13/06/2025

Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում․ ԲՏԱ նախարար

Մայիսի 15-ի վաղ առավոտից Մարմարիկում վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված է մոտ 860 փրկարար, այդ թվում՝ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։

Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։

«Դեռևս նախորդ շաբաթ (գուցե 7-8 օր առաջ), երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին (մինչ մեզ դիմելը), ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ՝ նախ և առաջ հասկանալու՝ արդյոք հնարավո՞ր է առկա և մեզ հասանելի որևէ տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես՝ տիեզերական լուսանկարներով, որոշակիություն ունենալ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել տվյալ օրը»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ կորած մարալիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքին:

«Ըստ էության տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, որ 30 սանտիմետր լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում կային մասնագետներ, որոնք չէին բացառում, որ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել ամեն դեպքում մանկահասակ երեխային այդ լուսանկարներով, կային նաև կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէր լինի։ Սակայն մենք համարեցինք, որ, այնուամենայնիվ, եթե անգամ պարզվի, որ այդ օրը կան, առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից տեխնիկապես հնարավոր կլինի՞ իդենտիֆիկացնել, թե՞ ոչ:

Մենք առնվազն պարտավոր ենք հասկանալ՝ կան այդպիսի լուսանկարներ, և եթե կան, փոխանցենք գործընկերներին։ Եվ վերջին 7-8 օրերի ընթացքում մեզ հետ երբևէ համագործակցություն ունեցած կամ երբևէ նույնիսկ նախկինում որևէ գործակցություն չունեցող միջազգային առաջատար ընկերությունների հետ, երկու տասնյակ ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն պետք է տխրությամբ ասեմ, որ վերջին լուսանկարները, որոնք որևէ ընկերությունից մեզ հայտնել են, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, ինչը, բնականաբար, ավելի վաղ ժամկետ է, քան այն օրը, երբ դեպքն է տեղի ունեցել։

Մենք ամենօրյա ռեժիմով իրականում աշխատում ենք՝ հույս ունենալով, որ առաջիկայում նաև կարող են հայտնի լինել գուցե այլ ընկերությունների մոտ տվյալ օրերի լուսանկարներ: Վստահեցնում եմ՝ առավելագույնն է արվում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: Գործողությունը, սակայն, արդյունք չէր տվել:

Մայիսի 9-ին փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն էր, նա դարձել է 2 տարեկան: