04/06/2025

Ազատությունը երբեք չի կարելի շփոթել սանձարձակության հետ, համարձակ լինելը` լկտիության…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսեւորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ, եւ այս հիմքով էլ տնօրենի ԺՊ-ին ազատել են պաշտոնից։

Հրապարակ թերթը գրել է․ Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում կոլեկտիվ դատ էր գնում պատմության ուսուցչուհու նկատմամբ․ նրան մեղադրում էին, որ դաս չի անում, վիրավորում է բոլորին եւ ադեկվատ վիճակում չէ, դրան էլ գումարած` պրոթուրքական քարոզչություն է անում դասերի ժամանակ։ Ուսուցչուհին պնդում էր, որ բոլորը ստում են։

Այսօրվա սերնդի, ժամանակակից դպրոցահասակների վարքուբարքի մասին զրուցել ենք Իջեւանի թիվ մեկ դպրոցի տնօրեն, Տավուշի մարզպետարանի կրթության բաժնի նախկին ղեկավար Աշոտ Փաշինյանի հետ:

– Ձեր ողջ կյանքը նվիրել եք դպրոցին, կրթությանը: Անգամ դասավանդել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե զուգահեռներ անցկացնենք այսօրվա եւ երեկվա միջեւ, ապա ի՞նչ է փոխվել, սերունդների տարբերությունը ո՞րն է:

– Միշտ չէ, որ զուգահեռները կամ համեմատությունները մեզ ճիշտ եզրահանգման են բերում եւ տանում են ուղիղ ճանապարհով: Վստահաբար ասում եմ, որ ճիշտը յուրաքանչյուր ժամանակաշրջան հասկանալու, ընկալելու մեջ է: Այսօրվա իրավիճակը հասկանալու համար դժվար չէ կռահել, թե ովքեր են այսօրվա երեխաների ծնողները: Նրանք 80-ականների կեսերի սերունդն են, մինչեւ 90-ականներ: Խոսքը միջին տարիքի երեխաների ծնողների մասին է: Մերձավանում տեղի ունեցած միջադեպի մասին ինձ պատմեցին, ասեմ, որ ամեն տեղ էլ լինում են նման դեպքեր, պարզապես մի տեղ այն հնչեղություն է ստանում, մի տեղ` ոչ: Բայց մի բան հստակ է` երեխաների հետ ընտանիքներում ճիշտ չեն զբաղվում: Ծնողներին թվում է, որ եթե երեխայի ձեռքին թանկարժեք այֆոն են դրել ու բրենդային հագուստներ հագցրել, կուշտ կերակրել են, ուրեմն` վերջ, երեխայի դաստիարակությունն ավարտվել է, բայց՝ ոչ, չարաչար սխալվում են, դաստիարակությունը դա չէ: Բայց դե՝ ժամանակներն այդպիսին են, ծնողների զբաղվածությունն ու հետաքրքրությունները լրիվ այլ ուղղությամբ են հիմա, երեխաների հանդեպ ռեալ աշխատանք չի արվում ծնողի կողմից: Դպրոցում ինչ անում` անում են, դպրոցից դուրս նրանց համար լրիվ այլ աշխարհ է: Բայց ասեմ, որ ամեն տեսակի երեխաներ այն ժամանակ էլ կային, այսօր էլ կան, ուղղակի այսօր բոլոր կողմերից կա հաղորդակցման խնդիր:

– Ուսուցչի դերը, կերպարը խեղաթյուրված է, առաջ ուսուցչի հանդեպ հարգանք, ինչու չէ՝ նաեւ վախ կար, այսօր ուսուցչի խոսքը չի կարեւորվում: Գուցե ուսուցիչնե՞րն էլ իրենց տեղում չեն:

– Մի հետաքրքիր պահ կա, որ կա թե այսօր, կար 10, 20, 30, 40 տարի առաջ: Փոխադարձ վիրավորանքներ, կոնֆլիկտ մանկավարժի հետ լինում է միայն մեկ դեպքում, եթե ուսուցչին համարում են օտար: Եթե ուսուցչին համարեցին օտար, անմիջապես սկսում են վիրավորվել եւ ընդվզել, իսկ նման դեպքերում ուսուցիչն ունի մտածելու բան, ուրեմն չեն վստահում նրան… հարազատ չեն համարում, ուսուցիչը պետք է մտածի` որտե՞ղ է սխալվել, որտե՞ղ է թերացել, որ իրեն հարազատաբար չեն վերաբերվում: Այսօրվա ուսուցչին 2 հատկանիշ է պետք` կա՛մ պետք է առաջնորդ լինի, կա՛մ` գործընկեր, այն 3-րդ, 4-րդ տարբերակները, որ կային առաջ, այսօր ուղղակի գոյություն չունեն: Ժամանակների պահանջն այլ է, ամեն օր հետաքրքրություններ են փոխվում, մեկ տարի առաջվա երեխաներն այսօր լրիվ ուրիշ են: Ամեն նոր ուսումնական տարում թվում է, թե լրիվ ուրիշ մարդիկ են դասարանում նստած, շատ արագ են երեխաները փոխվում, նրանց հետ մեկտեղ փոխվում են պատկերացումները, մոտեցումներն ու հետաքրքրությունները: Եթե ուսուցիչն ուշադիր է, եթե ընկալում է այդ ամենը, մաքսիմում խնդիրներից հեռու է մնում: Երբեմն ուսուցիչները մոռանում են իրենց կարգավիճակը, բայց դա բոլորի հետ էլ պատահում է, պետք է ներողամտաբար վերաբերվել նաեւ դրան, ուսուցիչն էլ երբեմն կարող է հունից դուրս գալ:

– Ժամանակակից սերունդն ուշադրություն է դարձնում անգամ ուսուցիչների հագուկապին, սանր­վածքին, օծանելիքի բույրին: Ինչպիսի՞ն պետք է լինեն մերօրյա ուսուցիչները:

– Դա իրականում երեւացող կողմն է, բայց ասեմ Ձեզ` կան կարեւոր որակներ, որոնք եթե իրենց տեղում են լինում, երեխան ո՛չ ուսուցչի հագուկապին, ո՛չ էլ մյուս երեւույթներին ուշադրություն չի դարձնում, երբ ինչ-որ մի բան իր տեղում չի լինում, դրան ավելանում է նաեւ արտաքինի ատրիբուտը: Իրականում ստանդարտներ չկան այս առումով, ոչ էլ եղել են: Ենթադրենք՝ երկու ժամ մանկավարժը ֆորմա հագավ, դասերից հետո ե՞ւս պետք է ֆորմա հագնի: Սրանք կարեւոր հարցեր չեն, եթե մասնագիտական կարեւոր կողմերն իրենց տեղում են, ուսուցչի երկար, կարճ, նորաձեւ կամ ոչ նորաձեւ հագուստը դառնում է անկարեւոր, իհարկե, ես կողմ եմ, որ ամեն բան իր չափի մեջ լինի, ուսուցիչը չպետք է մոռանա, թե որտեղ է գնում աշխատանքի….

– Ձեր ղեկավարած դպրոցում աշակերտները եւ ուսուցիչները հա՞շտ են:

– Համենայնդեպս, լուրջ խնդիրներ չենք ունեցել եւ չունենք, խնդիրներ միշտ էլ լինում են, որոնք հաղթահարելի են: Պետք է հաշտվել այն մտքի հետ, որ շատ երեխաներ ըմբոստ են մեծանում, ակտիվ են, սիրում են հակադրվել: Այստեղ ուսուցիչը միայն պետք է ուղղորդի աշակերտին, որ ազատությունը երբեք չի կարելի շփոթել սանձարձակության հետ, համարձակ լինելը` լկտիության…

«Հրապարակ». Այսօրվա ուսուցիչը կա՛մ պետք է առաջնորդ լինի, կա՛մ` գործընկեր