումները, որոնք անստորագիր են, մյուս դեպքերում օրենքը հստակ սահմանում է դիմումների քննության ընթացակարգը:
Ցավոք, այդ ընթացակարգերը խախտելու դեպքում կանոնակարգը հստակ պատասխանատվություն չի սահմանում, թեպետ դա կարելի է դիտարկել որպես էթիկայի խախտում՝ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Հիշենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիրքորոշում են հայտնել Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի առաջարկի մասին, իսկ ՔՊ-ից, ինչպես նշեցինք, ընդամենը երկուսն են պատշաճ պատասխան տվել։ Վահագն Ալեքսանյանն իր պատասխան նամակում գրել է․ «Ի պատասխան ձեր նամակի՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ չեմ պատրաստվում միանալ ձեր նախաձեռնությանը։ Բայց եթե ձեզ ամեն դեպքում հաջողվի «Հայաստան» խմբակցությանը պարտադրել, որ նրանք առաջադրեն Ռոբերտ կամ Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, ապա կարող եմ խոստանալ, որ խորհրդարանի առաջ հայտնված թեկնածուն այդ նիստից հետո կգնա քաղաքական թոշակի։
Նույնը խոստանում եմ նաեւ այն պարագայում, եթե «Հայաստան» խմբակցությանը հաջողվի «Պատիվ ունեմ»-ին պարտադրել, որ վերջիններս առաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Թույլ տվեք նաեւ ասել, որ գնահատում եմ ձեր համառությունը. շատ դժվար է ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, երբ ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն ուղղակի սարսափում են ԱԺ-ի առաջ որպես վարչապետի թեկնածու կանգնելու մտքից անգամ»։
Իսկ Թագուհի Ղազարյանը երկար-բարակ փորձել է հակադարձել, որ իմպիչմենտի հիմք չկա, եւ կառավարության հնգամյա ծրագիրն էլ ամբողջությամբ կատարվում է: Հիշեցնենք, որ պատգամավորներին հասցեագրված նամակում որպես իմպիչմենտի հիմնավորում էր նշվել հենց այն հանգամանքը, որ բազում դրվագներով չի կատարվել ծրագիրը։ «Ուշադրությամբ ընթերցեցի Ձեր նամակը եւ առաջարկը՝ ուղղված ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի։ Ի պատասխան Ձեր առաջարկների՝ հարկ եմ համարում նշել հետեւյալը․․․»։
Նման նախաբանով է պատասխանել Ղազարյանը՝ նշելով․ «2021 թվականի օգոստոսի 26-ին ես իմ քվեարկությամբ հաստատել եմ կառավարության հնգամյա ծրագիրը։ Ծրագրի իրականացման ընթացքը պատշաճ կերպով վերահսկվում է ծրագրի կատարողականների եւ բյուջեի քննարկումների ժամանակ, որոնք տեղի են ունենում հրապարակային եւ հասանելի են բոլոր քաղաքացիների համար։
Հնգամյա ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար կառավարությունը դեռեւս ունի 1 տարուց ավելի ժամանակ, սակայն նույնիսկ այս պահին վստահությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության շահերից, կառավարության ծրագրից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության մասին ունեցած պատկերացումներից բխող գործունեություն։
ՀՀ գործող կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ով գլխավորել է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակը, վայելում է ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահությունը, ստացել է 688 761 քաղաքացիների վստահության քվեն, եւ ընդամենը 1 տարի հետո քաղաքացիները հնարավորություն կունենան քաղաքական գնահատականի արժանացնել գործող կառավարության, խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության գործունեությունը։
Ամբողջությամբ հասկանում եմ, որ այլ քաղաքական ուժերի քվեարկած եւ սատարող քաղաքացիների կարծիքները չեն համընկնում քաղաքացիների մեծամասնության կարծիքին, սակայն դա բավարար հիմնավոր պատճառ չեմ համարում՝ քաղաքացիների մեծամասնության կարծիքն անտեսելու համար։ Որպես քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր, հարկ եմ համարում հավելել նաեւ, որ կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր բոլոր գործողություններն իրականացնում է՝ համաձայնեցնելով դրանք խմբակցության պատգամավորների հետ, համապատասխանեցնելով խմբակցության պատգամավորների դիրքորոշումներին, ըստ անհրաժեշտության՝ փոփոխություններ կատարելով։ Ուստի ես՝ ՀՀ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թագուհի Արարատի Ղազարյանս, ամբողջությամբ եւ անվերապահորեն կիսում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումների եւ կատարած գործողությունների ողջ քաղաքական պատասխանատվությունը, այդ բոլոր որոշումներն ու գործողությունները հավասարապես համարում եմ իմը, վստահ եմ, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է Հայաստանի շահերից բխող բարդ եւ պատասխանատու քաղաքականություն, եւ այդ ճանապարհին ամբողջությամբ աջակցում եմ կառավարության իմ գործընկերներին։
Կարծում եմ, որ Հայաստանում իշխանափոխության կամ մեր՝ իշխանության մնալու հարցը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հետեւաբար, անընդունելի եմ համարում անվստահության գործընթաց սկսելու Ձեր առաջարկը եւ մերժում եմ այն»։
Բաց մի թողեք
Ինչ է ասում Գլխավոր դատախազը՝ դատավորներին է վախեցնում
Վանաձորում թեժ է լինելու՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ
Ինչ նպատակ է հետապնդում արծրունյան պրոպագանդան․ Դանիելյան