04/06/2025

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Թեհրանում անցկացված Միջազգային երկխոսության համաժողովում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի մասին: Նա հայտարարել է, որ նման նախագիծ և անգամ նման քննարկում չկան։

Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։

«Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան և նպաստել զարգացմանը»,- ասել է Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ այն գնահատելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ Բացի այդ՝ ԱԽ քարտուղարի վստահեցմամբ այս հայեցակարգը կամրապնդի խաղաղության ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում։ Բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան և նպաստել զարգացմանը», -Իրանում կայացած միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ֆորումին մասնակցելու առիթով նա մայիսի 16-ին մեկնել էր Թեհրան: Թեհրանում Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել նաև ոչ միայն իրանցի իր գործընկերոջ, այլ նաև Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Սա, իհարկե, հատկանշական հանգամանք է, քանի որ այսպես ասած «սուբորդինացիոն» շրջանակից դուրս է, իսկ այցն էլ պաշտոնական բնույթի չէ: Հետևաբար, կամ Երևանին այդպիսով ցուցաբերվել է հատուկ ուշադրություն, կամ Թեհրանը հատուկ հարցադրումներ է ունեցել Հայաստանին ուղղված, գուցե կապված նաև ճանապարհների հարցի հետ:

Հատկանշական է, որ Արմեն Գրիգորյանի Թեհրան այցին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպել է ԵՄ ղեկավարության հետ, ինչպես նաև զրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ: Իսկ այդ հանդիպումներում ու զրույցներում ըստ ամենայնի առանցքային եղել է ճանապարհների հարցը, հատկապես նկատի ունենալով, որ հենց այդ հարցն էր շեշտադրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իքսում գրառում անելով Ալբանիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ իրենց հանդիպումների առնչությամբ:

Եվրամիությունը բարձրաձայնում է Միջին միջանցքի կարեւորությունն ու դրա համար հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների բեկումնային նշանակությունը: Սրան զուգահեռ, ավելորդ չէ գուցե հիշել Իրանի ԱԳ փոխնախարար Խատիբզադեի՝ մայիսի 6-ին Բաքու այցի ընթացքում արած հայտարարությունը, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կարող է միջնորդ լինել Հայաստանի և Բաքվի միջև: Նրա այդ հայտարարությունը փաստորեն հնչեց Մասուդ Փեզեշկիանի՝ ապրիլի 28-ին Բաքու կատարած այցից օրեր անց: Հատկանշական է, որ ռեգիոնալ անվտանգության թեմատիկայով միջազգային համաժողովին մասնակցելու համար Թեհրան է այցելել նաև Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ինչպես հայտնի է, 2023 թվականին Հաջիևն ու Գրիգորյանը մի շարք բանակցություն են անցկացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանի միջնորդությամբ: Թեհրանում կարո՞ղ էր լինել Գրիգորյան-Հաջիև շփում: Պաշտոնական որևէ հաղորդակցության մասին տեղեկություն չկա: Միաժամանակ հայտնի է, որ Հաջիևը մայիսի 17-ին Ալբանիայում էր, որտեղ ներկա էր Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի միջանցքում Փաշինյան-Ալիև զրույցի մի մասին: