30/10/2025

Աննա Հակոբյանի հակամարտությունների, ճշմարտությունների ու ասելիքի մասին

Կարծես թե ստիպված եմ ինքս հերքելու նախորդ օրը հայտնածս կարծիքը: Կարծում էի, որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կնոջ ագրեսիվ վարքագիծն ուղղված է ընդամենը փոքրաթիվ անոանմանների ու տեղական և պետական չինովնիկների հարազատների զգացմունքները «բավարարելուն»:

Բայց այն փաստը, որ համատարած քննադատությունից հետո նա շարունակում է իր ոչ կոռեկտ վիրավորանքներն ու որակումներն այս կամ այն ընդդիմադիր անձնավորության հասցեին, պարզ է, որ դա պայմանավորված է ոչ թե ինքնակրթվող տիկնոջ գեղցիական խառնվածքով, այլ հստակ ծրագրով:

Այն նախատեսում է սխալ հանել բոլորին, ովքեր համարձակվում են հակառակվել նրան: Ինչն, ի դեպ, ամրագրվել է վերջինիս ֆեյսբուքյան էջի գլխագրում: Ու այդ պատճառով հետևում է առավել տարածված հարթակներում հյուրընկալված անձանց խոսքին:

Ի դեպ, այդ անձանց բանավոր խոսքն, ի տարբերություն գրավորի, ավելի ազատ է ու այդ պատճառով էլ՝ ավելի խոցելի: Որովհետև գրավոր խոսքը հրապարակայնացնելուց առաջ մարդը ստուգում է այն, խմբագրում թե՛ բովանդակային և թե՛ քերականական թերությունները:

Ինչպես նաև ուշադրություն է դարձնում այս կամ այն դատողության հիմնավորված լինելուն: Ինչը հնարավոր չէ անել բանավոր խոսքում, ու այդ պատճառով էլ այն ավելի խոցելի է:

Երկրորդ, իր ղեկավարած հիմնադրամի առումով փորձելով սխալ հանել իր ընդդիմախոսներին՝ վարչապետի կինը հիմնվում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունների վրա: Նույնը պահանջում է ընդդիմախոսներից: Նախկինում գործի բերումով ծանոթ լինելով այդ ոլորտին՝ կարող եմ ասել, որ այն ձևականորեն բաց է, սակայն իրականում առկա են բազմաթիվ խութեր:

Որովհետև ընդդիմախոսին դեմ է տրվում ընդամենը բանկային փոխանցման անդորրագիր «իքս» կամ «իգրեկ» կազմակերպության բանկային հաշվեհամարին: Իսկ թե հետո ինչ է եղել այդ գումարների հետ՝ դա կարող է վեր հանել միայն վերահսկող պետական մարմնի իրականացրած ստուգումը: Այսինքն, ստուգողներն այդ անդորրագրերի պատճեներով պետք է մուտք գործեն գումար ստացած կազմակերպության հաշվապահական փաստաթղթերի մեջ:

Ու ստուգեն փոխանցված յուրաքանչյուր դրամի ծախսը հավաստող փաստաթղթերը: Ու միայն այդ դեպքում է հնարավոր պնդել, որ գումարն իրոք տեղ է հասել և օգտագործվել ըստ նպատակի:

Չալարեցի ու տիկնոջ հրապարակած հղումով մուտք գործելով այդ հիմնադրամի տարեկան հաշվետվությունների բաժինը՝ բացեցի 2020 թվականինը: 18 էջից բաղկացած էլեկտրոնային հաշվետվությունում ներկայացված են ոլորտային ծախսերը: Որոշեցի նայել հենց առաջին բաժինը՝ գիտակրթականը:

Ներկայացված է արտասահմանյան բուհերում կրթություն ստացող հայաստանյան դիմորդների քանակն` ըստ բուհերի և ըստ կրթական աստիճանի: Անվանապես ներկայացված է 12 բուհ, ընդ որում՝ վերջին երեքում մեկական ուսանողով: Ու չգիտես ինչու, կան այլ բուհեր ևս, որոնք նշված են «Այլ համալսարաններ» անվանման ներքո:

Թե ինչու են Հարվարդը, Օքսֆորդն ու Լոնդոնի համալսարանական քոլեջը նշված մեկական ուսանողով, իսկ մնացածները՝ չնշված, դժվար է ասել: Ինչևէ, ուսանողների քանակը 42 է, իսկ հաշվետվության վերջին էջում նշված է, որ այդ ծրագրով հիմնադրամից հատկացվել է 1 միլիոն դոլարից մի փոքր ավելի:

Ինչպես տեսնում ենք, չկան տեղեկություններ ուսանողների վերաբերյալ: Կարծում եմ, որ դրանք չեն կարող լինել մասնավոր բնույթի, ու հայաստանյան հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են կրթություն ստացել արտասահմանյան բուհերում: Ով որ բուհում է ուսանել և ինչքան գումար է վճարվել դրա համար: Քանի որ այդ ամենը բացակայում է, ապա կարելի է պնդել, որ այդ հաշվետվությունն ընդամենը ձևական բնույթի է:

Միայն ՊԵԿ-ը կարող է մեկ առ մեկ ստուգել փաստաթղթերը և ճշտել այդ հարցերը: Բայց պարզ է, որ դա կարող է արվել միայն իշխանափոխությունից հետո, քանի որ չեմ կարծում, թե պետական այդ կառույցում կարող են գտնվել այնպիսիք, ովքեր այսօր կհամարձակվեն պարզել, թե ինչն ինչոց է:

Բայց այս պատմության ողջ զավեշտը նրանում է, որ վարչապետի աթոռից կառչած անձի քաղաքացիական կնոջ առաջարկը կարդացող հազարից մեկը կամ նույնիսկ 10 հազարից մեկը կունենա իմ համբերությունը, որպեսզի մուտք գործի հիմնադրամի հաշվետվությունների էջն ու ուսումնասիրի գոնե մեկ տարվա հաշվետվության մեկ բաժինը: Իսկ մնացածները երևի կմտածեն՝ ճիշտ է, էլի, ասում մեր («մեծարգո» կամ «ապաշնորհ»՝ ըստ ճաշակի ու վերաբերմունքի) վարչապետի կինը:

Տաթեւիկ Վիրաբյանն իր էջում գրել է․ «Չէի ցանկանա նորից անդրադառնալ այս կնոջը, բայց ինչ-որ մեծ կարծիք ունի իր մասին, կարծես թե մենք նրա գրառումներից լաց ու կոծ ենք բարձրացրել ու պատասխանել։

Աննա, որոշե՞լ ես բլիժնի բոյ մտնել։ Մտի։ Բայց նախ ամուսնուդ ասա, որ թողնի վարչապետի աթոռը, հրաժարվի իշխանությունից, որ գոնե լինես սովորական ՀՀ քաղաքացի։ Եթե անկեղծ ես, այդ ժամանակ ես ձեռքերս կբարձրացնեմ վեր ու կասեմ, որ չունեմ քո նմանի հետ կռիվ տալու ցանկություն։

Ինչ վերաբերում է լաց ու կոծին՝ իմ մասով ասեմ. ես լաց ու կոծ չեմ արել, երբ հազար անգամ ինձ ոստիկանին տալով բերման են ենթարկել։ Լաց ու կոծ չեմ արել, երբ ինձ քաղբանտարկյալ եք դարձրել։ Լաց ու կոծ չեմ արել, երբ ձեր ոստիկանները ռումբ են գցել ոտքիս տակ։

Էդ լաց ու կոծը ձեր մենաշնորհն է։ Գնացեք՝ ամուսին-կին նստեք, բամբասեք ձեզ քննադատողներից։ Հետո դու էլ ստատուս գրի։ Ի դեպ, լավ խորհուրդ էի տվել՝ քո աուդիտորիան շատ է նվազել։ Ճիշտ կանես՝ ասես ամուսինդ էլ գրի, հետո Մարիամին էլ թեգ արեք։

Ու մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»։

Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի վերջին օրերի ակտիվությունը եւ բառապաշարը ոմանց հիշեցրել է ասպարեզից հեռացած Դոգին, որի բացը համացանցում փորձում է լրացնել տիկինը:

Նա արդեն խիստ մոտեցել է սեռական հայհոյանքի շեմին, որովհետեւ բոլոր անթույլատրելի որակումներն արդեն օգտագործել է իրենց քննադատողների հասցեին` «էշ», «ոջիլ», «գեղցի», «տգետ», «տխմար», «ապուշ»: Այսօր նա անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանին` նախկին նախագահներին անվանելով «էշ», Զոհրաբյանին` «քաղաքական թոշակառու», «լուզեր»: Երեկ նա 2 գրառում էլ նվիրել էր արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին, քանի որ Ղազարյանը հաշվարկ է արել եւ խոսել, որ կառավարական դաչաների համար պետությունն ամեն օր բյուջեից 1 միլիոն 700 հազար դրամ գումար է հատկացնում: Այս մարդիկ չեն հասկանում, որ 7 տարի իշխանության գլխին լինելն ու երկիրն այս վիճակին հասցնելը չի կարող անհետեւանք լինել, եթե անգամ չխոսենք այն մասին, որ աշխարհի բոլոր երկրներում են իշխանություններին քննադատում եւ ինքն էլ իր ակտիվության ուղղակի ստիպել է, որ հանրությունն իրեն անդրադառնա, իր մասին խոսի եւ հասարակությունն անգամ հայհոյելու, վիրավորելու իրավունք ունի:

Որեւէ իշխանավոր, այդ թվում` Աննա Հակոբյանը մարսելո՞ւ է այն խոսքերը, որոնք ասել է ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիներին:

Էդգար Ղազարյանը, ով այժմ սովորում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում` հերթական մասնագիտությունն է ստանում, ինչպես է արձագանքելու իր հասցեին ասված խոսքերին, մտադիր չէ՞, օրինակ, դատական հայց ներկայացնել Աննա Հակոբյանի դեմ:

Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է. «Չէ հա, ինչի՞ս է պետք դատի տամ, սրանց հետ գնամ խելք դնեմ: Ես հո դրանց խելքին չեմ, կարիք չեմ տեսնում, ես հրապարակային քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում, հազարավոր մարդիկ իմ մասին արտահայտվում են դրական, ինձ քաջալերում են, հիմա կարող է մի հոգի էլ ինձ վիրավորել: Մեր մեջ կան նաև ցածրակարգ մարդիկ, եթե ամեն մի ցածրակարգ մարդու ասածի պատճառով դատարան դիմեմ, ո՞ւր կհասնեմ:

Աննան արժանի չի նման մեծ ուշադրության, նա հիստերիայի մեջ գտնվող, անհավասարակշիռ կին է, առհասարակ այդ մարդիկ բավարար կրթություն և խելք չունեն, որ խոսելուց առաջ մտածեն, մենք էլ հո իրենց խելքին չե՞նք: Վստահ եմ, որ Աննան իր ամուսնու հետ համատեղ է այդ քայլը արել, միգուցե հենց Նիկոլն է Աննայի հեռախոսով այդ գրառումներն անում: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ գրառումները Նիկոլն է անում` Աննայի անունից, կինն ինչքան էլ, որ անդաստիարակ լինի, չի կարող այդ աստիճան անդաստիարակ լինել: Հավանաբար այնքան շատ է մեզ անդրադառնալու ցանկությունը անկառավարելի դարձել, որ որոշել է կնոջ անունից մեզ նման խոսքեր ասել: Սրանց պատժելու ձևը դա չէ», – ասում է Ղազարյանը և հավելում, որ մեկ միլիոն 700 դրամ կեցության գումարը, որը հատկացվում է իշխանական կեցավայրին, մինիմումն է այն ծախսերի մեջ, որ նրանք են անում ամենօրյա ռեժիմով.

«Այդ պարզ հաշվարկի մեջ ներառված չէ պետական պահպանության ծառայության համար նախատեսված ծախսը, աշխատակիցների աշխատավարձը, սոցիալական արտոնությունները և այլն: Իմ նշած գումարի մեջ նաև չի մտնում ոստիկանության շուրջօրյա հերթապահության ծախսերը, ես խոսել եմ շատ քիչ ծախսերի մասին: Ի դեպ` ամեն տարի այդ ընտանիքն իր ծախսերը շատացնում է: Այդ թվերը բյուջեի հրապարակումներից են բացահայտվել, այնպես որ ոչ մեկը չի կարող հրաժարվել: Հո հերքելով չէ: Օրինակ` Աննա Հակոբյանը պատրա՞ստ է հրապարակել ամառանոցային տնտեսության պետական հիմնարկի աշխատակիցների քանակը, անուններ չենք ուզում, որ չասեն անձնական տվյալ է, միայն քանակը», – ասաց Ղազարյանը:

Տաթևիկ Վիրաբյանն էլ, որին Աննա Հակոբյանը շաբաթ օրը անվանել էր «ոջիլ», «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Դատարան դիմելու մասով դեռ քննարկումներ են ընթանում, երբ հստակ որոշում լինի, անպայման կհայտարարեմ այդ մասին: Ես կարծում եմ, որ դատարան դիմելը շատ ճիշտ կլինի: Աննա Հակոբյանը երևույթ է, իսկ երևույթներին պետք է նայել բարձրությունից: Աննան մեզ փնովում է, սակայն արդյունքում դրանից մեր ընտանիքներն են թիրախավորվում: Պատերի տակ բամբասանքներ, հարցուփորձ և այլն, դա ազդում է իմ մոր վրա: Րոպեն մեկ մորս ասում են` Տաթևը նորից փորձանքի մեջ է ընկել և այլն, ամեն անգամ, երբ նման իրավիճակ է ստեղծվում, իմ ընտանիքը հայտնվում է բարդ հոգեբանական վիճակի մեջ ու հիմա ես փորձում եմ հանգստացնել նրանց, որպեսզի չանհանգստանան ինձ համար», – ասաց Տաթևիկ Վիրաբյանը: