Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։
Սա նրա առաջին արտասահմանյան այցն է երկրորդ ժամկետում վերընտրվելուց հետո:
Թագաժառանգ Բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը չի խմել հյուրասիրած սուրճը: Այդ պահը ֆիքսել են տեսախցիկները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել իր մերձավորարևելյան այցը, որը մեկնարկում է այսօր: Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ նախագահը այցելելու է Սաուդյան Արաբիա, Էմիրություններ և Կատար: Սաուդյան Արաբիայում նա անցկացնելու է նաև ԱՄՆ-Ծոցի արաբական երկրներ գագաթնաժողովը:
Խոսքը Պարսից ծոցի արաբական երկրների գործակցության Խորհրդի մասին է, որը ստեղծվել է դեռևս 1981 թվականին և որի անդամ են Սաուդյան Արաբիան, Էմիրությունները, Կատարը, Բահրեյնը, Օմանը և Քուվեյթը:
Մերձավոր Արևելք այցը Թրամփի առաջին պաշտոնական այցն է Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Թրամփը, իհարկե, եղավ նաև Վատիկանում, ինչը, սակայն, պաշտոնական այց չէր, քանի որ դրա նպատակը Ֆրանցիսկոս Պապի թաղման արարողությանը ներկա լինելն էր: ԱՄՆ նախագահի առաջին այցի մերձավորարևելյան ուղղությունը հուշում է Նահանգների նոր վարչակազմի կարևոր առաջնահերթությունը:
Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը Վաշինգտոնի համար ստանում է կարևորություն մի շարք պատճառներով, որոնք, թերևս, հնարավոր է համախմբել մեկ ձևակերպումով՝ համաշխարհային ուժերի նոր բալանս: Դրա հետ հաշվի չնստելը և ռեգիոնին այսպես ասած նախկին մոտեցումներով վերաբերելը լուրջ խնդիրներ կստեղծի ԱՄՆ համար, որն իր էքզիստենցիալ խնդիրը ձևակերպել է վաղուց՝ Չինաստան:
Թրամփի բնորոշումը՝ պատմական այց, թերևս կարող է թվալ քարոզչական չափազանցություն, որին հակված են, բնականաբար, բոլոր առաջնորդները, առավել ևս էպատաժային հակումներով Թրամփը:
Բայց այդ հայտարարության խորքային իրապաշտության մասին վկայում է թերևս Իսրայելի վարչապետ Նաթանյահուի միտքն այն մասին, որ Իսրայելին գուցե հարկ լինի հրաժարվել ամերիկյան անվտանգային օգնությունից: Մերձավոր Արևելք այցից առաջ կայացել է Թրամփի և Նաթանյահուի հեռախոսազրույցը:
Նահանգները, իհարկե, երբեք չի հրաժարվի Իսրայելի հետ անվտանգային հարաբերություններից, սակայն դրանց տրամաբանության փոփոխությունը ժամանակի հրամայականն է՝ հաշվի առնելով հենց ուժերի բալանսի այն փոփոխությունները, որ տեղի են ունենում ավելի լայն, ընդհուպ Գլոբալ հարավի համատեքստում: Այդ նոր բալանսի պարագայում Իսրայելի վրա գերկենտրոնացածությունը Նահանգներին ոչ թե տալիս է ուժ, այլ բերում է կաշկանդվածություն, և դա այն պարագայում, երբ գլխավոր մրցակիցն ավելացնում է ուժը:
Անշուշտ, Թրամփի այցի պատմականությունը առաջիկա օրերին, շաբաթներին և գուցե նույնիսկ ամիսներին չէ, որ կլինի նկատելի և շոշափելի: Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգի և ճարտարապետության հարցը պահանջելու է տարիներ:
Ավելին՝ այդ հարցը Թրամփը նոր շեշտադրումներով դիտարկում էր նույնիսկ իր առաջին նախագահության ժամկետին: Թրամփի ընթացիկ այցը, ըստ ամենայնի, պարունակելու է Ծոցի արաբական երկրներին արվող կոնկրետ առաջարկ, որը կդիտարկվի որպես ռեգիոնալ հարաբերությունների նոր համակարգի և ճարտարապետության հիմք, որով Նահանգները, թերևս, ձևավորելու է համաշխարհային մրցակցության իր մերձավորարևելյան դիրքերի «ինժեներական ամրությունները»:
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է