Այսօր շատ սիրված կինոռեժիսոր, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է, ծնունդդ շնորհավոր՝ մեծ Վարպետ, հրաշալի մարդ։
Միայն նրա հանրահայտ ֆիլմերը՝ Սարոյան եղբայրներ, Բարև, ես եմ ․․․ ու շատ ուրիշներ, իր խաղացած առաջին դերը՝ Դավիթ Բեկ, թերևս շատերը և ոչ բոլորը գիտեն։
Սակայն բացի մտավորական լինելուց, ներեցեք, բայց Ֆրունզե Դովլաթյանն իմ հիշողություններում նույնականանում է Միկադո խմորեղենի հետ, հուսամ ճիշտ կհասկանաք, հիմա ամեն բան հերթով։
Կյանքի վերջին տարիներին Ֆրունզե Դովլաթյանը Թեքեյան մշակութային միության նախագահն էր, բայց նստավայրը Երևան, այժմ՝ Թուլիփ, հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում էր։ Չնայած մեր տարիքային ահռելի տարբերությանը, բայց աստղերս բռնել էր՝ շատ հաճախ էր ասում․ Արի, նստենք, պարզապես զրուցենք ․․․ Իմ հանդեպ ածականներն անհամեստություն կլինեն։
Հիմա ինչու Միկադո, ինձ ճանաչողները գիտեն, որ խմորեղեն շատ եմ սիրում, 90-ականների թվականներից մեկում, ցավոք, կոնկրետ չեմ հիշում, իր ծննդյան օրը լրագրողների էր հրավիրել Ֆրունզե Դովլաթյանը, ասուլիսի պես բան եղավ, հետո քաղցրի սեղան էր բացել, Միկադո խմորեղեններ, բայց մեծ – մեծ կտորներով, ոչ մեկը չէր մոտենում, ասեց՝ ինչու խմորեղեն չես ուտում, ասեցի՝ մեծ են, պատասխանը պատկերավոր էր, որ մինչև հիմա էլ աչքիս առաջ են։ Ֆրունզե Դովլաթյանը վերցեց մի մեծ կտոր, հավեսով կծեց ու բեղերի վրա մարգարտաշար շոկոլադի հատիկներն էին ու իր քաղցր ժպիտը։
Այսօր մանավանդ, շատերը կհիշեն, կնկարագրեն Ֆրունզե Դովլաթյանին, կգնահատեն նրա իսկապես հրաշք ֆիլմերն ու անհատականությունը, հեռուստաընկերությունները գուցե ֆիլմերից ցուցադրեն, բայց ինձ համար նրա ժպիտն է՝ 90-ականների դժվար տարիներին ու Միկադոն ․․․ Էհ, դուք ինչպես, ես իջնեմ խանութ, տեսնեմ Միկադո կա, սիրտս ուզեց՝ Դովլաթյանի պես եմ կծելու 🙂
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը՝ մեր գլխավոր խմբագիրը։
Ահա և Ֆրունզե Դովլաթյանի մտքերից․ Մեր թատերարվեստը անհատականությունների պակաս շատ է զգում: Պատահական անձանց հոսքը թատրոն օրինաչափ է դարձել: Թվում է, թե չկան, չեն ծնվում: Մինչդեռ հաճախ հանդիպում են այլ մասնագիտության տեր մարդիկ, որոնք իրենց արտիստիկ խառնվածքով ու հարուստ ներաշխարհով ասես բեմի համար են ստեղծված: Բայց արի տես, որ «պատահականորեն» ոչ թե սրանք, այլ այն ապաշնորհն է ստացել բեմ բարձրանալու իրավունքը: Այնինչ լավ դերասանի կարիք ոչ միայն հայ թատրոնը, այլև հայ կինոն էլ ունի:
Բաց մի թողեք
Անշարժ գույք Ֆրանսիայում, 14 մլն եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալը
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում … Հասմիկ Պապյան․ Լուսանկար
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը. Լուսանկար