Եվրոպական առաջնորդները ցնցված են Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասնություններից, որ նրանց փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այդ մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին: Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆինլանդիայի առաջնորդներին, ինչպես նաև Եվրահանձնաժողովին և Ուկրաինայի նախագահին:
Թրամփ-Պուտին հեռավար բանակցությունների մասին հրապարակային տեղեկություն փոխանցել են հենց իրենք՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները, բայց դա, կարելի է ասել, «միամիտների» համար է: Իրական պատկերը նախօրեին ներկայացրել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ հրապարակայնացնելով, որ Վաշինգտոնի միջնորդությամբ բանակցությունները «գտնվում են փակուղում»:
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը հաղթահարե՞լ է փակուղին կամ գոնե ուրվագծե՞լ է ելքի հեռանկար՝ ահա, թերևս, գլխավոր հարցը, որի ուղղակի պատասխանը նույնիսկ փորձագետները չեն հնչեցնելու:
Իրավիճակի «նրբությունը» բավական դիպուկ ձևակերպել է «Նեզավիսիմայա գազետան», որի մեկնաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանին պետք է հասնել նրան, որ ԱՄՆ-ը լիովին դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, իսկ Զելենսկին և նրա եվրոպացի գործընկերները ձգտում են Թրամփին համոզել, որ Պուտինը խաղաղություն հաստատելու իրական մտադրություն չունի, անհրաժեշտ է նրա նկատմամբ ճնշումը մեծացնել։
Financial Times-ի դիվանագիտական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ նախագահը եվրոպական երկրների առաջնորդներին հասկացրել է, որ միջնորդության իր դերը փայլուն կատարել է, այժմ ժամանակն է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մեկնարկեն երկկողմ բանակցությունները: Սա, թերևս, այն է, ինչ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆինլանդիայի առաջնորդներին «ցնցում է պատճառել»:
Այս համատեքստում կարևորվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել վերջնական խաղաղության պայմանագրի սկզբունքների մասին հուշագիր ստորագրելու հարցը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ երևույթին, Պուտինի այդ «պատրաստակամությունն» է համարում դիվանագիտական հաջողություն և, ինչպես Financial Times-ի աղբյուրներն են ընկալել՝ Թրամփը «դադարեցնում է միջնորդությունը»:
Այս իմաստով կարևոր է արևմտյան մեկնաբաններից մեկի հղում Թրամփի «Գործարքի արվեստը» գրքին, որտեղ նա ասում է. «Երբեք մի խոստովանիր քո պարտությունը կամ անհաջողությունը, միշտ խոսիր միայն հաջողության մասին»: Նա, ընդսմին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Դոնալդ Թրամփի պաթետիկ հայտարարությունները դիտարկում է այդ կտրվածքով:
Այդպե՞ս է, թե՞՝ ոչ, Ուկրաինայի համար, երևի, էական չէ: Որքանով հասկացվում է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից, ԱՄՆ նախագահը նրան վերստին ասել է, որ «ուժեղ խաղաքարտեր չունի»: Ուկրաինայի նախագահն ասել է, որ սպասում է Պուտինի կողմից «հուշագրի սկզբունքների ներկայացմանը», բայց միաժամանակ ընդգծել, որ «ամեն ինչ ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ»:
Ռուսաստանի նախագահը, կարծես, նախնական համաձայնություն է տվել, որ ռազմաճակատներում հրադադար կհաստատվի, բայց՝ պայմանով, որ վերջնական կարգավորման սկզբունքները համաձայնեցվեն հուշագրով: «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը գտնում է, որ զորքերի ներկայիս շփման գծով կրակի դադարեցումը Ռուսաստանի զինվորականության և ազգայնական քաղաքական ուժերի կողմից կընդունվի «որպես պարտություն»:
Այն, ինչին սպասում էր Եվրոպան, տեղի չի ունեցել: Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է: Ամենայն հավանականությամբ, իրատեսական է փորձագիտական կարծիքը, որ ռուս-ուկրաինական առարկայական բանակցություններ կարող են սկսվել լավագույն դեպքում «ամառային ռազմական կամպանիայից հետո՝ հոկտեմբերից ոչ շուտ»:
Թրամփը «ձեռքերը լվանում է», պատասխանատվության ահռելի բեռը ծանրանում է Եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի վրա: ԱՄՆ փոխնախագահ Վենսն արդեն իսկ ձևակերպել է, որ դա իրենց պատերազմը չէ: Իսկ Եվրոպան պատրա՞ստ է ընդունել ռուս-ուկրաինական պատերազմի պատասխանատվությունը:
Բաց մի թողեք
Մոսկվան գոնե չի՞ խոչընդոտում Արցախից բռնատեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանը
Եվրոպան զինվում է․ Գերմանիան նպատակ ունի ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը
Սին մխիթարանք․ Իրանը զորավարժություններում ստուգում է Ադրբեջանի օկուպացրած տարածքները