Մեկ տարուց ավելի իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վստահեցնում էին, թե իբր Սահմանադրությունը փոխելու մտադրությունը ոչ թե Ադրբեջանի նախագահի պահանջն է, այլ իրենց օրակարգն է, որի մասին հայտարարել են իշխանափոխությունից անմիջապես հետո։ Իսկ երեկ Փաշինյանը դրսից ժամանած հյուրերի առաջ խոստովանեց, որ Սահմանադրության փոփոխության պահանջը եկել է Ադրբեջանից։
Հրապարակ թերթը գրել է․ «Երեւանյան երկխոսություն» միջազգային դիվանագիտական համաժողովի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ եթե Հայաստանի ՍԴ-ն որոշի, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է` երկարատեւ խաղաղության համար:
Փաշինյանը, իհարկե, հղում անելով փորձագետներին, քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո, բայց, ինչպես Փաշինյանն ընդգծեց, «դատարանը դատարան է»․ «Եվ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այդ խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, ե՛ւ կփորձենք, ե՛ւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տեւական եւ երկարատեւ խաղաղության հասնելու համար»։
Փաշինյանի հայտարարությունը երեկ անգամ իր թիմի ներսում էին քննադատում՝ եթե հարցը ներքին օրակարգային է, ի՞նչ իմաստ ուներ նման հայտարարություն անելը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն աննախանձելի վիճակում է հայտնվել` մարտի 13-ին նա հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է` կողմերը համաձայնել են վերջին երկու վիճելի կետերի շուրջ, ապա պատրաստակամություն հայտնեց միակողմանի ստորագրել այն, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը՝ նոր պահանջներ առաջ մղելով, մասնավորապես՝ փոխել երկրի մայր օրենքը: Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում, եւ պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Հայաստանի եւ Ղարաբաղի միավորման մասին:
Իսկ Փաշինյանին օդուջրի պես պետք է, որ Բաքուն ստորագրի պայմանագիրը՝ մինչեւ խորհրդարանի ընտրություն` 26-ի ամառ, որպեսզի այն իր էլեկտորատին ներկայացնի որպես խաղաղության երաշխիք։
Ցույց տալու համար, որ Հայաստանը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, Փաշինյանը երեկվա հավաքին մանրամասն ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի որոշ դրույթներ՝ ընդգծելով, որ դրանք փարատում են Ադրբեջանի մտահոգությունները: Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթում, որպես կարեւորագույն սկզբունք, ներառված է Ալմա-Աթայի հռչակագիրը, որ արդեն իսկ անցյալ տարի Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, երբ ուսումնասիրում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:
«Համաձայն մեր Սահմանադրության՝ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, որը նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որեւէ հարեւանի նկատմամբ, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը նշանակում է, որ անկախ Հայաստանի եւ անկախ Ադրբեջանի տարածքը նույնն են, ինչ համապատասխանաբար խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի տարածքները»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց՝ «սա ամենը չէ»: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա, որով կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ վարչական սահմանները դառնում են անկախ պետությունների միջազգային սահմաններ, եւ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը: Նա տեքստի եւս 2 դրույթի մասին խոսեց. «Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որեւէ տարածքային պահանջ եւ ապագայում չեն ներկայացնելու նման պահանջներ: Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնեցրել են, որ չի կարող լինել որեւէ տարածքային պահանջ կողմերից մեկի կողմից՝ մյուսի նկատմամբ: Պայմանագրի տեքստում մեկ այլ կարեւոր դրույթ էլ կա, համաձայն որի՝ կողմերը չեն կարող ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում՝ խաղաղության պայմանագիրը չկատարելու համար»:
Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց՝ պայմանագրի վավերացումից ու նախագահի ստորագրումից հետո այդ փաստաթուղթը կդառնա ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթը Հայաստանում: Փաշինյանի այս հայտարարությունից անմիջապես հետո Ալիեւը երեկ կրկին Հայաստանն անվանեց «Արեւմտյան Ադրբեջան», «ադրբեջանական պատմական հողերի» մասին խոսեց եւ Երեւանից պահանջեց քննարկումներ սկսել ադրբեջանցիների վերադարձի շուրջ:
Բաց մի թողեք
Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են
Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ
Ինչ սպասել Հայ առաքելական եկեղեցուց՝ ի պատասխան Փաշինյանի հարձակումների