Պատմաբան և արևելագետ Իգբալ Աբիլովը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման՝ «պետական դավաճանության» համար։ Աբիլովը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ։
Ադրբեջանում 18 տարվա ազատազրկում դատապարտված իգբալ Աբիլովի գործը՝ քաղաքական հաշվեհարդա՞ր, թե ազգային փոքրամասնության հետապնդում
Deutsche Welle-ն հաղորդում է, որ Բելառուսի գիտնական, թալիշական ծագումով պատմաբան և արևելագետ Իգբալ Աբիլովը 2025-ի մայիսի 20-ին Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման՝ «պետական դավաճանության» մեղադրանքով։ Դատական գործընթացը անցել է փակ դռների հետևում, առանց լրագրողների կամ հարազատների ներկայության, իսկ գիտնականը իր վերջին խոսքով հայտարարել է, որ բոլոր մեղադրանքները կեղծ են և որևէ ապացույցով չեն հաստատվել։
Ո՞վ է Իգբալ Աբիլովը
Աբիլովը Բելառուսում ապրող, Բելառուսի պետական համալսարանի դասախոս, երիտասարդ գիտնական է, ում գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում էր ինչպես տարածաշրջանային միջազգային հարաբերությունները, այնպես էլ իր ազգային արմատները՝ Թալիշ ժողովրդի մշակույթը, լեզուն և ինքնությունը։ Նա կազմակերպել է դաշտային աշխատանքներ, հիմնադրել է տպագիր ամսագիր, և կապ է պահպանել տարբեր երկրներում գործող գիտնականների հետ, այդ թվում՝ նաև հայ գիտնականների։
Ինչո՞ւ է նրան դատապարտել Ադրբեջանը
Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ Աբիլովը կապ է ունեցել «հայկական հատուկ ծառայությունների» հետ։ Մեղադրանքի «գլխավոր» ապացույցը՝ Աբիլովի Skype-ով շփումն է եղել հայաստանցի գիտնական Գառնիկ Ասատրյանի հետ, որին նա հարցրել է, արդյոք գործում է թալիշներին նվիրված կայքը։ Այս «զրույցը» պաշտոնապես որակվել է որպես «գաղտնի շփում» թշնամական պետության հետ։ Այլ ապացույցներ չեն ներկայացվել։
Հետապնդում գիտական աշխատանքի համար
Աբիլովի փաստաբանը, նրա գործընկերները և ընտանիքը վստահ են՝ գիտնականի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում՝ իր գիտական գործունեության համար։ Ադրբեջանում թալիշական թեմաները չափազանց զգայուն են․ իշխանությունները վաղուց փորձում են ջլատել այդ ժողովրդի ինքնությունը, լեզուն, մշակույթը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողն արդեն դատապարտել է վճիռը և կոչ արել Բաքվին վերանայել գործը։
Աճող բռնաճնշումները
Իգբալ Աբիլովը դարձել է Ադրբեջանի իշխանությունների աճող բռնաճնշումների հերթական զոհը․ 2024-ից սկսած Բաքվում ակտիվորեն հետապնդում են լրագրողներին, գիտնականներին, իրավապաշտպաններին։ 2025-ի դրությամբ, ըստ անկախ իրավապաշտպանների, Ադրբեջանում 357 քաղաքական բանտարկյալ կա։
Իսկ ամերիկացի կոնգրեսմեն Քրիս Սմիթի հաշվարկով Ադրբեջանական բանտում պահվող ավելի քան 300 հայ գերիներ, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության անդամներ փաստացի քաղբանտարկյալներ են։ Կոնգրեսմեն Սմիթը այս շաբաթ պահանջեց ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյից ազատ արձակել հայ գերիներին, որոնք ըստ նրա ենթարկվում են կտտանքների։
Բաց մի թողեք
Փաշինյանը և Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին. Middle East Eye
Ո՞վ պետք է օրենսդրական դաշտը կարգավորի, որ ամեն մեկն իր տեղում լինի մեր երկրում
Ադրբեջանի ինքնիշխանության համար Հայաստանի հետ առանց Ռուսաստանի միջնորդության «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է