11/07/2025

ԿԿՀ-ն կպատժի՞ Փաշինյանին. 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցել է վարույթ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:

ԿԿՀ-ի ուշադրության կենտրոնում են եղել Կառավարության գլխի՝ «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունները։

Գործընթացը սկսելու վերաբերյալ դիմումը ԿԿՀ-ին ներկայացրել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԿԿՀ-ն 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցել է վարույթ. «Իմ ակնկալիքն այն է, որ հանձնաժողովը չի բավարարվի վարույթ հարուցելով, այլ իր եզրակացության մեջ կարձանագրի, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ է դրսևորել։ Նա սպառնալիքներ է հնչեցրել իր ընդդիմախոսների նկատմամբ, որը բացարձակ կամ չունի այն ժողովրդավարական արժեքների հետ, որոնք իշխանության գալուց քարոզում էր Նիկոլ Փաշինյանը»։

Հարցին, թե ի՞նչ է լինելու հետո, եթե ԿԿՀ-ն, օրինակ, նման արձանագրություն կազմի, ու հաստատվի, որ Փաշինյանը թույլ է տվել պաշտոնի հետ անհամատեղելի արարք, Թովմասյանը պատասխանեց՝ արձանագրությունն իրավական հետևանք չունի, քաղաքական պաշտոնյան պետք է քաղաքական կամք դրսևորի ու հեռանա. «Եթե պաշտոնյան տեսնում է, որ իր պետության ինստիտուցիոնալ կառույցը նման արձանագրություն է կազմել, ապա պիտի հրաժարական տա։ Բայց ես չեմ կարող կանխատեսել Փաշինյանի հետագա քայլերը»։

Իսկ արդյո՞ք ԿԿՀ անդամներին չի խանգարի հանգամանքը, որ նրանք ընտրվել է Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցության պատգամավորների քվեով, Թովմասյանը պատասխանեց՝ այդ ամենը պարզ կդառնա, երբ նիստերը լուսաբանվեն, ու երևա, թե ԿԿՀ անդամներից որն ինչ դիրքորոշում է հայտնում. «Ես գրավոր դիմումով խնդրել եմ, որ նիստերը լինեն հրապարակային, այսինքն՝ լրագրողները կարողանան մասնակցել ու արձանագրել ամեն բան»։

Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ԿԿՀ-ի արձանագրությունը պետք է ընդունվի վարույթի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում, այսինքն, ըստ էության, օգոստոսի 15-ին պարզ կլինի, թե ինչպես է ԿԿՀ-ն գնահատում Փաշինյանի վարքը։