18/05/2025

«Բուլինգը», վստահ եմ, «ինքնաբուխ» չի ծնվում երեխաների միջավայրում

Դպրոցում իմ աշակերտներին ես բազմիցս ասել եմ, որ բոլոր ազգերի մեջ (այդ թվում՝ թուրքերի) կան լավ եւ վատ մարդիկ, որ մեր կոնֆլիկտը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քաղաքական է եւ ոչ՝ ազգային, առավել եւս՝ ոչ կրոնական:

Վստահ եմ, որ 16-17 տարեկան երեխաների հետ կարելի է եւ պետք է խոսել նման թեմաներով (համենայնդեպս՝ «հասարակագիտություն» առարկայի շրջանակներում): Աշակերտների մի մասն ինձ հետ համաձայն է, մի մասը՝ ոչ, եւ այդ խնդիրը մենք հանգիստ քննարկում ենք դասարանում:

Միշտ զգուշացնում եմ երեխաներին, որ կան հարցեր, որոնք միանշանակ պատասխաններ չունեն: Վստահ եմ, որ նման քննարկումները ժամանակակից ուսումնական գործընթացի կարեւորագույն մասն են:

Երեխաները մեծանում են, դառնում են, ասենք, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆեյսբուքյան ստատուսագիրներ ու մեկնաբանողներ եւ չեն կարողանում իրար հետ մարդավարի շփվել, չեն կարողանում հարցերը հանգիստ քննարկել. դրա մեջ ես տեսնում եմ ընտանեկան եւ դպրոցական դաստիարակության բացը:

Լինել միշտ ճիշտ, լինել մեծամասնության հետ, ամեն կերպ կորզել մարդկանց հավանությունը, ծափահարությունները, կռվի մեջ «տակ չտալ»՝ դրանք այն նպատակներն են, որոնք հետապնդելով մարդկանց խումբը դառնում է ոհմակ:

«Բուլինգը», վստահ եմ, «ինքնաբուխ» չի ծնվում երեխաների միջավայրում՝ դա մեր՝ ծնողներիս, տատիկ-պապիկներիս, ուսուցիչներիս տրամադրությունների եւ կամա-ակամա ուղղորդումների արտացոլումն է:

Մերձավանի դպրոցի մասին կա մի դրվագ, երբ երեխան, մեղմ ասած, անհարգալից է խոսում ուսուցչի մասին (ինչպիսին էլ նա լինի), եւ հավաքված ծնողները խրախուսում են նրան: Եթե սաստեին՝ միթե՞ նա կփորձեր այդ ձեւով բոլորին դուր գալ:

Լինել ինքնուրույն, չվախենալ մնալ փոքրամասնության մեջ, նույնիսկ՝ մենակ մնալ, չթշնամանալ այն մարդկանց հետ, որոնք քեզնից տարբերվող կարծիք ունեն, չկպցնել նրանց որեւէ պիտակ՝ կարծում եմ, այդպիսի բաներ պետք է սովորեցնել դպրոցում: Իհարկե, ոչ միայն դպրոցում:

… Երկրորդ համաշխարհային պատերազմի այն մասը, որն առնչվում էր մեզ՝ հայաստանցիներիս, ես ընկալում եմ որպես Մեծ Հայրենական պատերազմ: Իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը դրան կտրականապես դեմ է: Այդ անհամաձայնությունը մեզ թշնամի չի դարձնում, մենք մնում ենք բարեկամներ՝ ոչ ես եմ նրան «սորոսական» համարում, ոչ էլ նա ինձ՝ «Պուտինի լրտես»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ