03/07/2025

Թուրքական երազանքը ենթադրում է հարեւանների «խաղաղ կլանու՞մ», թե՞՝ …

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բայրաքտարը երկրի լեռնահանքային արդյունաբերության հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ժամանակաշրջանի գլխավոր ձեռքբերումը «հանրապետության բոլոր 81 նահանգներ բնական գազ հասցնել էր»:

Նախարարի խոսքերով՝ մինչ այդ Թուրքիայում միայն հինգ նահանջ էր գազ ստանում: Բայրաքտարը ներկայացրել է Թուրքիայի ռազմավարական երեք խնդիրները՝ հասնել էներգետիկ ինքնաբավության, արդիակաանցնել ռազմաարդյունաբերական համալիրը, երաշխավորել պարենային անվտանգությունը:

Որպես էներգետիկ ոլորտի կառավարիչ՝ նա մանրամասնել է այդ բնագավառի խնդիրների և ձգտումների մասին: «Մենք էներգակիրների ներմուծման համար բավական թանկ գին ենք վճարում, դա սահմանափակում է սոցիալական բյուջեն»,- ասել է թուրք նախարարը և բացահայտել, որ երկրի հարավ-արեևլքում, որտեղ տասնամյակներ շարունակ քրդական զինված խմբավորումների և կառավարական զորքերի միջեւ բախումներ էին, այժմ հետախուզվում են նավթի սեփական պաշարներ:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է Սև ծովի իր տարածքային ջրերում գազի հանքավայր հետախուզելու մասին: Բայրաքտարն ընդգծել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության, ինչպես նաև իր տարածքով թուրքմենական գազը եվրոպական շուկա արտահանելու նախագծի կարևորությունը:

Նա հատուկ ընդգծել է, որ «Ակկույու» ատոմակայանի շահագործումը թույլ կտա փակել էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի ավելի քան ութսուն տոկոսը: Եթե համադրենք էներգետիկ և պարենային ինքնաբավության և ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացման հասնելու նախագծումները, ապա կարող ենք ասել, որ Էրդողանը նպատակ ունի Թուրքիան դարձնել տարածաշրջանային տերություն:

Այս առումով ամենեւին էլ պատահական չէ, որ նա մեկ ամսում երկրորդ անգամ է հյուրընկալել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաային: Ընդ որում, այս անգամ Սիրիայի առաջնորդին բախտ է վիճակվել հյուրընկալվել Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում, որ խորհրդանշում է Օսմանյան դարաշրջանը և կայսերական անցյալը:

Դիմելով Սիրիայի նախագահին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որպեսզի Իսրայելը Սիրիայի տարածքում ռազմական ներկայություն ունենա: Ավելին, նա ասել է, որ Թուրքիան պատրաստ է Դամասկոսին ցանկացած օժանդակությունը ցույց տալու, որպեսզի երկիրը պահպանի տարածքային ամբողջականությունը և կառավարման համակարգի միասնականությունը:

Անկարան վերջին մեկ ամսում այս ուղղությամբ չափազանց կարևոր ձեռքբերում է ունեցել, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտարարել են Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու կամ առնվազն մեծ չափով մեղմելու մասին: Դա նշանակում է, որ Թուրքիայի համար Սիրիայի դռները բացվում են:

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ահմադ ալ-Շարաայի իշխանության ճանաչումը զրոյացնում է այդ վարչակազմը «ջիհադական» ներկայացնելու ուղղությամբ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի գործադրած ջանքերը:

Թուրքիայի համար գերխնդիր է մնում տեխնոլոգիական վերազինումը: Ստեղծված իրավիճակում, երբ Եվրամիությունը ձգտում է բարձրացնել ռազմաարդյունաբերական համալիրը, Թուրքիան սեփական հնարավորություններն ի սպաս դնելու պատրաստակամություն է հայտնել:

Դա հնարավորություն է, որպեսզի սպառազինությունների արտադրության եվրոպական տեխնոլոգիաները կիրառվեն նաև Թուրքիայում: Տարածաշրջանում Թուրքիայի մրցակիցն այս առումով Իսրայելն է: Թուրքիան ձգտում է հաղթահարել ճեղքվածքը: Ընդ որում, որքանով հասկացվում է, նպատակը գերարդիական ռազմաարդյունաբերական համալկիրի ստեղծումն է:

Որքանո՞վ է թուրքական երազանքն իրականանալի: Այս հարցն ունի աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից ածանցվող պատասխան: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ցրել է տպավորությունը, որ Եվրոպայում լայնածավալ պատերազմ չի կարող լինել:

Այսօր Ռուսաստանին սահմանակից Ֆինլանդիան վերադառնում է «Մեներհեյմի գծի» տրամաբանությանը: Թուրքիան Սև ծովում և հարակից տարածաշրջաններում իր խնդիրներն ունի: Բայց այդ մասին Անկարան կխոսի այն ժամանակ, երբ լուծած կլինի էներգետիկ և պարենային ինքնաբավության հարցերը, երբ այլեւս աշխարհաքաղաքական «ցնցումներից» մեծ կախվածություն չի ունենա:

Էրդողանը, երևի, չի հասնի այդ խնդիրների սկզբունքային լուծմանը: Նրա հաջորդը կհետևի նույն գծի՞ն: Թուրքական երազանքը ենթադրում է հարեւանների «խաղաղ կլանու՞մ», թե՞՝ նրանց հետ համագործակցությունը: