03/07/2025

Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք մեր այդ առավելությունները եւ, եթե այո, արդյոք օգտագործո՞ւմ ենք՝ բարիք բերելով

Ի՞նչ ծագումնաբանություն ունեն գերմաներեն «Bildung» եւ ռուսերեն «образование» բառերը Հնարավոր չէ, որ մարդը Ազգային ժողովի դահլիճում իրեն պահի խուլիգանի պես, իսկ այնուհետեւ գնա ինչ-որ մի այլ դահլիճ եւ քարոզի, թե որքան կարեւոր է կրթվելը:

Այդ դեպքում պարզ չէ, թե ինչի համար է պետք կրթվել: Եթե խոսքը միայն գիտելիքներ ձեռք բերելու մասին է, ապա վաղը կամ մյուս օրը արհեստական բանականությունն այնպիսի գիտելիքների ծավալ կունենա, որի մասին ոչ մեկս երազել չի կարող: Գուցե կասեք, որ կրթված մարդը պրոֆեսիոնալ է. եւ դա, իհարկե, ճիշտ է:

Բայց ի՞նչ է ներառում ուսուցչի, բժշկի, արհեստավորի, գիտնականի, դաշնակահարի պրոֆեսիոնալիզմը: Ինձ թվում է՝ ամենակարեւոր բաղադրիչներից է մարդկանց հետ շփվելու, նրանց ծառայելու կարողությունը, որովհետեւ այն, ինչ անում է այդ պրոֆեսիոնալը, նա անում է մարդկանց համար, հանուն մարդկանց: «Կրթություն» հայերեն բառը բարդ եւ միանշանակ չմեկնաբանվող ստուգաբանություն ունի:

Այդ պատճառով՝ որպես օրինակ վերցնենք գերմաներեն Bildung եւ ռուսերեն образование բառերը: (Հայտնի է, որ առնվազն 18-րդ դարից Ռուսաստանը կրթության եւ գիտության առումով շատ հարցերում փոխառում էր գերմանական մոդելը): Երկու բառերի հիմքում Bild, образ, այսինքն՝ «կերպար», «պատկեր» բառն է:

Որտեղի՞ց է այդ բառը գալիս: Ակնհայտ է, որ Աստվածաշնչից: «Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով եւ նմանությամբ» (Ծննդ. 1:26): Գերմանացի վանականները, հոգեւորականները (ըստ որոշ տեղեկությունների՝ առաջինն այդ բառն օգտագործել է Միջնադարի խոշորագույն միստիկ փիլիսոփա Մայսթեր Էքհարտը) հենց դա նկատի ունեին, երբ կրթության անունը Bildung էին դրել:

Ընդ որում՝ դրա տակ հասկացվում էր ոչ թե ինչ-որ առարկաներից ինչ-որ գնահատականներ ստանալը. կրթվողը, կատարելագործվողը կա՛մ համարվում էր իր գործի վարպետը, կա՛մ չէր համարվում:

Այդ գործընթացը Միջնադարում կարող էր շատ երկար տեւել՝ Գրիգոր Տաթեւացին, օրինակ, Հովհան Որոտնեցու մոտ «բարձրագույն» (մեր եզրաբանությամբ) կրթություն էր ստանում մոտ 10 տարի:

«Աստծո կերպարանքով եւ նմանությամբ» արտահայտությունն, իմ կարծիքով, ընդգրկում է երեք ոլորտ՝ մտավոր, բարոյական եւ սոցիալական: Այսինքն՝ Աստված, ստեղծելով աշխարհը (այդ թվում՝ կենդանական), վերջում հատուկ «շեշտադրում» է արել մարդու վրա, որը տարբերվում է Իր նախորդ ստեղծածից մտավոր ունակություններով, բարոյական սկզբունքներով եւ նմանների շրջապատում ապրելու առանձնահատկություններով:

Արդյոք մենք օգտագործո՞ւմ ենք մեր այդ առավելությունները եւ, եթե այո, արդյոք օգտագործո՞ւմ ենք՝ բարիք բերելով: Իհարկե՝ ոչ միշտ: Իսկ ի՞նչ է պետք դա ճիշտ օգտագործելու համար: Պատասխանը միանշանակ է՝ պետք է կրթվել: Այլ կերպ ասած, ձգտել նմանվել «բնօրինակին»՝

Նրան, ով մեզ ստեղծել է իր կերպարանքով: Հասկանալով, իհարկե, որ մենք Նրանից շատ հեռու ենք: Երբ մեզ առաջարկվում է ինչ-որ հմտություններ ձեռք բերել՝ առանց մտավոր, բարոյական եւ սոցիալական հիմքի, դա նշանակում է, որ մենք, լավագույն դեպքում, կնմանվենք ChatGPT-ին, ըստ որում՝ հիշողության շատ ավելի փոքր տարողականությամբ: Դա բացարձակապես անիմաստ զբաղմունք է, ժամանակի եւ ջանքերի կորուստ:

…Իմ պատկերացմամբ, կրթված մարդը մի կողմից, եւ, մյուս կողմից՝ կիրթ, քաղաքակիրթ անձնավորությունը նույն երեույթներն են: Երբ մարդն ապրում է իր գյադայական, լակոտական աշխարհում, նրան հնարավոր չէ «կրթված» համարել:

Նույնիսկ այն դեպքում, եթե նրա գլխում կան որոշակի քանակի տեղեկություններ՝ այս կամ այն ոլորտի մասին: Իսկ երբ նման անկիրթ անձնավորությունները որոշակի պաշտոններ են զբաղեցնում, նրանք հասարակություն են կերտում իրե՛նց կերպարանքով եւ նմանությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ