02/07/2025

Բրուցելոզով վարակված միսը հանվում է վաճառքի

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում եւ Սեւանի տարածաշրջանի Չկալովկա գյուղում տեւական ժամանակ է՝ բրուցելյոզ հիվանդությունն է մոլեգնում:

Հրապարակ թերթը գրելէ․ Հիվանդությունը լուրջ հարված է հասցրել համայնքների անասնապահությանը: Խոշոր եւ մանր անասունների մի մասը հարկադիր սպանդի է ենթարկվել, մի մասն էլ առաջիկայում կենթարկվի: Բրուցելյոզով վարակվել են նաեւ մարդիկ:

Ճամբարակի համայնքապետի խորհրդական Սերյոժա Ավալյանի խոսքով՝ բրուցելյոզը սկսել է տարածվել գարնան սկզբից. «Համայնքում անասուններից արյան նմուշառում է արվել, պարզվեց, որ 102 գլուխ խոշոր եղջերավոր անասուն բրուցելյոզով վարակված է: 2 ամիս է արդեն, ինչ համայնքում կա հիվանդությունը: Անասնաբույժներն ամեն օր արյուն են վերցնում, ստուգվում է, եթե պատասխանը եկավ, որ անասունը հիվանդ է, տեսուչը զբաղվում է անասուններին սպանդի ենթարկելու հարցով: Եթե համայնքում կովերին 100% են արյուն վերցնում, ոչխարներին 50% են վերցնում: Այս պահին համայնքում կա մանր եղջերավոր անասունների 30 վարակված ոչխար: Ոչխարի իրացումը հեշտ է, մեր ցավոտ կողմը կովերն են: Մենք բնակչին տեղյակ ենք պահում, ասում ենք՝ վերացրու անասունդ: Մարդիկ էլ մորթում են, իրացնում են անասունը»:

– Ինչպե՞ս են իրացնում: 

– Մորթում են: Գիտեք, որ բրուցելյոզն այն բացիլն է, որ 60 աստիճանի դեպքում մեռնում է, մարդիկ կան, որ միսը գալիս տանում են:

– Ովքե՞ր են գալիս տանում: 

– Անհատներ են, հիմնականում հիմա բնակիչներն են՝ դռնեդուռ ընկած, տանում իրացնում, տանում են վաճառում, մսի մթերման արտադրամասերին են տալիս: Գյուղացին բավականին տուժում է, եթե մի կովն արժե 400-500 հազար դրամ, մարդը կովը մորթել է, անգամ 150 հազար դրամ չի հանել: Մենք դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, խոսել եմ համապատասխան վարչությունների հետ, որ բնակիչներին փոխհատուցեն: Ասել են՝ հարցը կքննարկենք:

– Համայնքում մարդկանց վարակման դեպքեր գրանցվե՞լ են:

– Հիվանդանոցների հետ կապ ենք պահում: Մեր շրջանում 15 հազար բնակիչ ունենք, չունենք բրուցելյոզով հիվանդ մարդ: Մարդկանց բացատրել ենք, որ կաթ չխմեն:

– Հիմա ի՞նչ են անում բնակիչները կաթը:

– Մի քանի կաթ մշակող ընկերություններ հավաքում են, առանձին 2 կաթի մշակման արտադրամաս ունենք՝ իրենք են հավաքում: Զգուշացրել ենք, որ հիվանդ անասուն ունեցող մարդկանցից կաթ չընդունեն:

2 ամիս է՝ բրուցելյոզի վարակը տարածվել է գյուղական համայնքներում, առողջապահության նախարարությունը նոր է խոր քնից արթնանում: Չկալովկայի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որ առողջապահության նախարարի հրամանով երկուշաբթի՝ մայիսի 19-ին, ժամը 10:00-ից, Չկալովկայի գյուղապետարանում կկատարվի արյան անվճար հետազոտություն` բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման նպատակով: «Սա իրականացվում է անասունների շրջանում բրուցելյոզի տարածված լինելու պատճառով՝ բնակիչների առողջության պահպանման համար: Խնդրում ենք բոլոր ցանկացողներին ներկայանալ առանց սնվելու (սոված վիճակում), նույնիսկ սուրճ կամ թեյ չխմած»։

Թե քանի բնակիչ է վարակված բրուցելյոզով, հարց ուղղեցինք Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանին։ «Այս պահի դրությամբ ունենք բրուցելյոզով վարակված 3 բնակիչ: 3-ն էլ՝ Չկալովկա համայնքից»:

Մեր տեղեկություններով՝ բրուցելյոզով վարակված անասունների միսը վաճառվում է Արմավիր եւ Մասիս քաղաքների շուկաներում: Սննդամթերքի անվտանգության տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սպարտակ Մելքոնյանից հետաքրքրվեցինք, թե տեսչության կողմից վերահսկման ինչ միջոցառումներ են իրականացվում՝ կաթնամթերքի եւ մսի վաճառքի հետ կապված: Նա ասաց, որ իրավունք չունի որեւէ հայտարարություն անել, եւ մեզ խորհուրդ տվեց հարցերն ուղղել տեսչության մամուլի խոսնակին:

Սննդամթերքի անվտանգության տեսչությունից մեզ հայտնեցին, որ Չկալովկա գյուղում իրավիճակը վերահսկվում է. «Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ եւ հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության: Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելյոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն»:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, անդրադառնալով բրուցելյոզի բռնկմանը, ասաց, որ այս ամենը չէր լինի, եթե ամեն պետական կառույց իր տեղում ճիշտ եւ արդյունավետ աշխատանք իրականացներ. «Ցավոք սրտի, փաստ է, որ բրուցելյոզի տարածումն արդեն դուրս է եկել Չկալովկայի եւ Ճամբարակի համայնքներից, եւ ողջ հանրապետությունով կարող է լինել տարածվածությունը` ե՛ւ մսի, ե՛ւ կաթնամթերքի: Դրա արդյունքում մենք հիվանդացության բարձր ցուցանիշներ ենք ունենալու: Բրուցելյոզը ծանր ինֆեկցիոն հիվանդություն է, որը մարդկանց մինչեւ իսկ հաշմանդամության է հասցնում: 3-4 տարի տեւում են առաջին փուլի կլինիկական դրսեւորումները եւ շատ ծանր են ընթանում, կարող են բերել լուրջ առողջական խնդիրների:

Ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը: 2 շաբաթից ավելի ինֆորմացիա ունենալով, որ գյուղերում կա խնդիր, երեկվանից սկսել է կատարել նմուշառումներ` բնակչությունից: Իմ ինֆորմացիայով, 40 արյան նմուշ են վերցրել, դեռ տեղեկություններ չեն տալիս` քանի վարակված բնակիչ կա: Բայց համարյա 1000 բնակիչ ունեցող գյուղի համար 40 նմուշառուն այդքան էլ հուսադրող թիվ չէ: Արդյունքում մենք ունենք եւ ունենալու ենք հիվանդության տարածում, եւ, դրան զուգահեռ, ես հրապարակել էի, որ շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ՝ «Համաճարակի եւ համավարակի պատրաստվածության եւ արձագանքման պլան»:

Փաստ է, որ COVID-19 համավարակից հետո, որից արդեն 5 տարի անցել է, մենք չունենք համաճարակային եւ համավարակային իրավիճակների կանխարգելման պլան: Ինչպես պետք է վարվել նման դեպքերում: Սա տոտալ անգործության արդյունք է: Ասեմ, որ Սեւանի «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, մասնաճյուղը փակվել է, այսուհետ մարզում միայն Մարտունին է դրանով զբաղվում»:

Պողոսյանը նշեց նաեւ, որ Ճամբարակում բնակիչներին փոխհատուցում չեն տվել, սակայն օրենքով նախատեսված է, որ նմանատիպ դեպքերի համար կառավարությունը վնասի 70%-ը փոխհատուցի: «Ոչ մի օժանդակություն չստանալով՝ գյուղացին փորձում է միսն իրացնել եւ վարակի տարածման պատճառ դառնալ, արդեն 3 վարակված անձ ունենք: Իսկ 40-ից 3-ը՝ բավականին մեծ թիվ է կազմում: Եթե այդ համամասնությամբ հաշվենք, ստացվում է, որ շուրջ 10 տոկոս պետք է հիվանդություն ունենանք, իսկ բրուցելյոզի համար դրանք արդեն լուրջ թվեր են: Չկա հայտարարված կարանտին: Ո՛չ Գեղարքունիքի մարզպետը, ո՛չ առողջապահության նախարարությունը, ո՛չ այլ կառույցներ, որոնք իրավասու էին հայտարարելու կարանտին, չեն հայտարարել:

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, նման իրավական կարգավորում հաստատ կա: Եթե փոխհատուցում տրվի գյուղացիներին, նրանք չեն փորձի թաքուն մորթ կազմակերպել եւ միսն իրացնել: Այդ միսը, բնականաբար, չի իրացվի ո՛չ Ճամբարակ եւ ո՛չ էլ Չկալովկա համայնքների տարածքներում: Հասկանալի չէ` ուր կգնա այդ միսը, անգամ հասկանալի էլ չէ, թե որտեղ, ինչքան բնակչի հիվանդացություն կունենանք»,- նկատում է մասնագետը: