03/07/2025

Ալիևը ընդառաջ է գնում Մակրոնի ցանկությանը` գրկախառնվում նրա հետ

Եվրոպական ժողովրդավարական ընկերակցության Տիրանայի խորհրդաժողովի տեղեկատվական ինտրիգներից մեկը Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի բավական ջերմ շփումն էր:

Վերջին երկու տարիներին Բաքուն Փարիզի դեմ գրեթե թշնամական քաղաքականություն էր վարում, իսկ Իլհամ Ալիևը Ֆրանսիան անվանել է «նեոգաղութատիրական և իսլամատյաց» երկիր:

Դա, իհարկե, չի խանգարում, որ Ֆրանսիան շարունակի ներդրումներ կատարել Ադրբեջանի տնտեսության համար ողնաշարային նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում, բայց առերևույթ տպավորություն էր, թե երկու երկրները գտնվում են դիվանագիտական ճգնաժամի նախաշեմին, և Ալիևը ներգրավվում է Ֆրանսիայի դեմ աշխարհաքաղաքական ծրագրավորումներին:

Երևում է, այդ ընթացքում Փարիզը և Բաքուն խորհրդապահական քննարկումները չեն ընդհատել: Համենայն դեպս, Տիրանայում Մակրոնը և Ալիևը չէին գրկախառնվի, եթե մինչ այդ կողմերի միջև փոխըմբռնման ինչ-որ «հայտարար» գոնե ուրվագծված չլիներ:

Մայիսի 26-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել, որ Իլհամ Ալիևը ներման հրամանագիր է ստորագրել: Ցուցակում ընդգրկված է 218 անձ, որոնցից 16-ը՝ այլ երկրի քաղաքացի է: Ներման են արժանացել Իրանի՝ 5, Ռուսաստանի՝ 4, Վրաստանի և Պակիստանի՝ 2 , Ֆրանսիայի, Թուրքիայի և Աֆղանստանի մեկական քաղաքացիներ:

Իլհամ Ալիևի հրամանագրով ներման է արժանացել Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոն: Վերջինս Բաքվի մետրոպոլիտենի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2024 թվականի մարտի 30-ին՝ օտարերկրյա երկու այլ քաղաքացիների հետ:

Նրանք մեղադրվել են մետրոպոլիտենի գնացքներից մեկի վրա «գրաֆիտական նկարներ թողնելու» մեջ: Դատարանը, սակայն, ազատազրկման պատիժ է սահմանել միայն Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ, մյուսներին տուգանել և ազատ են արձակել:

Ակնհայտ էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոն երեք տարվա ազատազրկման է դատապարտվում քաղաքական նկատառումներով: Ակնհայտորեն քաղաքական իմաստ ունի նաև նրան ներում շնորհելու մասին Իլհամ Ալիևի կարգադրությունը, ինչը վկայում է Փարիզ-Բաքու հարաբերություններում «ձնհալի» մասին:

Իլհամ Ալիևը Եվրամիության հետ հարաբերությունների վերբեռնման լուրջ խնդիր ունի: Եվրոպական կառույցների հասցեին նրա կոշտ քննադատությունը, Եվրոպայի խորհրդին արված դեմարշը Բաքվին որևէ խաղաքարտ չեն տվել:

Տեսակետը, որ Ադրբեջանը Եվրոպայի «էներգետիկ անվտանգության երաշխավորն է, և Բրյուսելում կարող են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոտնահարման հանդեպ աչք փակել», իրական քաղաքական ռեժիմում հաստատուն քննություն չի բռնում:

Ֆրանսիան Եվրամիության առաջատար երկրներից է, և Փարիզի հետ հարաբերությունների կարգավորումը Բաքվի և Բրյուսելի հետագա համագործակցության համար էական նշանակություն ունի:

Ըստ երևույթին, Ֆրանսիայի քաղաքացուն ներում շնորհելու քայլով Ալիևը ընդառաջ է գնում Մակրոնի ցանկությանը: Ֆրանսիան Հայաստանի եվրոպական ամենաազդեցիկ գործընկերն է: Նույն օրը, երբ Ալիևը ներում է շնորհել Կլերկ Տյեգո Հյուգոյին, Երևան է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: