20/08/2025

Համաշխարհային ուժային կենտրոնների և Արևեմուտքի ու Արևելքի բլոկների հետ հարաբերությունների բալանսավորում

Իրանը կազմակերպել է «Թեհրանի երկխոսության խորհրդաժողով», որին, ինչպես IRNNA գործակալությունն է փոխանցում, մասնակցում է աշխարհի 53 երկրից 200 պատվիրակություն, այդ թվում՝ նախարարներ և որոշում ընդունելու վրա ազդեցություն ունեցող այլ պաշտոնյաներ:

Նախաձեռնությունը պատկանում է Իրանի ԱԳՆ Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնին: Խորհրդաժողովի բացմանը ներկա է գտնվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին սուր քննադատության է ենթարկել միջազգային հանրությանը, որ «չկարողացավ ըստ էության դատապարտել» Գազայում իրականացվող հանցագործությունը:

«Գերտերությունների ծանր լռությունը և անգործությունը, որ իրենց համարում են մարդկային խղճի պաշտպաններ, ինչպես նաև միջազգային ինստիտուտների անգործունակությունն, իրոք, շոկ են պատճառում և համընդհանուր արթնացման կոչ են հանդիսանում»,- հայտարարել է Արաղչին:

Այնուհետև նա ասել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի տարածաշրջանային կարգավորումները «ծրագրվեն արտատարածաշրջանային ուղեղային կենտրոններում»: Արաղչին, ընդսմին, սահմանել է Մասուդ Փեզեշքիանի կառավարության արտաքին քաղաքականության երեք հիմնական ուղղությունները՝ հարևանների հետ առավելագույն համագործակցություն, Գլոբալ հարավի երկրների և նոր խաղացողների հետ համագործակցության ընդլայնում, համաշխարհային ուժային կենտրոնների և Արևեմուտքի ու Արևելքի բլոկների հետ հարաբերությունների բալանսավորում:

Իրանի արտաքին գործերի նախարարի ելույթում, ինչպես տեսնում ենք, բացակայում են Իսրայելի հասցեին ավանդական կոշտ ձևակերպումները: Համենայն դեպս, IRNA-ի տարածած տեքստում խոսք իսկ չկա «սիոնիստական ռեժիմի սպառնալիքի և այն ոչնչացնելու անհրաժեշտության» մասին: Աբաս Արաղչին նաև չափազանց զգուշաբար է խոսել այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարի թեմայով:

Տպավորություն է, որ այդ ելույթի թեզերը մշակվել են՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացի կարևորությունը: Դա Իրանի համար, իրոք, ունի էքզիստենցիալ նշանակություն:

Որքան էլ կրոնապետությունը գաղափարա-քարոզչական առումով ամուր և միասնական է ներկայանում, գրեթե բոլոր չեզոք փորձագետները վկայում են, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, ինչի հետեւանքով իշխանություններից հանրային դժգոհությունն աճում է:

Միացյալ Նահանգների և եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ բանակցությունները հնարավորություն են, որպեսզի միջուկային ծրագրի հարցով ձևավորվի փոխընդունելի տեսակետ, պատժամիջոցները չեղարկվեն, և երկրի տնտեսությունը կարողանա «լիաթոք շնչել»: ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների հերթական փուլին ընդառաջ, այսպիսով, Թեհրանը, կարծես, արտաքին քաղաքական նոր ուղեգիծ է հռչակում:

Դատելով Աբաս Արաղչիի ձևակերպումների քաղաքական ենթատեքստից և տոնայնությունից, Իրանը փաստացի հայտարարում է աշխարհաքաղաքական «բալանսավորված չեզոքության» պատրաստակամության մասին, բայց միաժամանակ դա պայմանավորում է ուժային բոլոր կենտրոնների, Արևմուտքի և Արևելքի ռազմաքաղաքական դաշինքների կողմից տարածաշրջանային տերության իր կարգավիճակի իրավական ճանաչմամբ:

Լուծելի՞ խնդիր է դա: Իսկ եթե՝ ոչ, ապա ո՞րն է այլընտրանքը: Իրանում կրոնապետության դեմ ներքին բողոքների գեներացու՞մը, ռազմական ագրեսիա՞ն: Իրանի նախագահը հայտարարել է, որ բանակցությունների պատրաստ են, բայց ոչ մի սպառնալիք չեն ընդունում:

«Թեհրանի երկխոսության խորհրդաժողովը» հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ այնտեղ են գտնվել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նույն մակարդակի հանդիպումներ ունեցել Իրանի պաշտոնյաների հետ: