04/06/2025

Ինչու Կայա Կալասը չի այցելել Հայաստան` չկա՞ ընդհանուր եզր

Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Կայա Կալասին: Միրզոյանը Բրյուսել է մեկնել Լյուքսեմբուրգից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի Խորհրդի նախարարական կոմիտեի նիստին:

Այդ միջոցառումից հետո Արարատ Միրզոյանը Բրյուսել է մեկնել Կալասի՞ն հանդիպելու համար:

Դա՞ է եղել նրա բրյուսելյան այցի գլխավոր նպատակը: Սա էական հարցադրում է, քանի որ դեռևս ապրիլի 1-ին Հայաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտյանմայերը ազդարարել էր Կալասի Հայաստան սպասվող այցի մասին:

Ապրիլի 25-ին Կայա Կալասը այցելեց Բաքու, այնտեղ հանդիպելով Չինաստանից նոր վերադարձած Իլհամ Ալիևի հետ, իսկ ահա Հայաստան նա դեռ չի այցելել: Ինչո՞ւ:

Շտայնմայերը շտապե՞լ էր, թե՞ Երևանն ու Կալասը չեն կարողանում համաձայնեցնել այցը: Բրյուսելյան հանդիպմանը, ըստ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ է եղել առաջիկա բարձրաստիճան շփումներին և դրանց օրակարգային հարցերի։

Տպավորություն է, որ Միրզոյանը մեկնել է Բրյուսել բարձրաստիճան շփում համաձայնեցնելու համար, թեև պարզ չէ՝ այդ շփումը կլինի օրինակ Կալասի Հայաստան այցի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի տեսքով: Կայա Կալասը Եվրամիության այն պաշտոնյաներից էր, որոնք առավել կոշտ էին արտահայտվում մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին մասնակցության հանդեպ:

Նիկոլ Փաշինյանն ինչպես հայտնի է մասնակցել է այդ շքերթին, թեև դրանից առաջ էլ եղել էր Կալասի հայրենիքում՝ ԵՄ ու ՆԱՏՕ անդամ Էստոնիայում: Կալասի այցը Հայաստան չեղարկվել կամ հետաձգվել է մայիսի 9-ի՞ պատճառով, իսկ Արարատ Միրզոյանը գնացել է «սառնությունը կոտրելու»:

Թե՞, այդուհանդերձ, խնդիրը ավելի խորն է և վերաբերում է հայ-ադրբեջանական պրոցեսին: Այստեղ գուցե կա «բանալի» արտահայտություն, որ ԵՄ հանձնակատարը արել է ապրիլի 25-ին Բաքվում: Կ

այա Կալասը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձ են կատարել Կենտրոնական Ասիայի հետ ԵՄ հարաբերության և հաղորդակցության կարևորությանն ու դրանում Ադրբեջանի դերին: Ադրբեջանը դրանում չի կարող դեր ծավալ «առանց» Հայաստանի:

Բայց դրա համար էլ պետք է լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր ու ճանապարհների ապաշրջափակում: Ադրբեջանը այդ առնչությամբ հայտարարում է, որ սպասում է Երևանի պարտավորությունների կատարմանը:

Կասկած չկա, որ այդ արձանագրումն են արել նաև Բաքվում Կալասի առաջ՝ Ալիևի մակարդակով, որը, թերևս, Չինաստանից վերադարձել էր «ռազմավարական գործընկերության» որոշակի բոնուսով:

Եթե Կալասը դրանից հետո չի այցելել Հայաստան, ապա դա թերևս նշանակում է, որ այդ հարցում չկա ընդհանուր եզր, որը թույլ կտա ԵՄ-ին գրանցել առաջընթաց՝ դեպի Կենտրոնական Ասիա է շղթայում:

Առաջիկայում թերեւս նշմարելի կլինի, թե արդյո՞ք Արարատ Միրզոյանի բրյուսելյան այցը այդ իմաստով փոխել է որևէ բան: