Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ է համարվում Ճապոնիայի ներխուժումը Մանջուրիա, իսկ ավարտը՝ Միացյալ Նահանգների «պարտությունը Կորեայում»:
Ցանկության դեպքում կարելի է պատկերը ներկայացնել հակառակ կողմից՝ Մերձբալթիկա ԽՍՀՄ ներխուժումից մինչև Աֆղանստանում և Աֆրիկայում նրա պարտությունը, բայց հեղինակի ձևակերպումը, որ աշխարհաքաղաքական ներկայիս տուրբուլենտությունը 20-րդ դարի երկրորդ կեսերին մեկնարկած՝ Արևմուտք-կոմունիստական ճամբարի երկրներ հակամարտության հետևանք է, երևի, առարկություն չի վերցնում:
Ռուսաստանի պետական քարոզչամիջոցը, ընդսմին, քաղաքական այդ ընդհանրացումն արել է Ստամբուլում ուկրաինական կարգավորման բանակցությունների ֆոնին: Մայիսի 15-ին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում չի կայացել:
Գտնվելով Անկարայում՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պաշտպանության նախարար Ումերովի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղել՝ ելնելով բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից:
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին, ինչպես թուրքական «Անադոլուն» է փոխանցում, ասել է, որ պատրաստ են բանակցել այն հիմքով, որ ձևավորվել է 2022 թվականին: Բայց ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները չափազանց հակոտնյա են, և հյուրընկալող կողմը փորձում է պարզապես «դրություն փրկել»:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլի Դոլմաբահչե նախագահական պալատում մեկնարկել է ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա հանդիպումը:
Բանակցությունները նախագահում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Միացյալ Նահանգները ներկայացնում է պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ Ուկրաինան՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և արտգործնախարար Անդրեյ Սիգիբան:
Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քելոգը:
Ինչպես «Անադոլուին» տեղեկացրել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները, նախատեսված է, որ օրվա երկրորդ կեսին կկազմակերպվի Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում: Ըստ էության, միայն դրանից հետո պարզ կլինի՝ ռուս-ուկրաինական բանակցություններ սկսվու՞մ են, թե՞ պատվիրակությունները վերադառնում են Մոսկվա և Կիև, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն՝ ձեռնունայն մեկնում Վաշինգտոն:
Դոլմաբահչեի պալատում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի նախաձեռնած բանակցություններն, ըստ էության, վկայում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև որևէ սկզբունքային համաձայնություն, առավել ևս՝ գաղտնի պայմանավորվածություն չկա, և Վլադիմիր Պուտինը փաստացի «փչացրել է» Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան շրջայցի «տրիումֆը», որ ամբողջական կլիներ, եթե մայիսի 15-ին ռուս-ուկրաինական պատերազմում երեսունօրյա հրադադար հայտարարվեր, որի երաշխավոր կլինեին չորս նախագահներ՝ Թրամփը, Պուտինը, Զելենսկին և Էրդողանը:
Ռուս-ուկրաիանական պատերազմից ամիսներ առաջ Վլադիմիր Պուտինը դիմել է ԱՄՆ-ին և Եվրոպայի առաջատար երկրներին՝ առաջարկելով կազմակերպել «Յալթա-2» և որոշել եվրոպական անվտանգության նոր համակարգը: Պուտինը պատերազմը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի քննարկվի այդ հարցը: Եվ այս առումով ՌԻԱ-Նովոստիի հեղինակը փաստացի հասկացնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը չի ավարտվել կամ ԽՍՀՄ փլուզմամբ վերսկսվել է:
Ըստ այդմ, միջազգային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, որ սահմանված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և բազմակողմ պայմանագրերով, այլև իրական ռեժիմում գործունակ չեն: Մայիսի 8-ը սահմանելով ֆաշիզմի դեմ ԱՄՆ և նրա եվրոպական դաշնակիցների հաղթանակի օր, Միացյալ Նահանգների նախագահը հստակ ուղերձ է հղել, թե «ով է աշխարհի տերը»:
Եթե Վլադիմիր Պուտինն ընդուներ մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու և ԱՄՆ նախագահի հետ ուկրաինական պատերազմին վերջ տալու առաջարկությունը, նա, գուցե, «տեխնիկական ձեռքբերումներ» կունենար: Բայց դա չէր լինի Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի հաղթանակ, այլ՝ հաղթած ԱՄՆ-ից ստացած «կերակրաբաժին»:
Խորքային իմաստով մայիսի 15-ը Դոնալդ Թրամփի աշխարհաքաղաքական պարտությունն է, և ինչ-որ մեկն այդ «հաշիվը պետք է փակի»: Ո՞վ կմտնի նման ահռելի պատասխանատվության տակ, որովհետև եթե Վլադիմիր Պուտինի նկատմամբ չկիրառվի «անսանձի սանձահարում», ապա նշանակություն չունի՝ Երրորդ համաշխարհային կսկսվի՞, թե՞ ոչ, երկու դեպքում էլ «նոր աշխարհակարգի խաղի կանոններ սահմանող» կլինի նա, այսինքն՝ Ռուսաստանը:
Իսկ Պուտինի «տրիումֆի» համար կվճարեն ինչպես Չինաստանը, այնպես էլ Պարսից ծոցի արաբական միապետությունները: Վաշինգտոնը դիվանագիտական շռնդալի «ապտակից» կսթափվի՞:
Բաց մի թողեք
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, բայց խուսափում է պաշտոնական նախազգուշացումից Ադրբեջան այցելելու մասին՝ չսրելու հարաբերությունները Բաքվի հետ
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում