11/07/2025

Խորացվում է հասարակության բևեռացումը․ Բանակ կգնան միայն անապահով ընտանիքների զավակները

Հայաստանի իշխանությունը մտադիր է ընդունել օրենք, որը հնարավորություն կտա վճարել և ազատվել զինծառայությունից: Օրենքի նախագիծը նախատեսում է այսպես ասած մի քանի սանդղակ:

Գործնականում, իշխանությունը պատրաստվում է ընդունել օրենքը, որը դե ֆակտո կօրինականացնի մեծահարուստների զավակների՝ բանակում չծառայելը:

Օրենքի նախագծի «հիմնավորումը» այն է, որ այսպես, թե այնպես, այդ խավը տարբեր զարտուղի ճանապարհներով և կաշառքով ազատում է իր որդիներին բանակից, իսկ այս դեպքում կունենա դա անելու օրինական հնարավորություն, իսկ պետությունն էլ կշահի վճարված փողի տեսքով, որը կուղղվի պաշտպանական բյուջե:

Այստեղ, սակայն, առերևույթ տրամաբանություն պարունակող հիմնավորումը ունի մի շարք լրջագույն խնդիրներ, սկսած արժեհամակարգայինից, մինչև կառավարչական ու քաղաքական:

Նախ, փաստորեն խորացվում է հասարակության բևեռացումը, այն էլ այնպիսի մի գերզգայուն հարցի պարագայում, ինչպիսին է պետության պաշտպանությունը, առավել ևս բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Անգամ պայմանագրային խաղաղության պարագայում, անկասկած է, որ Հայաստանի համար պաշտպանության խնդիրը միշտ լինելու է զգայուն: Հետևաբար, երբ այդ խնդիրը պետական մակարդակով տարվում է դեպի սոցիալական բևեռացում, կամ սոցիալական առկա բևեռացվածությունը հաղթահարելու փոխարեն, տարվում է դեպի դրա իրավական և ֆինանսատնտեսական լեգիտիմացում, դա բերելու է ներհասարակական սոցիալ-հոգեբանական աղճատումների:

Կառավարչական իմաստով, փաստացի խոստովանվում է, որ չկա անօրինականության դեմ պայքարելու կամք և կարողություն, իսկ գուցե նաև ցանկություն, և պարզապես գտնվում է «ինդուլգենցիայի» ինչ-որ տարբերակ: Դրան զուգահեռ, կա քաղաքական ասպեկտը, ընդհուպ ազգային անվտանգության նուրբ շերտերով:

Փաստացի, պետական պաշտպանության հարցը դառնում է ըստ էության «հայեցողական», ընդ որում կախված ֆինանսական հնարավորություններից: Օրինակ, խոշոր և հարուստ պետությունները կարող են իրենց թույլ տալ հենվել բացառապես պայմանագրային կամ պրոֆեսիոնալ բանակային կոնտինգենտի վրա, թեև այդպիսի օրինակն անգամ, կարծես թե, բացառիկ է՝ ԱՄՆ:

Հայաստանի նման համեստ կարողություններով և դեմոգրաֆիայով երկրները չեն կարող հրաժարվել պարտադիր զինապարտությունից, քանի որ հակառակը կարող է նշանակել հրաժարվել բանակից:

Երբ պետությունը դե ֆակտո հրաժարվում է հարուստներին բանակ զորակոչելուց՝ նրանց տալով փողով օրինական ազատություն ստանալու հնարավորություն, ըստ էության դա առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում կարող է լինել զինված ուժերի ապամոնտաժման նախադրյալ:

Ինչ կլինի հետո, արդեն անկանխատեսելի է, ինչն ինքնին վտանգավոր է: Հնարավոր է անդրադառնալ բազմաթիվ ենթաշերտային հետևանքների, որ կարող է ունենալ ոչ միայն ընդունվող օրինագիծը, այլ հարցերի «լուծման» այդ մտածողությունը ինքնին: