Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որում տարակուսանք է արտահայտում Վրաստանի հանդեպ Թրամփի վարչակազմի անտարբերության և անուշադրության կապակցությամբ:
Կոբախիձեն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց զատ օրերս ընտրվեց նաև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ՝ երբ արդեն նախկին նախագահ Ղարիբաշվիլին հայտարարեց քաղաքականությունը լքելու մասին, Թրամփին նամակ էր հղել նաև շաբաթներ առաջ՝ խոսելով վրաց ամերիկյան հարաբերության մասին:
Հիշեցնենք նաև, որ դեռևս նախորդ տարեվերջին Վրաստանի վարչապետը երկրում ներքաղաքական բարդ իրավիճակի, այդ առնչությամբ Եվրոպայի հետ լարված հարաբերության համատեքստում հայտարարել էր, որ սպասում են ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնամուտին և Թրամփի հետ կխոսեն բոլոր խնդիրների մասին:
Թրամփի պաշտոնամուտից հետո Կոբախիձեն նամակ հղեց նրան, բայց փաստորեն չի ստացել արձագանք, ինչը այնքան է «խոցել» Վրաստանի վարչապետին, որ անուշադրության վերաբերյալ իր տարակուսանքը որոշել է արտահայտել բաց նամակով: Նա հիշեցնում է, որ Վրաստանը Կովկասում եղել է ԱՄՆ ռազմավարական և հետևողական գործընկերը:
Կոբախիձեն նաև խոսում է ԱՄՆ նոր վարչակազմի և Վրաստանի իշխանության արժեքային ու գաղափարական խիստ ընդհանրության մասին՝ նշելով, որ պաշտոնական Թբիլիսին դեռևս մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնին Թրամփի հայտնվելն էր խոսում այն «խորքային պետության» նկրտումների դեմ, որի դեմ այսօր փորձում է պայքարել Թրամփը:
Կոբախիձեն հայտնում է հույս, որ Թրամփը կհաղթի այդ պայքարում: Բաց նամակից հետո ԱՄՆ նախագահը կամ փոխնախագահը կարժանացնի՞ ուշադրության Վրաստանին: Իսկ եթե ոչ, ապա ի՞նչ կանի Թբիլիսին: Գուցե սա է ամենից էականը: Կոբախիձեն փորձում է ճշտել Թրամփի վարչակազմի մտադրությունները, որպեսզի կայացնի որոշո՞ւմ:
Որոշում ԵՄ հետ հարաբերությունների վերանայմա՞ն գնալու մասին, թե՞ Վրացական երազանքին ԱՄՆ դիրքորոշումն ու մտադրությունները հետաքրքիր են հասկանալու համար, թե արդյո՞ք ամերիկա-ռուսական երկխոսության գործընթացում քննարկվում է Կովկասը Ռուսաստանի այսպես ասած տիրույթում թողնելու հարցը, եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպեմ խնդիրը, և, հետևաբար Թբիլիսիին պետք է հասկանալ հետագա անելիքը տվյալ սցենարի պարագայում:
Վրաստանում ներքաղաքական վիճակը շարունակում է լինել բարդ: Հնարավոր է, որ Վրացական երազանքը փորձում է ԱՄՆ տրամադրությունը հասկանալ, ներքին իրողությունների հաղթահարմանն ուղղված կոտ քայլերի համար:
Հատկանշական է, որ Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախագահին բաց նամակով իր տարակույսն է հայտնում այն օրերին, երբ բավականին արագորեն հասունանում է Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցության հեռանկարը:
Ի վերջո, Թբիլիսիի համար, անշուշտ, էական է նաև Թուրքիայի դերը հասկանալը, որ գծագրել են, թերևս, Վաշինգտոնն ու Մոսկվան: Կասկած չկա, որ Վրաստանի «պարզելիքըե, անշուշտ, շատ կարեւոր է լինելու նաև Հայաստանի համար:
Ի վերջո, երկու երկրները հռչակել են ռազմավարական գործընկերություն, ունենալով էական ընդհանուր շահեր: Մյուս կողմից, Թրամփի վարչակազմին «հասկանալու» խնդիրը ոչ պակաս կարևոր չէ նաև Հայաստանի համար:
Թեև, հնարավոր է, որ Երեւանն այդ իմաստով փորձեց շոշափել Մոսկվայի տրամադրությունը՝ մայիսի 9-ին Փաշինյանի այցով: Արդյո՞ք առաջիկայում Երևանն ու Թբիլիսին կունենան ռազմավարական գործընկերության սեղանին համադրելու տեղեկատվության էական ծավալ:
Բաց մի թողեք
«Լիուլի բավարար» է այն խեղճությունն ու ենթակայությունը, որ առկա է քաղաքական իշխանության խոսույթում
Փաշինյանի երջանկությունը, որ ավելի շատ դժվախտության է նման
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում «կլքի՞» Եվրոպային