Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստան» գաղափարը դիտարկում է «Արևմտյան Ադրբեջան» պատկերացման շրջանակում։
Այս մասին նա հայտնել է հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Արարատ լեռան հարցին և այդ գաղափարի հետ կապված մոտեցումներին։
Քոչարյանի խոսքերով՝ Արարատը հայ ժողովրդի համար տարածքային պահանջ չէ, այլ ազգային ինքնության խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ երբևէ որևէ լուրջ քաղաքական ուժ նման պահանջ չի ներկայացրել՝ այն գրավելու մասին, հետևաբար հարցը տարածքային չէ, այլ հոգևոր ու մշակութային. «Որևէ մեկը լուրջ կարծում է, թե Արարատ սարի վրա աչք ունե՞նք:Այն մեզ համար սիմվոլ է։ Երբևէ որևէ ողջամիտ քաղաքական կոչ լսե՞լ եք, որ ասենք՝ գնանք, Արարատը գրավենք»:
Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունները հետաքրքրված չեն գերիների խնդրով։
Հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ գերության մեջ գտնվող անձինք այն մարդիկ են, ովքեր վերադառնալով Հայաստան՝ կարող են իրենց հեղինակությամբ համախմբել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Քոչարյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունները նման զարգացում չեն ցանկանում, ինչն էլ, ըստ նրա, գերիների հարցի հանդեպ անտարբերության պատճառներից է։
Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով խաղաղության մասին խոսակցություններին, ընդգծեց, որ իրական խաղաղությունը չի կարող հիմնվել նվաստացման վրա։
Նրա խոսքով՝ «արժանապատիվ խաղաղություն» հասկացությունը վաղուց է շրջանառվում, բայց այն չի կարող իրականություն դառնալ, երբ դրան ձգտող մարդը հանրության աչքում պարտության խորհրդանիշ է։
Քոչարյանը վստահ է, որ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ուժեղ, ազգային շահերով առաջնորդվող ղեկավար։ Սակայն, ըստ նրա, ներկա իրավիճակում երկրի ղեկավարը մղվում է սեփական ինքնապաշտպանությամբ, այլ ոչ թե պետական մտածողությամբ։ Նա նշում է, որ նման մոտեցմամբ առաջնորդը ի զորու չէ պաշտպանելու պետական և ազգային շահերը։
Հիշելով Ալբանիայում տեղի ունեցած հանդիպման կադրերը, որտեղ երևում էին Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի ղեկավարը, Քոչարյանը կոշտ ձևակերպումներով նկարագրեց տեսարանը՝ այն որակելով որպես արժանապատվության կորուստ։
Նա նշեց, որ տեսանելի էր վարչապետի «կուչ եկած» պահվածքը, որն, ըստ Քոչարյանի, նման էր շեֆի առաջ խոնարհված ենթակայի վարքագծի։ Այսպես կոչված «մարմնի լեզուն», ինչպես ասաց նա, վկայում է հոգեբանական ու քաղաքական վիճակի մասին, երբ ղեկավարը իր տեղն արդեն տեսնում է որպես կախյալ ու ենթակա կողմ։
Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ նման իրավիճակում գտնվող ղեկավարը չի կարող երկրի համար օգտակար որոշումներ կայացնել՝ հատկապես ազգային անվտանգության ու պետականության հարցերում։
Բաց մի թողեք
Էրդողանի «մերկացրած յաթաղանը» նաև տարածաշրջանի մրցակից երկրների դե՞մ է
Ալիևի որդին՝ սկանդալի կենտրոնում, ինչ է պահանջվում նրանից ՌԴ դատարանում․ Լուսանկար
Պուտինը Թրամփին հասկացրել է, որ հայ – ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ, ինքը թույլ չի տա