Մերձավան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը մի քանի ժամում փոթորկեց համացանցը. ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դժգոհ են նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանից։
Նրանց պնդմամբ՝ Դավթյանն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում եւ ուսուցչին ոչ հարիր վարք է դրսեւորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին: Դասադուլավորների խոսքով՝ Ռոզա Դավթյանը քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը: Սակայն Ռ. Դավթյանն էլ իր հերթին է տեսախցիկների առաջ նշում, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, ծնողների ու աշակերտների հետ միասին, դուրս է եկել իր դեմ եւ կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:
Դպրոցի միջանցքներում արված տեսանյութերը մեծ քննարկումների ու քննադատությունների ալիք բարձրացրին, որից կարճ ժամանակ անց ԿԳՄՍՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտեց Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը՝ ընդգծելով, որ պատմության ուսուցչի նկատմամբ դրսեւորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել՝ սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային եւ բազմաշերտ խնդիրների մասին»,- նշված է հայտարարության մեջ:
ԿԳՄՍ նախարարությունից բացի, պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ նախարար Ժ. Անդրեասյանը, որը մեղավորության սլաքները հիմնականում ուղղեց ծնողների կողմը, որոնց մեծ մասը, ըստ նրա, երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով։ «Անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե՛ իրենց վերաբերմունքն է, թե՛ իրենց կողմից նաեւ իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա։ Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։ Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաեւ զբաղվեք ձեզնով, կրթվելն ամոթ չի…»,- գրել է նախարարը, որն իր գրառման տակ փակել է մեկնաբանությունների դաշտը՝ դրանով հնարավորություն չտալով այլ մեկնաբանությունների:
Կրթության փորձագետ Վանո Կարապետյանն ասում է` բոլոր օղակներն էլ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն, սակայն. «Խնդիրն այն է, որ երբ դպրոցում միջադեպեր են լինում, որպես մեղավոր՝ թե՛ հասարակական, թե՛ նախարարության մակարդակով, առաջինը կարգում են ուսուցչին: Այո, էմոցիաների զսպման տեսակետից ուսուցիչը միշտ էլ պետք է բարձունքում մնա, բայց շատ դեպքերում այսօր արժեհամակարգային լրջագույն խնդիրներ կան, հատկապես՝ բարձր դասարաններում, կան աշակերտներ, որոնք ընդհանրապես խնդրահարույց են իրենց վարքով, ուսուցիչներին շատ դեպքերում հունից հանում են ու գաղտնի նկարահանում, գցում ինտերնետ: Դրանից հետո արդեն բոլորը սկսում են փնովել ուսուցիչներին, բայց պատճառները հիմնականում խորքային են։ Երբ աշակերտը հաճախում է հանրակրթական ուսումնական հաստատություն, կրթության եւ դաստիարակության գործընթացը միայն ուսուցչի ուսերին դրված չէ, այլեւ պետք է ակտիվորեն աշխատի ուսուցիչ-ծնող կապը, ու երբ, ցավոք սրտի, այդ կապը չի կայանում, մենք նման երեւույթների ենք ականատես լինում: Այսօր ընդհանրապես ուսուցչի աշխատանքը, հարգանքն ուսուցչի հանդեպ, այդ ամենը արժեհամակարգային իմաստով դեգրադացիայի է ենթարկվել, իսկ նման խնդիրների մենք շատ ենք առերեսվում հանրակրթական հաստատություններում»:
Նման իրավիճակները, ըստ փորձագետի, հաճախ միակողմանի են մեկնաբանվում, եւ շատ դեպքերում հենց ուսուցիչներին են մեղադրում։ «Շատ դեպքերում էլ չեն հասկանում խնդրի բուն պատճառն ու էությունը: Օրենսդրական առումով, աշակերտն ունի թե՛ իրավունքներ եւ թե՛ պարտականություններ, բայց այսօր առաջին պլան են մղվում հիմնականում աշակերտների իրավունքները, իսկ պարտականությունների մասին շատ քիչ է խոսվում: Կարծում եմ` արժեհամակարգային դաշտում է թե՛ խնդիրը, թե՛ դրա լուծումը,- ասում է Վ. Կարապետյանն ու նկատում։- Ես մի քիչ ուսուցիչների շահերից եմ խոսում, բայց, իհարկե, աշակերտներին էլ պետք է հասկանալ: Ուսուցիչը, որպես մեծահասակ, չպետք է սադրանքների գնա, բայց նման դեպքերում մյուս օղակների դերակատարման մասին չեն խոսում եւ միանգամից փնովում են ուսուցչին ու դպրոցը»:
Վ. Կարապետյանն աշխատում է դպրոցում, ասում է` որպես մանկավարժական ոլորտի աշխատող, գրեթե ամեն օր առնչվում է նման խնդիրների։ «Նման իրավիճակներում նաեւ սոցիալական բաղադրիչը կապ ունի, օրինակ՝ ծնողներ կան, ովքեր հենց սկսում են ինքնակամ հովանավորել այս կամ այն ծրագիրը դպրոցում կամ որեւէ դասարան են վերանորոգում, հետո իրենց խոսքը դառնում է ավելի գերակա, ու ակնկալում են, որ իրենց երեխաներին, աշակերտներին նկատողություն չարվի: Ամենայն լրջությամբ եմ ասում՝ այսօր ծնողներ կան, որոնք ասում են՝ գնացեք, ուսուցչի վրա մատ թափ տվեք, կամ՝ ուսուցիչն ո՞վ է, որ ձեզ նկատողություն կամ դիտողություն անի: Այնպես չէ, որ ես ուզում եմ ուսուցիչներին պաշտպանել, բայց շատ դեպքերում նրանք իրոք անպաշտպան են այդ տեսակետից: Մեդալը միշտ ունենում է 2 երես, եթե նման խնդիրներ են առաջացել, միայն ուսուցիչը մեղավոր չէ, տվյալ ուսուցչից բացի դպրոցում կա նաեւ տնօրեն, դասղեկ, դաստիարակչական աշխատանքների համակարգող, հոգեբան, այլ մասնագետներ եւ գումարած՝ ծնող։ Եթե ժամանակին այս օղակների միջեւ համագործակցություն տեղի ունենա, նման միջադեպեր չեն լինի»,- վստահեցնում է փորձագետ-մանկավարժը:
«Բոլոր օղակներն էլ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն, բայց պետք է հիշել, որ այսօր ունենք 300-ից ավելի դպրոցներ, որտեղ տնօրեն չկա, ու հաճախ, երբ տնօրենի թեկնածուն նախարարության կամ տվյալ լիազոր մարմնի սրտով չի լինում, եւ չեն կարողանում տնօրեն նշանակել, իրենց մարդկանց միջոցով` ծնողներին, աշակերտներին սկսում են հրահրել այս կամ այն ուսուցչի դեմ։ Նման դեպքեր եղել են: Ուղղակի այսպիսի դեպքերում պետք է հասկանալ պատճառահետեւանքային կապերը, իսկ այս դեպքում ակնհայտ է, որ բոլոր օղակներն էլ թերացել են, եւ կան էթիկայի նորմեր, որոնք չպետք է անցնել, իսկ ամեն դպրոց ունի իր ներքին կարգապահական կանոնները, որի կատարումը պարտադիր է թե՛ ուսուցիչների եւ թե՛ աշակերտների համար»,- խոսքը եզրափակում է Վ. Կարապետյանը:
Բաց մի թողեք
Ապագա լրագրողները ձկան պես լուռ են եղել, չէ, լուռ չեն եղել, այլ քծնել են Փաշինյանին, Նաղաշ Մարտիրոսյանի մեղքն է
Փաշինյանը բարկացած էր, գոռում էր․ մանրամասներ ԵՊՀ-ում հանդիպումից
Նիկոլի հետ հանդիպման գնացած դասախոսների մեջ նկատում եմ մարդկանց, ովքեր նրան ինչ ասես, որ չեն ասում