02/07/2025

Եվրոպան զինվում է․ Գերմանիան նպատակ ունի ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը

TOPSHOT - France's President Emmanuel Macron (R) speaks with Germany's newly elected Chancellor Friedrich Merz at the garden of Elysee presidential palace in Paris on May 7, 2025. Merz visits France and Poland on May 7, on a mission to boost ties with the European neighbours in turbulent times. (Photo by Ludovic MARIN / POOL / AFP)

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բունդեսվերը պետք է դառնա Եվրոպայի ամենաուժեղ սովորական (ոչ միջուկային) բանակը։

Գերմանիայի նոր արտգործնախարար Յոհան Վադեպֆուլը էլ հայտնել է, որ կառավարությունը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի։ Այս գումարից 3.5%-ը կուղղվի ռազմական կարիքներին, իսկ 1.5%-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքներին։

Սա կդառնա անվտանգության քաղաքականության պատմական շրջադարձ՝ ավարտելով սառը պատերազմի ժամանակներից ի վեր որդեգրված ռազմական զսպվածության մշակույթը։ Եթե ծրագիրը իրականացվի, Գերմանիայի պաշտպանության բյուջեն կանցնի տարեկան 160 միլիարդ եվրոն։ Զորքի թվաքանակը մինչև 2031-ը պետք է հասնի առնվազն 203,000-ի։ Ռազմարդյունաբերության առաջատարները՝ Rheinmetall, Airbus Defence and Space և Diehl Group, ակտիվորեն զարգացնում են նաև արտահանման ծրագրերը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն։

Ֆրանսիան՝ ԵՄ միակ միջուկային ուժն է

Ֆրանսիան պահպանում է ռազմական ինքնավարության և համաշխարհային ներկայության ռազմավարությունը՝ ունենալով շուրջ 203,000 զինծառայող։ Ժանդարմերիան ու այլ կառույցները հաշվառված են առանձին՝ մոտ 175,000 անդամներով։ Միջուկային զսպման քաղաքականության շրջանակում Ֆրանսիան հենվում է «Շարլ դը Գոլ» ավիակրի, ստրատեգիական սուզանավերի ու որոշ միջուկային հնարավորությամբ Rafale կործանիչների վրա։

Նախագահ Էմանուել Մակրոնը մարտին հայտարարել է, որ «ռուսական սպառնալիքը» պահանջում է Ֆրանսիայից գրեթե կրկնապատկել ռազմական ծախսերը։

Լեհաստանը՝ ՆԱՏՕ-ի արևելյան վահանակ

Լեհաստանը 2024-ին ՀՆԱ-ի ավելի քան 4%-ը հատկացրել է պաշտպանությանն ու նախատեսում է մինչև 500,000-անոց բանակ՝ ներառյալ պահեստազորը։ Գնումներ են կատարվել ԱՄՆ-ից և Հարավային Կորեայից՝ տանկեր, HIMARS համակարգեր, դրոններ և F-35 կործանիչներ։ Սակայն լեհական ռազմածովային ուժերը դեռևս թույլ են համարվում։

Մեծ Բրիտանիան շեշտը դնում է բարձր տեխնոլոգիաների վրա

Մեծ Բրիտանիան նախատեսում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2.4%-ի՝ կենտրոնանալով բարձր տեխնոլոգիաների վրա՝ հատկապես արհեստական բանականության (ԱԲ), դրոնների և լազերային համակարգերի զարգացման։ Թագավորական ռազմածովային և ռազմաօդային ուժերն արդեն համարվում են արդիական։ Երկիրը նախատեսում է գնել տասնյակ նոր F-35 կործանիչներ ԱՄՆ-ից։ Բրիտանական բանակը փոքր է՝ մոտ 140,000 զինծառայող, և թարմացման հիմնական ուղղությունը տեխնոլոգիական վերազինումն է։

Իտալիան՝ ուժեղ օդուժով, բայց բարեփոխման կարիք ունեցող ցամաքային ուժերով

Իտալիան ունի երկու ավիակիրը, հզոր օդուժ, և մոտ 165,000 զինծառայող։ Սակայն ցամաքային ուժերը համարվում են հնացած։ Վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ նպատակ ունի ստեղծել Եվրոպայի ամենազորավոր զրահապատ ուժը։ Իտալիան արդեն պատվիրել է ավելի քան 1,000 տանկ գերմանական Rheinmetall-ից։ Ռազմավարական առումով Իտալիան կենտրոնացած է Միջերկրածովյան տարածաշրջանի և առևտրային ուղիների անվտանգությունն ապահովելու վրա։

Համաշխարհային դասակարգման հավասարակշռությունը չի փոխվում

Չնայած Եվրոպայում միլիարդավոր եվրոյի վերազինման ծրագրերին, ըստ 2025 թվականի Global Firepower վարկանիշի՝ համաշխարհային ռազմական հզորության դասակարգման առաջատարն է ԱՄՆ-ը, որին հետևում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Հարավային Կորեան։ Մեծ Բրիտանիան վեցերորդն է, Ֆրանսիան՝ իններորդը, իսկ Գերմանիան՝ 11-րդ։